Ի՞նչ մեքենաներով են շրջում մեր նախարարները և ինչքա՞ն փող են ծախսում դրանց վրա

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 7, 2012 18:59

Panorama.am-ը հարցմամբ դիմել էր գերատեսչություններին` պարզելու, թե հարկատուներիս հաշվին մեր նախարարները ի՞նչ մեքենաներով են ի պաշտոնե շրջում, որքա՞ն գումարով են դրանք ձեռք բերվել և որքա՞ն գումար է տարեկան պետական բյուջեից հատկացվում դրանց պահպանման ծախսերը հոգալու համար:

Հետաքրքրվել էինք նաև, թե քանի ոչ ռուսական արտադրության մեքենա կա յուրաքանչյուրի հաշվեկշռում:
Նշենք, որ ՀՀ պետական մարմինների, պետական հիմնարկների և ՊՈԱԿ-ների ծառայողական ավտոմեքենաների առանձին չափորոշիչները ամրագրված են Կառավարության 2008 թ. 24 հուլիսի N 830-Ն որոշմամբ, որն էլ սահմանում է պետական այրերին ըստ խմբերի ու ըստ այդմ էլ սահմանում ավտոմեքենաների չափորոշիչները:

Արտաքին գործերի նախարարություն
ՀՀ ԱԳՆ հաշվեկշռում հաշվառված է ոչ ռուսական արտադրության 17 ավտոմեքենա, որից 7-ը ձեռք է բերվել պետական բյուջեի միջոցներից: Նախարար Էդվարդ Նալբանդյանին սպասարկող մեքենան է 2006թ. թողարկման Mersedes Benc S530, որը ձեռք է բերվել 34 մլն 672.8 դրամով: Արտգործնախարարի չորս տեղակալներին սպասարկում են նույն` BMW 523i մակնիշի ավտոմեքենաները, որոնց ձեռք բերման արժեքը տարբերվում է տարեթվերի հետևանքով. երեքը 2006թ արտադրության են` 17 մլն 160 հազար,16 մլն 680 հազար և 16 մլն 440 հազար դրամ արժողությամբ, իսկ նախարարի տեղակալներից մեկը, անունը, ցավոք, նշված չէ, սպասարկվում է բոլորովին թարմ` 2011թ-ի արտադրության BMW 523i-ով, որը ձեռք է բերվել 22 մլն 800 հազար դրամով: Ինչ մնում է ԱԳՆ աշխատակազմի ղեկավարին, ապա վերջինս սպասարկվում է այս ցուցակում ամենահին տարեթվի` 2003թ-ի արտադրության AUDI A6-ով, որից, սակայն, ձեռք բերման արժեքը ամենևին էլ չի տուժել. մեքենան նախարարությունը ձեռք է բերել 25 մլն 785.4 դրամով:
Ինչ վերաբերում է գերատեսչության ավտոպարկը սպասարկելու ծախսերին, ապա 2008թ-ին պետական բյուջեով ավտոմեքենաների տարեկան սպասարկման և վառելիքի համար հատկացվել է 20 մլն 155.1, 2009-ին` 19 մլն 024.0, 2010թ-ին 19 մլն 024.0 և 2011-ին 19 մլն 024.0 դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Այս նախարարության հաշվեկշռում առկա են թվով 13 ավտոմեքենաներ, որոնցից 4-ը` ոչ ռուսական արտադրության:
Նախարար Արթուր Գրիգորյանին սպասարկում է 2011թ-ի արտադրության Hyundai Sonata ավտոմեքենան, որը ձեռք բերելու համար պետական բյուջեից հատկացվել է 12 մլն 490 հազար դրամ. անցյալ տարվա ընթացքում մեքենայի պահպանման ու վառելիքի համար նախարարությունը ծախսել է ընդամենը 1 մլն 200 հազար դրամ գումար:
Նախարարի երկու տեղակալները ևս նույն մակնիշի ավտոմեքենաներով են սպասարկվում, երկուսն էլ 2007թ-ի արտադրության, որոնք ձեռք են բերվել ամենքը 8 մլն 500 հազար դրամով և անցյալ տարվա ընթացքում ծախսը դրանց վրա կազմել է դարձյալ 1 մլն 200 հազար դրամ: Նախորդ երկու տարիներին` 2010թ-ին և 2009թ-ին նախարարի տեղակալների ավտոպարկի պահպանման ծախսերը տարեկան 600 հազար են ընդամենը եղել, իսկ 2008թ-ին` դարձյալ 1 մլն 200 հազար դրամ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի երրորդ տեղակալին սպասարկում է 2004թ-ի արտադրության Պեժո 406 ավտոմեքենան, որը ձեռք է բերվել 10 մլն 366.8 դրամով , դե իսկ անցյալ տարիների պահպանման ծախսը եղելէ նույնը, ինչ նախորդ երկուսի պարագայում: Վերջին` չորրորդ տեղակալին էլ սպասարկում է 2006թ-ի արտադրության ԳԱԶ 31105-120-ը, որը ձեռք է բերվել 4 մլն 240 հազարով:
Ինչ վերաբերում է աշխատակազմի ղեկավարին, ապա այս պաշտոնյայի համար ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով պետմիջոցներ չեն հատկացվել, քանի որ նրան սպասարկող 2004թ-ի «Նիվա Շևրոլետ» մեքենան տրամադրվել է Գերմանական տեխնիկական աջակցության ծրագրի կողմից նվիրատվության կարգով:

Կրթության և գիտության նախարարություն
Նախարար Արմեն Աշոտյանին սպասարկում է 2009թ. արտադրության Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենան, որը ձեռք է բերվել 30 մլն 390 հազար դրամով, սակայն, ըստ մեզ ուղարկած պատասխանի` մեքենան ձեռք է բերվել «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲ ընկերության միջոցներով և հենց այս ընկերության հաշվեկշռում էլ գտնվում է:
Կոնկրետ ԿԳՆ հաշվեկշռում կա ոչ ռուսական արտադրության չորս տրանսպորտային միջոց, որոնք սպասարկում են ԿԳ նախարարի տեղակալին, աշխատակազմի ղեկավարին և երկու առանձնացված ստորաբաժանման ղեկավարներին: Այդպես, նախարարի տեղակալ Մ.Մկրտչյանին սպասարկում է 1999թ-ի Subaru Forester մեքենան, որը ձեռք է բերվել 5 մլն դրամով: Մյուս տեղակալ Կարինե Հարությունյանին էլ սպասարկում է 2004թ-ի արտադրության ԳԱԶ XTN 31105-195 մակնիշի մեքենան. այն ձեռք է բերվել 3 մլն 500 հազար դրամով:
Ինչ վերաբերում է ծախսին, ապա 2008թ-ին մեկ մեքենայի հաշվով նախարարությունը տարեկան սպասարկման համար նախատեսել է 188 հազար դրամ, իսկ վառելիքի համար 1 մլն դրամ, 2009-ին և 2010թթ-ին `համապատասխանաբար 127 հազար և 94 հազար սպասարկման և 580 հազար և 452 հազար դրամ վառելիքի համար: Անցյալ տարի հատկացված գումարը կազմել է 239 հազար սպասարկման և 950 հազար դրամ վառելիքի համար:

(շարունակելի)

 

Դիտվել է 1352 անգամ:
Print Friendly

Leave a Reply