Բաքվում ցանկանում են նույնասեռականների շքերթ անցկացնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | February 8, 2012 12:17

«Եվրատեսիլի» նախօրեին նույնասեռականների շքերթ կազմակերպելու վերաբերյալ առաջարկը մեծ դիմադրության է հանդիպել:

Ադրբեջանում, որտեղ բնակչության մեծամասնությունը մահմեդականություն է դավանում, այս տարի Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի մրցույթի ընթացքում նույնասեռականների շքերթ անցկացնելու առաջարկությունը վրդովմունքի ալիք է բարձրացրել հասարակության պահպանողական ներկայացուցիչների շրջանում:

Գերմանական Դյուսելդորֆ քաղաքից ժամանած պատվիրակությունը հունվարի 25-ին Ադրբեջանին հանձնեց Բաքվի`այս տարի անցկացվելիք «Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթի մայրաքաղաքը հանդիսանալը խորհրդանշող հատուկ բանալին:

Այս տեսարժան մրցույթն անցկացնելը Ադրբեջանի միջազգային վարկանիշի համար կարեւոր նշանակություն ունեցող իրադարձություն է դիտվում, սակայն նույնասեռական ակտիվիստները մտահոգվում են, որ Բաքուն չի կարող անցկացնել «Եվրատեսիլը», որը նույնասեռական երկրպագուների ակտիվ բանակ ունի Արեւմտյան Եվրոպայում:

Անցյալ տարի Եվրոպայի նույնասեռականների ամենամեծ լրատվական ծառայությունը`«Pink News»-ը իր խորին մտահոգությունն էր արտահայտել Ադրբեջանում նույնասեռականների իրավունքների վիճակի վերաբերյալ`նշելով, որ այս տեսանկյունից երկիրն «ընդհանրապես անհարմար է» «Եվրատեսիլի» մրցույթն անցկացնելու համար:

Ի սկզբանե, նման շքերթ կազմակերպելու գաղափարը շրջանառության մեջ էր դրվել www.nighttours.com նույնասեռականների միջազգային կայքի կողմից, որն առաջարկում էր կազմակերպել շքերթը մարտի 22-26 ընկած ժամանակահատվածում`նախքան մայիսին կայանալիք մրցույթի եզրափակիչը, սակայն մի քանի օր անց կայքը հրաժարվեց իր առաջարկից:

Այդ օրվանից Facebook-ում այս նախաձեռնության դեմ ստեղծված էջին 113 մարդ է միացել, իսկ ադրբեջանցի նույնասեռականների համայնքի հասցեին մահվան սպառնալիք է հնչել:

Facebook-ում ստեղծված էջին միացած օգտատերերից մեկը`Ֆուադ Միրգուլամլին, պնդում է, որ սոցիալական ցանցում կազմակերպված նախաձեռնությունը հոմոֆոբիայի (նույնասեռականների դեմ խտրական վերաբերմունքի, վախի, զզվանքի) դրսեւորում չէ:

«Մենք ոչինչ չունենք նույնասեռականների դեմ, պարզապես չենք ուզում, որ այդ շքերթը Բաքվում անցկացվի: Ինչ ուզում եք`ասեք, բայց Բաքուն իսլամական մշակույթի կենտրոնն է: Սա դեմ է մեր մտածողությանը», – ասում է նա:

www.gay.az կայքի համահիմնադիր Ռուսլան Բալուխինը նշում է, որ տեսականորեն ադրբեջանցի նույնասեռականները կցանկանային շքերթին մասնակցել, սակայն ստեղծված իրավիճակում այս հարցն անգամ չի էլ քննարկվում:

«Շքերթը կազմակերպելու համար մեզ անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ: Ընդհանրապես, Բաքվում բնակվող նույնասեռականները եւ լեսբուհիները անգամ չեն էլ երազում ցույցեր կամ շքերթներ կազմակերպելու մասին», – ասաց նա IWPR-ին:

Չնայած ադրբեջանցի նույնասեռականների իրավապաշտպան ակտիվիստները ժխտում են որեւէ կապի առկայությունը շքերթն անցկացնելու առաջարկի հետ, Իման Մամեդով անունով մի մարդ էլեկտրոնային նամակ է ուղարկել www.gay.az կայքին`սպառնալով հաշվեհարդար տեսնել ադրբեջանցի նույնասեռականների հետ շքերթը կազմակերպելու դեպքում:

«Լուրեր են պտտվում, որ ձեր համայնքը ծրագրում է [հայհոյական արտահայտություն] տոնահանդես կազմակերպել «Եվրատեսիլ»-ի ժամանակ: Ուզում եմ նախազգուշացնել`եթե նման բան պատահի, բոլորիդ ջարդը կտանք», – գրել էր Մամեդովը:

Վերջինս նաեւ պնդել է, որ իրեն աջակցում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը, սակայն գերատեսչությունը հերքում է այս ամենը:

