Հարավային Օսիա. ընտրությունների հետ կապված քաշքշուկը շարունակվում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | February 8, 2012 12:15

Նախագահական ընտրությունների առաջատար թեկնածուն պնդում է, որ իշխանությունները «խաբել են» ընդդիմությանը նոր ընտրություններ անցկացնելու հնարավորություն ընձեռող համաձայնության հարցում:

Մինչ Հարավային Օսիան պատրաստվում է նոյեմբերին կայացած եւ վիճարկված նախագահական ընտրություններից հետո կրկին անցկացվելիք ընտրություններին, անցյալ քվեարկության արդյունքներով հաղթող ճանաչված թեկնածուն հրաժարվում է իշխանությունների հետ ձեռք բերված համաձայնությունից`ողջ գործընթացը կասկածի տակ դնելով:

Ալլա Ջիոեւան նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների հաղթող ճանաչվեց, սակայն քվեարկության արդյունքները չեղյալ հայտարարվեցին Մոսկվայի աջակցությունը վայելող նրա հակառակորդի ջանքերով:  Այս ամենից հետո, երբ Ջիոեւայի կողմնակիցները Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալում բողոքի ցույցեր կազմակերպեցին, վերջինս համաձայնության եկավ իշխանությունների հետ: Ջիոեւան տվեց իր համաձայնությունը մարտի 25-ին նոր ընտրությունների անցկացման վերաբերյալ, պայմանով, որ նախագահ Էդուարդ Կոկոյտին, ինչպես նաեւ գլխավոր դատախազ Թեյմուրազ Խուգաեւը եւ Գերագույն դատարանի նախագահ Ացամազ Բիչենովը հրաժարական տան:

Այս համաձայնության գործընթացում միջնորդի դերը ստանձնել էր Մոսկվան, որը 2008-ին վրաստանյան ագրեսիան ճնշելու նպատակով զորքեր ուղարկեց Հարավային Օսիա, իսկ այնուհետեւ ճանաչեց երկրամասի անկախությունը: Այլ պետությունների մեծամասնությունը հարում են Վրաստանի այն դիրքորոշմանը, որ Հարավային Օսիան պարզապես անջատողական տարածք է:

Նախագահ Կոկոյտին իսկապես հրաժարական տվեց, սակայն խորհրդարանում նրա կողմնակիցները հրաժարվեցին հաստատել երկու բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքից ազատելու առաջարկը:

Հունվարի 17-ին Ջիոեւան հայտարարեց, որ [իշխանությունների հետ] համաձայնությունն այլեւս չի գործում:

«Այն համաձայնությունը, որով ես հրաժարվեցի ընտրություններում տարած հաղթանակից, չի պահպանվել: Նախկին նախագահ Կոկոյտիի թիմի գլխավոր գործող անձինք աշխատանքից չեն հեռացվել, եւ ոչ ոք չի կասկածում, որ ինձ թույլ չի տրվի մասնակցել կրկին անցկացվող ընտրություններին», – հայտարարել է նա:

Ջիոեւայի խոսքերով, դեկտեմբերի 9-ին իշխանությունների հետ այս համաձայնագիրը ստորագրելիս, նա ստիպված է եղել զսպել իր`առավել ծայրահեղական դիրքորոշում ունեցող կողմնակիցներին, իսկ այժմ նա այլեւս չի պատրաստվում պատասխան տալ վերջիններիս կողմից նախաձեռնվող ցանկացած գործողության համար:

«Այն ժամանակ բազում ծայրահեղականներ կային, ովքեր փորձում էին ինձ համոզել, որ սխալ եմ գործում: Եւ նրանք հզոր փաստարկներ էին բերում`մեզ բազմիցս խաբել են, եւ դա կարող է կրկնվել: Այն ինչ կատարվեց, պարզ է բոլորի համար: Մեզ խաբեցին նույն ոճով», – հայտարարել է նա:

Այժմ Ջիոեւան պնդում է, որ ընտրություններում իր տարած հաղթանակը դեռեւս գործում է, հետեւաբար, նա պետք է նախագահ դառնա:

Հարավային Օսիայի կառավարության մամլո խոսնակը, ով հրաժարվեց ներկայանալ, մեղադրում է Ջիոեւային անկայուն իրավիճակ ստեղծելու մեջ:

