Գալուստ Սահակյանը՝ ԲՀԿ-ի բոյկոտի, երշիկի ու ստամոքսի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 7, 2012 16:17

ԱԺ աշխատանքները բոյկոտելու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քայլը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ցավով չի ընդունել: Լրագրողների հարցին, թե արդյո՞ք դա չի խաթարում կոալիցիայի գործունեությանը և չի ենթադրում որ կոալիցիան ճաքեր է տալիս, նա պատասխանեց. «Կոալիցիան ճաքեր է տալիս ենթադրությունը կարելի է տեսնել հանգերի մեջ՝ որպես գեղեցիկ խոսք,-ասաց նա,-ես կարծում եմ, որ մեր գործընկերը հրապարակային վեճ ունի, և ոչ թե մատնանշում է վեճը մեզ հետ, այլ ընդհանրապես իրենց վիրավորվածությունն են հայտնում խորհրդարանի վերաբերմունքից և ոչ թե Հանրապետականից։ ԲՀԿ–ի այս դրսևորումը երբեք ու երբեք ես չեմ մտածում, որ ՀՀԿ–ի դեմ է»։

Այնուամենայնիվ, Գալուստ Սահակյանին անհասկանալի է մնացել, թե ինչու կոալիցիոն գործընկերներն, առանց իրենց հետ նախապես խորհրդակցելու, բոյկոտեցին օրինագծի ընդունումը:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը ԲՀԿ-ի քայլի վերաբերյալ մի հետաքրքիր համեմատություն էլ արեց: Նա, հիշելով 1990-ականները, նշեց, որ այդ ժամանակ ժողովուրդը երշիկի ու ստամոքսի մասին չէր մտածում, փոխարենը լուրջ գաղափարների համար էր պայքարում, իսկ այժմ իրավիճակը հակառակն է. «Ժողովրդի պահանջը երշիկն ու ստամոքսն է, և որոշակի քաղաքական ուժեր իշխանության գալու նպատակով դա են հիշում»,-ասաց նա:

Սահակյանի կարծիքով, դեռ կարելի է շտկել իրավիճակը և օրինագծի լրամշակված տարբերակը բերել խորհրդարան։ Ըստ նրա, ԲՀԿ–ի միակ մեկնաբանությունն այն է, որ օրինագիծը ժամանակավրեպ է. «Բայց կոռուպցիայի դեմ պայքարն ամեն օր է, ամեն րոպե և ամեն ժամ»,-ասաց նա:

 

Դիտվել է 1348 անգամ:
Print Friendly

Leave a Reply