«Թումանյանի ընտանիքի կյանքի էջերից». բանաստեղծը երազել է ունենալ 100 թոռ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | September 25, 2009 17:13

Հովհաննես Թումանյանի թոռան՝ Իրմա Սաֆրազբեկյանի գիրքը պապի ընտանեկան կյանքի մասին է

Հովհաննես Թումանյանը մեծ գրող է, հրապարակախոս,  սակայն իր թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը «Թումանյանի ընտանիքի կյանքի էջերից» գրքում նրան ներկայացրել է որպես հայր, ամուսին և պապ:

500 տպաքանակով այս գրքում ներկայացված է Թումանյանի բազմանդամ ընտանիքի պատմությունն ու նկարագրությունը, որոնք հիմնված են հուշերի, նամակների, բանաստեղծի ընտանիքի անդամների օրագրային գրառումների վրա:

«Ես ներկայացրել եմ Թումանյանի ընտանեկան աշխարհը. երբեմն, երբ տանը ոչինչ չէր գտնում, Թումանյանը լոլիկը կտրատում էր և ձվով եփում,  երբեմն հոգնած վերադառնում էր ու փորձում իր ընտանիքի անդամների հետ կիսվել, հանգստանալ»,-ասում է Թումանյանի թոռնուհին` Իրմա Սաֆրազբեկյանը:

Գրքում ներկայացված են Նվարդ, Օլգա, Աշխեն Թումանյանների հուշերը: Գիրքը  պայմանականորեն բաժանված է երկու մասի. առաջին մասում ներկայացվում է Թումանայի ընտանիքը` իր կենցաղով, բարքերով, հիշարժան իրադարձություններով,  Թումանյանին հյուընկալված նշանավոր մարդկանցով, իսկ երկրորդ մասը նվիրված է Թումանյանի զավակների պատմությանը. 10 երեխա ուներ Թումանյանը և, ինչպես իր թոռնուհին է ասում, նրանցից յուրաքանչյուրն իր տեղն ուներ Թումանյանի սրտում:«Թումանյանը երազում էր ունենալ 100 թոռ, մեծ տուն՝ քաղաքից դուրս, որտեղ հավաքվեին Թումանյանները, սիրում էր հատկապես Լոռին»,-ասում է Սաֆրազբեկյանը:

Նախկին կրթության և գիտության նախարար Սերգո Երիցյանն ասաց, որ Թումանյանի զավակներն ու թոռները չէին կարող սովորական ճակատագիր ունենալ, և նրանց մասին պետք է գրվեր:

«Սիրում էինք պապիս տունը, գնում էինք նրա սենյակ, օգտվում նրա ափսեներից, կարդում նրա կարդացած գրքերը, պառկում նրա բազկաթոռին և զգում նրա ներկայությունը»,-հիշում է հեղինակը:

Դիտվել է 6202 անգամ:
Print Friendly

Leave a Reply