«Նախագահը մեղք չունի, որ խորհրդարանը պաշտոնյաներին աշխատանքից ազատելու առաջարկին դեմ քվեարկեց, եւ վերջիններս պահպանեցին իրենց պաշտոնները: Հետեւաբար, համաձայնության պայմանները պետք է համարվեն իրագործված, իսկ Ջիոեւայի եւ ընդդիմության առարկություններն այս կապակցությամբ մտացածին են: Ջիոեւայի գործողությունները վնաս են հասցնում Հարավային Օսիայի պետականությանը», – ասաց կառավարության ներկայացուցիչը:

Վերլուծաբանների կանխատեսմամբ`Հարավային Օսիայում կարող են վերսկսվել բողոքի ցույցերը, եթե իշխանություններն ավելի լուրջ չվերաբերվեն Ջիոեւայի բողոքներին:

«Իրադրությունը կարող է կրկին սրվել, եթե բանակցություններ չսկսվեն: Այժմ իշխանություններին հարկավոր է կառուցողական երկխոսություն սկսել Ջիոեւայի հետ, հակառակ դեպքում, բողոքի ցույցերի նոր ալիք կսկսվի: Այնուամենայնիվ, այս անգամ ավելի քիչ մարդիկ դուրս կգան փողոց, քան դեկտեմբերի բողոքի ցույցերի ժամանակ: Մարդիկ պատրաստվում են նոր ընտրություններին», – ասում է «Հարավային Օսիա» թերթի քաղաքական մեկնաբան Յուրի Վազագովը:

Մինչ Հարավային Օսիայում ընտրությունները կարգավորող կառույցը պատրաստվում է մարտին կայանալիք ընտրություններին եւ ընդունում առաջադրվող թեկնածուների դիմումները, ընդդիմության շարքերում հակասություններ են նկատվում ընտրությունները բոյկոտելու հարցի վերաբերյալ:

Ջիոեւայի կողմնակիցներից շատերը դժգոհ էին դեկտեմբերին նրա եւ իշխանությունների միջեւ կնքված համաձայնությունից, եւ չեն սատարի նոր բողոքի ցույցերին, մինչդեռ որոշ ընդդիմադիր գործիչներ որոշել են սեփական թեկնածությունն առաջադրել գալիք ընտրություններին:

Նոյեմբերի ընտրությունների ժամանակ Ջիոեւայի ամենամերձավոր դաշնակիցներից մեկը`Սերգեյ Զասսեեւը, իր թեկնածությունն է առաջադրել մարտին անցկացվելիք ընտրություններին`դրանք համարելով «երկրորդ հնարավորություն»:

«Սա ոչ միայն մասնակցության, այլ նաեւ ընտրություններին հաղթելու հնարավորություն է», – համոզված է նա:

Մյուս հնարավոր թեկնածուն «Առա~ջ, Օսիա» շարժման առաջնորդ Զուրաբ Բազզաեւն է: Այս շարժումը նորաստեղծ «Հայրենասիրական ուժերի կոալիցիայի» մասն է կազմում, որը, Բազզաեւի խոսքերով, կոչված է «միավորել ընտրազանգվածը»:

«Երբ մենք ստեղծեցինք այս դաշինքը, Ալլա Ջիոեւան առաջինն էր, ում ասվեց այդ մասին: Նոր ընտրարշավը սկսվել էր, մենք վստահ էինք, որ հասարակությունը բաժան-բաժան էր եղած եւ համոզված չէր, որ ընտրություններն արդար կլինեն:  Իրադրությունը բարդ է: Քաղաքական քաոս է տիրում, այդ պատճառով էլ որոշեցինք ստեղծել այս դաշինքը», – նշում է նա:

Բազզաեւի կարծիքով`քաղաքական ճգնաժամի մեղավորը Կոկոյտին է, սակայն նա նաեւ մեղադրում է Ջիոեւային իր իսկ կնքած համաձայնությունից հրաժարվելու համար:

«Մարտին կայանալիք ընտրությունների օրինականությունը ժխտելը եւ դրանց մասնակցությունից հրաժարվելը լավագույն լուծումը չէ: Բոյկոտելը սխալ կլինի», – եզրակացրել է նա:

 

Գանա Յանովսկայա, Կովկաս

Կովկասյան լրատու # 627

Գանա Յանովսկայան IWPR-ի կողմից վերապատրաստված լրագրող է Հարավային Օսիայում:

 

Դիտվել է 1103 անգամ:
Print Friendly

Leave a Reply