ԲՀԿ-ն տապալեց կառավարության ներկայացրած օրինագծի ընդունումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 6, 2012 16:04

Այսօր մեկնարկած ԱԺ չորրորդ գումարման 11-րդ նստաշրջանում ձախողվեց կառավարության ներկայացրած «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» փաթեթի ընդունումը. օրինագծի քվեարկությունը բոյկոտեց ԲՀԿ-ն:

Նշենք, որ այս օրինագծով առաջարկվում է 3 միլիոն դրամից ավել ձեռքբերումները թափանցիկ և բանկային համակարգի միջոցով դարձնել։

Օրինագծին կողմ քվեարկեց 51 հոգի, դեմ` 0, ձեռնպահ` 10:

Երբ օրինագծի ընդունումը տապալվեց, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, թե պատգամավորների կոճակները չեն աշխատում, և օրինագիծը դրվեց վերաքվեարկության: Սակայն այն կրկին չընդունվեց` այս անգամ 54 կողմ, 0 դեմ, 7 ձեռնպահ ձայներով:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե օրինագիծն ուղղված էր կոռուպցիայի դեմ պայքարին, և այս քայլով «յուրաքարնչյուր խմբակցություն ներկայացրեց իր դիրքորոշումը կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ»։

Նիկոյանն էլ ավելացրեց. «Օրենքի նպատակը հակակոռուպցիոն էր, խոշոր կապիտալի հրապարակային շրջանառության ապահովումը, հարկերի հավաքագրումը, ստվերի դեմ պայքարը, և յուրաքանչյուր քաղաքական ուժ, ով խոսում է ժողովրդի անունից, հարկերի հավաքման արդարությունից և այդ խնդիրներով վաղը ժողովրդի առջև կանգնելով կուրծք է ծեծելու, պետք է գործնականում ապացուցեր իր խոսքի և գործի նույնությունը»,-նշեց նա։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանն շտապեց բացատրություն տալ. «Մեր խմբակցությունը դեմ չէ օրենքի նախագծին, ուղղակի վաղաժամկետ է մեր հասարակության համար, որովհետև այնտեղ կան խնդիրներ սպասարկման հետ կապված, որ պետք չէ այդ ծառայությունների համար բանկերին բնակչությունը գումարներ փոխանցի»,-ասաց նա` նշելով, որ չքվեարկելու պատճառը դա է։

Ավելի ուշ,  պատասխանելով լրագրողների հարցերին, ԱԺ նախագահն անդրադարձավ նաև «Կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին» փաթեթի տապալմանը` նշելով, որ իր համար անհասկանալի էր «Բարգավաճ Հայաստանի» մոտեցումը. «Մենք կոալիցիոն կառավարություն ենք կազմել, այսքան տարի միմյանց հետ աշխատել ենք, ունեցել ենք խնդիրներ, քննարկել ենք, բայց պետության համար կարևոր այս նախագծի հարցում նման դիրքորոշումը, այսինքն՝ բոյկոտելն, ինձ համար անհասկանալի է,-ասաց նա,-կառավարությունը կոլեգիալ մարմին է, որի կազմում նաև կան մեր գործընկեր ԲՀԿ–ի նախարարները։ Այնտեղ ես չեմ լսել, որ նախարարները դեմ են քվեարկել կամ դեմ արտահայտվել, իսկ այստեղ նույն կուսակցության խմբակցությունը բոյկոտեց»։

Նիկոյանի խոսքով, միևնույն է` օրինագիծը նորից է բերվելու խորհրդարան, քանի որ այն չափազանց կարևոր է:

 

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply