Հայտնի են մարդահամարի նախնական օպերատիվ արդյունքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 7, 2012 14:43

Հայաստանում 2011թ. մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշների համաձայն` հաշվեգրվել է 3 միլիոն 285 հազար 767 մարդ: Առկա բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 2 միլիոն 871 հազար 509  մարդ: «Արմենպրես-ի հաղորդմամբ, այս մասին փետրվարի 7-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:

Նրա խոսքով` մշտական բնակչության թվաքանակը կստացվի բոլոր հարցաթերթիկների կոդավորման, մուտքագրման եւ ծրագրային մշակման արդյունքում, ինչը նախատեսվում է ավարտել 2012 թ. հոկտեմբերին:

ՀՀ 2011 թվականի մարդահամարի նախնական օպերատիվ ցուցանիշները ամփոփվել են մարդահամարի նպատակով ձեւավորված 11 հազար 548 հաշվային տեղամասերի ամփոփ տեղեկագրերի հիման վրա` 2243  հրահանգչական տեղամասերի, 182  մարդահամարի տեղամասերի եւ 10 մարզային գործակալությունների կողմից կազմված ամփոփ տեղեկագրերով:

Մնացականյանը նշեց, որ ավելացվել են նաեւ ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, պաշտպանության նախարարությունների, կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության կողմից հատուկ կարգով հաշվառված անձանց վերաբերյալ ամփոփ տվյալները:

Ստեփան Մնացականյանի գնահատմամբ` մարդահամարի վերջնական արդյունքները շատ քիչ կտարբերվեն օպերատիվ ցուցանիշերից:

Վերջին մարդահամարի ընթացքում, որն անցկացվել էր 2001 թվականին, հաշվեգրված բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը կազմել է 3 միլիոն 458 հազար 303 մարդ, իսկ առկա բնակչության նախնական օպերատիվ ցուցանիշը` 3 միլիոն 002 հազար 598 մարդ:

 

Դիտվել է 1390 անգամ:
Print Friendly

Leave a Reply