«Մենք չենք ճանաչում այդ Իման Մամեդովին, իսկ շքերթի կազմակերպման կամ դրա հետ կապված այլ հարցերը նախարարության լիազորությունների մեջ չեն մտնում», – հայտարարել է Մշակույթի նախարարության մամլո խոսնակ Զոհրա Ալիեւան:

Բաքվում բնակվող 19-ամյա նույնասեռականներից մեկն ասում է, որ մեծ հաճույքով կմասնակցեր շքերթին, սակայն նշում է, որ վախենում է սեփական անվտանգության համար`հավելելով, որ ադրբեջանցի նույնասեռականներից շատերը բացահայտում են իրենց սեռական կողմնորոշումը միայն այն ժամանակ, եթե ցանկանում են արտասահմանում ապաստան ստանալ:

«Եթե պարզապես քայլես փողոցով`ծիածանի գույներով դրոշը (գունավոր դրոշ, որը խորհրդանշում է խաղաղություն, հաճախ օգտագործվում է նաեւ որպես նույնասեռականների իրավունքների պաշտպանության խորհրդանիշ) ձեռքիդ, կարող ես հրաժեշտ տալ աշխատանքային կարիերային, ընտանիքիդ եւ նորմալ կյանքին: Անգամ եթե կառավարությունը թույլ տա անցկացնել շքերթը, միեւնույն է`մեր հոմոֆոբ հայրենակիցների նկատմամբ ունեցած վախը կպահպանվի», – ասաց նա IWPR-ին:

Բաքվից դուրս, սակայն, առնվազն մեկ ադրբեջանցի պաշտոնյա արդեն իսկ վստահեցրել է մրցույթի արտասահմանյան երկրպագուներին, որ «Եվրատեսիլը» չի անցկացվի նույնասեռականների նկատմամբ խտրականության մթնոլորտում:

Անցյալ տարի «The Times» թերթում նույնասեռականների իրավունքների վերաբերյալ արծարծվող մտահոգություններին ի պատասխան, Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Ֆահրադդին Գուրբանովը հայտարարել է, որ երկրի օրենսդրությունը սեռական փոքրամասնությունների նկատմամբ որեւէ խտրականություն չի սահմանում`հավելելով, որ Ադրբեջանը հաստատապես աշխարհիկ պետություն է, եւ «Եվրատեսիլ»-ի բոլոր երկրպագուները ջերմ ընդունելության կարժանանան այստեղ:

Իսկ Բաքվում պաշտոնյաները հայտարարել են, որ նույնասեռականների շքերթի մասին առաջարկը հաստատման լավ հնարավորություններ ունի:

«Եվրատեսիլ 2012»-ի աշխատանքային խմբի ղեկավար Ադիլ Քերիմլին «APA» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցում նշել է, որ շքերթները կարելի է ազատորեն կազմակերպել, եթե դրանք համապատասխանում են օրենքին:

«Եթե որեւէ մեկը ցանկանում է շքերթ կամ այլ զանգվածային միջոցառում կազմակերպել, ապա կարող է այդ անել`ենթարկվելով գործող օրենքներին եւ դիմելով համապատասխան մարմիններին», – ասում է Քերիմլին:

Սակայն ըստ Լեյլա Յունուսի, ով հանդիսանում է «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտ» հետազոտական կազմակերպության տնօրենը, շքերթների եւ ցույցերի թույլտվությունները հազվադեպ են տրամադրվում: Նրա խոսքերով`2005-ի նոյեմբերից ի վեր իշխանությունները որեւէ բողոքի ցույց անցկացնելու թույլտվություն չեն տվել: Թույլատրված վերջին ցույցը, որը կազմակերպվել էր խորհրդարանական ընտրություններում ենթադրվող խախտումների պատճառով, վատ ավարտ ունեցավ, երբ մահակներով եւ ջրանետներով զինված ոստիկանությունը ցրեց նստացույցը:

«Չթույլատրված ցույց կազմակերպելու բոլոր փորձերը հանգեցրել են մարմնական վնասվածքների եւ ձերբակալությունների, իսկ անազատության մեջ հայտնվածները դատապարտվել են 2-4 տարվա ազատազրկման», – ասում է Յունուսը:

«Եթե նույնասեռականների շքերթի կազմակերպման համար դիմում ներկայացվի, հավատացած եղեք, որ Բաքվի իշխանությունները կմերժեն այն, առանց որեւէ բացատրության եւ առանց անհանգստանալու, որ այսպիսով խախտում են սահմանադրությունը», – հավելում է նա:

 

Ալիյա Հախվերդի, Կովկաս

Կովկասյան լրատու # 628

Ալիյա Հախվերդին IWPR-ի կողմից վերապատրաստված ազատ լրագրող է Ադրբեջանում:

 

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply