Քաղաքացիների 34 %-ը ձայնը կտար ՀՀԿ-ին, 21 %-ը` ԲՀԿ-ին, 13 %-ը` ՀԱԿ-ին. Հարցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 7, 2012 14:07

Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը մշակել, պլանավորել և իրականացրել է նախընտրական հետազոտություն: Կենտրոնից տեղեկացնում են, որ հետազոտությունը ներառում է երեք տեսակ հարցումներ, որոնք իրականացվել են ՀՀ քաղաքացի և ընտրելու իրավունք ունեցող Երևան քաղաքի և ՀՀ մարզերի 1200 բնակիչների շրջանում` անանուն սկզբունքով և սեռական պատկանելիության համամասնության առավելագույն ապահովմամբ (իգական/արական – 48/52 %` համապատասխանաբար):

Կենտրոնից նշում են, որ հաշվի առնելով հարցումների իրականացման և հարցումներից ստացված արդյունքների վերլուծության արդյունավետության ապահովման խնդիրը, ինչպես նաև հանրային տրամադրություններն ու գործող կուսակցությունների վերաբերյալ տեղեկատվական ծածկույթի չափը, հարցումներում հիշատակվել են միայն ՀՀ խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունները`Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան», Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Օրինաց Երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները, ինչպես նաև Ժողովրդական կուսակցությունը և Հայ ազգային կոնգրեսը:

Քաղաքացիներին առաջարկված առաջին հարցը եղել է հետևյալը` ինչպիսի՞ վերաբերմունք ունեն կուսակցության հանդեպ` ջերմ, սառը, թե չեզոք, քաղաքացիները ՀՀԿ-ն առավելագույն 100 միավորից ստացել է 65, ԲՀԿ-ն` 52, ՀՅԴ-ն` 28, ՕԵԿ-ը` 20, Ժառանգությունը` 44, Ժողովրդական կուսակցությունը` 3, ՀԱԿ-ը` 51 միավոր:

Գործունեության գնահատականի մասին հարցին ի պատասխան քաղաքացիները` ՀՀԿ-ին 10 առավելագույն միավորից տվել են 6 միավոր, ԲՀԿ-ին` 3, ՀՅԴ-ին` 1, ՕԵԿ-ին` 1, Ժառանգությանը` 3, Ժողովրդական կուսակցությանը` 1, ՀԱԿ-ին` 3 միավոր:

«Եթե ընտրություններն անցկացվեին հարցման ժամանակ Ձեր ձայնը ո՞ւմ կտայիք» հարցին` հարցվողների 34 %-ը պատասխանել է` ՀՀԿ-ին, 21 %-ը` ԲՀԿ-ին, 3 %-ը` ՀՅԴ-ին, 2 %-ը` ՕԵԿ-ին, 7%-ը` Ժառանգությանը և 13 %-ը` ՀԱԿ-ին. Ժողովրդական կուսակցությունը` 0 %, և 20 %-ը` չի կողմնորոշվել:

Կենտրոնից տեղեկացնում են, որ առաջին հարցի մեթոդաբանությունը կիրառվել է «Ամերիկյան ազգային ընտրությունների հետազոտություններում» (ANES – American National Election Studies), երկրորդինը` «Ընտրական համակարգերի համեմատական հետազոտությունում» (CSES – Comparative Study of Electoral Systems), երրորդինը` հոլանդական բոլոր ազգային ընտրությունների հետազոտություններում` սկսած 1982 թվականից և Եվրոպայում բազմաթիվ ընտրությունների հետազոտություններում, ներառյալ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում ու Իսպանիայում:

Կենտրոնը ևս 2 նմանատիպ հարցում է իրականացնելու մինչև գալիք խորհրդարանական ընտրությունները:

Panorama.am

Դիտվել է 1177 անգամ:
Print Friendly

Leave a Reply