ԿԳ նախարար. «Դպրոց չհաճախող ոչ մի երեխա մեր տեսադաշտից պետք է դուրս չմնա»
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 6, 2012 16:01
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի 2012 թվականի առաջին նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Խորհրդակցությանը, բացի կոլեգիայի մշտական անդամներից, մասնակցել են նաև ՀՀ մարզպետներն ու Երևանի քաղաքապետը: Կոլեգիայի նիստում քննարկվել են կրթության ոլորտում միասնական պետկան քաղաքականությանն առնչվող խնդիրներ:ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, կարևորելով տարածքային կառավարման մարմինների հետ համագործակցությունը, նշել է, որ կրթության ոլորտում բազմաթիվ խնդիրների լուծումն ուղղակիորեն պայմանավորված է տեղական մարմինների արդյունավետ աշխատանքով:
ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի նիստում ադրադարձ է եղել նաև դպրոցների կառավարման խորհուրդների գործունեությանը: Նախարարի գնահատմամբ՝ կառավարման խորհուրդները, չնայած ինստիտուցիոնալ առումով դեռևս լիարժեք կայացած չեն, բայց ընդհանուր առմամբ աշխատում են արդյունավետ:
Ա. Աշոտյանի խոսքով՝ նախորդ տարվա սեպտեմբերից մինչև դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում հանրապետության ավելի քան 900 դպրոցներում տեղի են ունեցել տնօրենների մրցույթներ, որոնցից ընդամենը մեկ տասնյակի` այսինքն մոտ 1 տոկոսի վերաբերյալ են բողոքներ ու դժգոհություններ եղել: Ցանկացած համակարգային բարեփոխման համար սա դրական ցուցանիշ է: «Այնուամենայնիվ որոշ դպրոցներում կա դպրոցի տնօրենի ընտրության գործընթացի հետ կապված խնդիր, որն անհրաժեշտ է կարգավորել տվյալ համայնքի բնակչության և մարզպետարանի լիազորությունների, ինչպես նաև նախարարության քաղաքականության համատեքստում»,- նշել է Ա. Աշոտյանը և հավելել, որ տեսչական ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումներն ու թերությունները վերացնելու ուղղությամբ ավելի հետևողական աշխատանքի անհրաժեշտություն կա: Նախարարը մտահոգիչ է համարել այն, որ, համաձայն սոցիոլոգիական հարցումների, կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը բավարար տեմպով չեն նվազում: ՀՀ ԿԳՆ <Թեժ գիծ> հեռախոսակապով ստացված ահազանգերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հասարակական դժգոհությունը հիմնականում պայմանավորված է դպրոցներում ապօրինի դրամահավաքով: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ծնողական համայնքի աջակցությունը դպրոցին լինի բացառապես օրինականության սահմաններում: Այսինքն՝ աջակցությունը պետք է լինի բացառապես կամավորության սկզբունքով, փոխանցումը՝ դպրոցի բանկային հաշվին և կուտակված միջոցների օգտագործումը՝ թափանցիկ և նպատակային»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել կոլեգիայի անդամներին և տարածքային կառավարման պատասխանատուներին՝ համատեղ աշխատանքի համար, շեշտելով, որ ակնկալում է ակտիվ և առավել արդյունավետ համագործակցություն: Այս համատեքստում կոլեգիայի կողմից ընդունելի է համարվել կոլեգիայի անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի առաջարկությունը և որոշվել է վերանայել մարզպետարանների կրթության ոլորտին առնչվող հաշվետվությունների գնահատման չափանիշներն ու մեթոդաբանությունը:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև դպրոցների ֆինանասավորմանը, դասագրքերին, ուսուցիչների վերապատրաստմանը և ատեստավորմանը, ՀՀ բուհերի նախորդ տարվա հաշվետվություններին ու համակարգի ֆինանսավորմանը վերաբերող մի շարք խնդիրների: Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրի կրթության ոլորտի գերակայություններից բխող 2012 թվականի միջոցառումները:






Facebook
Tweet This
Email This Post
