Կոնգրեսի ցուցակն ու Պուտինը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 7, 2012 18:52

Պարզվեց, որ Ս.Դ.Հ.Կ.-ն, որը ռուսաստանահայերին գրեթե աղիողորմ կոչ էր արել ՌԴ նախագահի ընտրությանը քվեարկել Պուտինի օգտին եւ դրանով իսկ օգնել նաեւ Հայաստանին, դա այն ՍԴՀԿ-ն է, որը անդամակցում է Հայ ազգային կոնգրեսին եւ որի ղեկավար է համարվում Լյուդմիլա Սարգսյանը:

Ահա այդ կուսակցությունը, որը այսպես ասած պայքարում է Հայաստանի ժողովրդավարության համար եւ հանդիսանում է այսպես ասած ավանդական հայկական կուսակցություններից մեկը, ռուսաստանահայերին կոչ է անում քվեարկել Պուտինի օգտին եւ գիտակցել, որ դրանով օգնում են Մայր Հայրենիքին:

Սակայն, ըստ երեւույթին Ս.Դ.Հ.Կ-ն տվյալ պարագայում ոչ այնքան Մայր Հայրենիքին, որքան ինքզինքը օգնելու համար է մտածում: Բանն այն է, որ օրերս մամուլում տեղեկություն հրապարակվեց, որ Լյուդմիլա Սարգսյանը Հայ ազգային կոնգրեսի համամասնական ընտրացուցակում առնվազն երեք անցողիկ տեղ է ուզում իր կուսակցության համար:

Ըստ երեւույթին, Լյուդմիլա Սարգսյանին այդ անցողիկ տեղերը չեն տրվում, կամ չեն տրվում այնքան, որքան ինքը կուզենար: Եվ ահա նա երեւի թե որոշել է դիմել Պուտինի օգնությանը, ակնկալելով, որ ՌԴ վարչապետը կարող է գնահատել ռուսաստանահայերին ուղղված կուսակցական կոչը եւ արձագանքել:

Օրինակ, Պուտինը կարող է չէ՞ ասել. “Այդ ի՞նչ կուսակցություն է, որ ռուսաստանահայերին կոչ է արել ընտրել ինձ: Մի՞թե Արա Աբրահամյանը կուսակցություն էլ ունի: Չունի՞: Բա էլ ո՞վ է ինձ քվեարկելու կոչ անում: Լյուդմիլա՞ն: Կի՞նս: Ո՞չ: Ուրիշ Լյուդմիլա էլ կա՞: Սարգսյա՞ն: Բայց մի՞թե Սարգսյանը Սերժ չէր: Լյուդմիլա՞ էլ կա: Փաստորեն ուրիշ Լյուդմիլա էլ կա եւ ուրիշ Սարգսյան էլ կա: Հետաքրքիր է: Ի՞նչ է անում ուրիշ Լյուդմիլա ուրիշ Սարգսյանը: Կոնգրեսի անդա՞մ է: Կոնգրեսի՞: Այսինքն սա կոչ է ռուսաստանահայերին ԱՄՆ-ի՞ց: Ինչպես թե, խոսքը ԱՄՆ Կոնգրեսի մասին չէ՞: Ուրեմն ուրիշ Կոնգրես էլ կա՞: Հետաքրքիր է՝ ուրիշ Լյուդմիլա, ուրիշ Սարգսյան, ուրիշ Կոնգրես”, կասի երեւի Պուտինը իր օգնականի հետ զրույցում:

Հետո նա բնականաբար կհետաքրքրվի, թե ինչ խնդիր ունի Լյուդմիլան Կոնգրեսում: Ու քանի որ նախընտրական շրջանում Պուտինն իր բոլոր կողմնակիցների խնդիրները լուծում է, միգուցե լուծի նաեւ Լյուդմիլա Սարգսյանի անցողիկ տեղերի խնդիրը, իր օգնականին հորդորելով կապվել Կոնգրեսի հետ եւ հորդորել, որ դրական լուծվի Լյուդմիլային անցողիկ տեղեր տալու հարցը:

Ինչ կանի Կոնգրեսն այդ դեպքում: Եթե իրադարձություններն այդպիսի ընթացք ստանան, ապա Կոնգրեսը բնականաբար նախ եւ առաջ պետք է քննարկի Պուտինի օգնականի հետ, թե իսկ ընդհանրապես քանի տեղ է Կոնգրեսի ցուցակից լինելու անցողիկ: Մինչեւ դա հստակ չլինի, ինչպես է հնարավոր որեւէ մի կուսակցության անցողիկ տեղեր տալ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

lragir.am

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply