Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | February 7, 2012 18:06

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ասիական Զարգացման Բանկի ներկայացուցիչները քննարկել են «Քաղաքաքային կայուն զարգացման» ծրագրի ընթացիկ հարցերը, որոնք մասնավորապես վերաբերում են Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխմանն ուղղված ճանապարհաշինական ծրագրի առաջին փուլին։  Այն ներառում է Արգավանդի տրանսպորտային հանգույցից Շիրակի փողոց և Արշակունյաց-Շիրակի փողոցներից Արտաշատի խճուղի ուղղությունների շինարարությունը:

Արդյունավետ գնահատելով համագործակցությունը Ասիական զարգացման Բանկի հետ՝ քաղաքապետը նշել է, որ մեծ կարևորություն է տալիս մասնավորապես ճանապարհաշինական ծրագրերին, որոնք ուղղված են Երևան համայնքի տրանսպորտային համակարգի բարեփոխումներին: «Մեզ համար առաջնային խնդիրը ճանապարհաշինության աշխատանքները օր առաջ սկսելն է և մեր ամենամեծ խնդրանքն է, որ դուք հնարավոր բոլոր միջոցները գործադրեք աշխատանքները հնարավորինս շուտ սկսելու համար»,- շեշտել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Քաղաքաքային կայուն զարգացման» ծրագրի ղեկավար Առնո Դոֆինը ևս կարևորել է Ասիական Զարգացման Բանկի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը՝ նշելով, որ ծրագրի շրջանակում շատ արդյունավետորեն են աշխատել քաղաքապետարանի աշխատակազմի հետ և  հույս է հայտնել, որ ծրագրի հետագա իրականացումը ևս հաջող ընթացք կունենա:

Կողմերը պայմանավորվել են նախապատրաստական աշխատանքները և փաստաթղթային ձևակերպումները իրականացնել նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ մինչև տարեվերջ շինարարիների մրցույթային ընտրության գործընթացն սկսելու ակնկալիքով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ծրագրի ղեկավար Առնո Դոֆինը քննարկել են նաև համագործակցության այլ խնդիրներ՝ բանկի աջակցությամբ իրականացվելիք քաղաքային տնտեսության առաջնահերթությունների վերաբերյալ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 858 անգամ:
Print Friendly

Leave a Reply