ՀՀ քաղաքացիություն ստանալու համար Սահմանադրության իմացությունն այլևս պարտադիր չի լինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 8, 2012 14:01
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2011 թ. դեկտեմբերի 8-ին ընդունվել է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտել 2012 թ. հունվարի 1-ից: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Կատարված փոփոխությունների արդյունքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմող ազգությամբ հայերին այլևս չի ներկայացվում ՀՀ Սահմանադրության իմացության պահանջ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների երեխաները այսուհետ ՀՀ քաղաքացիներ են համարվում սահմանված կարգով ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա:
ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու մասին քաղաքացու դիմումի մերժման հիմքերի շարքում նախկինում նախատեսված էին նաև պետության, ձեռնարկությունների, կազմակերպությունների կամ քաղաքացիների շահերի հետ կապված չկատարված պարտավորությունները. այժմ նշվածներից միայն պետության հանդեպ չկատարված պարտավորությունների առակայությունն է հանդիսանում ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դիմումի մերժման հիմք:






Facebook
Tweet This
Email This Post
