«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի Կենտրոն կայանն ամբողջությամբ արդիականացվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 7, 2012 17:30

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այցելել են Երևանի քաղաքապետարանի  «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի Կենտրոն կայան և ծանոթացել 2011 թվականի ընթացքում կատարված արդիականացման ծրագրի աշխատանքների արդյունքներին: Քաղաքապետն ու նախարարը նախ ծանոթացել են մեքենաների պարկին, որից հետո նրանց ներկայացվել է գծային և վերակենդանացման համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած և ամբողջովին նորացված մեքենաների աշխատանքային հնարավորությունները:

«Շտապօգնության ծառայության սպասարկման որակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է և մենք շարունակելու ենք այս օղակում բարելավման ու արդիականացման աշխատանքները: Վստահ եմ, ակտիվորեն համագործակցելով արտակարգ իրավիճակների նախարարության հետ, մենք էլ ավելի արդյունավետ կդարձնենք այս օղակի աշխատանքը»,-նշել է քաղաքապետը:

Այնուհետ Տարոն Մարգարյանն ու Արմեն Երիցյանը շրջել են կայանի ամբողջությամբ վերանորոգված և վերազինված սենյակներով: Այստեղ հյուրերին ծանոթացրել են «1-03» օպերատիվ ծառայության արդիականացման ուղղությամբ արդեն ձեռնարկված ու կիրառվող ժամանակակից հնարավորություններին, այդ թվում շտապօգնության մեքենաներում GPS համակարգի տեղադրման, դրանց տեղաշարժի առցանց վերահսկման, ինչպես նաև շտապբուժօգնության ծառայության և ենթակայանների միջև համակարգչային կապի ապահովման ծրագրերին:  Նշվել է նաև, որ վերջին մեկ տարվա ընթացքում բուժանձնակազմի ավելի քան 400 աշխատակիցներ, այդ թվում բժիշկներ, բուժքույրեր, վարորդներ ու կարգավարներ, անցել են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ: Բուժանձնակազմն ապահոված է նաև  ձմեռային և ամառային հատուկ համազգեստներով:

Քաղաքացիների կանչերի արագ սպասարկման նպատակով, վերջերս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շտապօգնության ծառայության հենակետային կայաններ բացվեցին նաև Ավան և Նուբարաշեն վարչական շրջաններում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1324 անգամ:
Print Friendly

Leave a Reply