Քաղաքապետը հանձնարարել է շարունակել կանաչ գոտիների գույքագրման և ծառերի համարակալման գործընթացն ու պարբերաբար տեղեկացնել այդ մասին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | February 6, 2012 15:15
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներին, նշել է, որ չնայած վարչական շրջանների կենտրոնական և երկրորդական փողոցներն ամբողջությամբ մաքրված են եղել, սակայն մայթերի և բակային տարածքների հետ կապված որոշակի թերացումներ նկատվել են:
«Կենտրոնացնելով մեր համապատասխան կառույցների ամբողջ ներուժը` պետք է մտածենք ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների անվատանգության մասին և ապահովենք բակային հատվածների ու մայթերի մաքրությունը»,-նշել է Տարոն Մարգարյանը` հանձնարարելով պատասխանատուներին այդ աշխատանքներում ներգրավել նաև կանաչապատման ու սանմաքրման ձեռնարկությունների աշխատակիցներին:
Քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը զեկուցել է, որ վարչական շրջաններում անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի օբյեկտների սեփականտերերի կողմից պարտադիր բարեկարգման կարգի մասին Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման նպատակով տնտեսվարողների հետ կնքվել է ավելի քան 5200 պայմանագիր: Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել գործընթացը, ընդգծելով, որ դա տնտեսավարողների պայմանագրային պարտավորություն է և նրանք ուղղակի պարտավոր են ներգրավվել հարակից տարածքների բարեկարգման ու սանմաքրման աշխատանքներում:
Անդրադառնալով մայրաքաղաքի շուկաների ու ստորգետնյա անցումների սանիտարական պատշաճ վիճակի ապահովմանը`առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքային խումբը ուսումնասիրել է Նոր Նորք և Էրեբունի վարչական շրջանների շուկաներն ու ստորգետնյա անցումները և ընդհանուր առմամբ սանիտարական վիճակը գնահատվել է բավարար: Արձանագրված թերությունների մասով`տվյալ տարածքները շահագործող կազմակերպությունների ղեկավարներին հանձնարարվել է հնարավորին սեղմ ժամկետում վերացնել դրանք և ապահովել պատշաճ սանիտարական վիճակ:
Զեկուցվել է նաև, որ շարունակվում է հսկողությունը սեփական եկամուտների հավաքագրման`մասնավորապես աղբահանության գումարների հավաքագրման գործընթացի ուղղությամբ, զուգահեռաբար ճշտվում են բազային տվյալները:
Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ դպրոց չհաճախող դպրոցահասակ երեխաների թվի և չհաճախելու պատճառների վերաբերյալ կատարվել են ուսումնասիրություններ, ինչպես նաև այցեր ու հանդիպումներ են կազմակերպվել ծնողների հետ: Ըստ այդմ դպրոցահասակներից մի քանիսը կվերսկսեն հաճախելիությունը դպրոց կամ համապատասխան հանրակրթական այլ հաստատություն: Նշվել է, որ ուսումնասիրությունների արդյունքում` պարզվել է, կան նաև այնպիսի երեխաները, որոնք դպրոցական լինելով հանդերձ`սոցիալական պայմաններից ելնելով մեծ թվով բացակայություններ ունեն:
«Եթե երեխաները հատկապես սոցիալական պատճառներից ելնելով չեն հաճախում դպրոց, ապա այդ խնդիրը ոչ միայն ընտանիքինն ու դպրոցինն է, այլև մեր քաղաքինը: Այդ նպատակով մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք` աջակցելու այդ երեխաներին կրթություն ստանալու հարցում և պահենք մեր մշտական հոգածության տակ»,-նշել է Տարոն Մարգարյանը` հանձնարարելով համապատասխան վարչությունների աշխատակիցներին հավելյալ ստուգումներ կատարել և ապահովել երեխաների հաճախելիությունը:
Հասարակական տրանսպորտի կանոնակարգման նպատակով շարունակվող ամենօրյա հսկողության արդյունքում, ինչպես զեկուցել է տրանսպորտի վարչության պետը, հայտնաբերված մի շարք խախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Միևնույն ժամանակ «Միասին» երիտասարդական շարժման հետ համատեղ սկսվել է ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման մոնիտորինգ: Զեկուցվել է նաև, որ քաղաքապետի հանձնարարությամբ գույքագրված են մայրաքաղաքի վերանորգման անհրաժեշտություն ունեցող կանգառագոտիները, կանգառասրահներն ու կանգառանշանները: Հարցի հետ կապված Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանարվորին սեղմ ժամկետում կատարել պահանջվող վերանորոգման աշխատանքները:
Ողջունելով մայրաքաղաքում առկա կանաչ գոտիների գույքագրման և ծառերի համարակալման աշխատանքների ընթացքը` քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքներն ու հետևողական լինել:
«Մենք պետք է ոչ միայն համարակալենք, այլև խնամենք ու պահպանենք մայրաքաղաքում առկա յուրաքանչյուր ծառ`անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքներում ներգրավելով նաև հասարական կազմակերպություններին»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Մայրաքաղաքում առկա հուշարձանների ու հուշատախտակների մաքրման աշխատանքները կազմակերպելու նպատակով հանձնարարվել է ներկայացնել համապատասխան ծրագիր:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
