Հարկային օրենսդրության փոփոխությունները քննարկվեցին ժամանակակից տեխնոլոգիաներով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 7, 2012 19:03

«2012 թվականից կիրառվող հարկային օրենսդրության փոփոխությունները որքանո՞վ են նպաստում ապրանքների վաճառքի և ծառայությունների մատուցման (այդ թվում` էլեկտրոնային եղանակներով) խթանմանը»: Հարցն այսօր քննարկվեց՝  Ազգային համագործակցություն» հիմնադրամի հանրության հետ կապերի համացանցային ակումբի և ՀՀ Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կոլեգիայի նախաձեռնությամբ:

Քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, ով կարևորեց վերջին վեց ամսում վարչարարական բարեփոխումների վերաբերյալ ոչ միայն առանձին հարկ վճարողների, այլ նաև ՀԿ-ների և անկախ փարձագետների գնահատականները:

Նա մեկ անգամ ևս հանրությանը կոչ արեց իրազեկվել փոփոխություններին և օր առաջ կիրառել դրանք: Նաև նշեց, որ օրենսդրական փոփոխությունները մի քանի նպատակ են հետապնդել՝ պետական բյուջե համապատասախան եկամուտներ ապահովելը,  խոշոր հարկատուների համար որոշակի պատասխանատվություններ սահմանելը, պատժամիջոցներ կիրառելը և այլն: «Փորձել ենք այնպես անել, որ այս փոփոխությունները հնարավորինս չառնչվեն փոքր բիզնեսին»,-ասաց նա:

«Ազգային համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Արշակ Սադոյանն էլ նկատեց, որ Հայաստանը, բոլոր պայմաններն ունենալով, ցավոք սրտի, դեռ իր տեղը չի գտել համացանցային առևտրում. «Համացանցային հնարավորություններն օգտագործելով՝ մենք փորձում ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի կարողանանք մեր ժողովրդի զգալի մասին և առաջին հերթին գործարար աշխարհի ներկայացուցիչներին մասնակից դարձնել հանրային կյանքի կարգավորման կառավարման գործընթացին»,-ասաց նա՝ ողջունելով ՊԵԿ-ի ընդունած որոշումը հարկային համակարգերի փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև բարձր գնահատականը՝ էլեկտրոնային համակարգերի ընդունման գործընթացի առումով:

Քննարկմանը ներկա էին նաև տարբեր ՍՊԸ-ների, ՀԿ-ների և աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալին:

Ի դեպ, քննարկման ձևաչափի մեջ նորույթ կար. քննարկմանը կարելի էր հետևել ոչ միայն դահլիճում, այլև համացանցային ուղիղ կապի միջոցով, իսկ մասնակցել և հարցեր ուղղել ցանկանալու դեպքում՝ կապ հաստատել Skype-ով: Քննարկման ընթացքում մեկ հարց հնչեց հենց Skype-ի միջոցով:

Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը, ով ևս ներկա էր քննարկմանը, «Անկախ»-ի հետ զրույցում կարևորեց քննարկման նոր ձևը՝ այն համարելով օգտակար և կառուցողական: «Կարծում եմ՝ այս ձևաչափով քննարկումներ այլ խնդիրների վերաբերյալ ևս կարելի է կազմակերպել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է քննարկվող հարցին, Հարությունյանը նշեց, որ հնչած կարծիքներն ու հարցադրումները ոչ միայն արդյունավետ էին, այլև շատերի համար՝ նորույթ:

 

Դիտվել է 937 անգամ:
Print Friendly

Leave a Reply