Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը կարևորեց Հայաստանում մրցակցային միջավայրի զարգացումը` առանձնակի կարևորելով ՏՄՊՊՀ դերը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | February 6, 2012 14:51

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀ/GIZ) հետ համատեղ փետրվարի 3-4-ը Աղվերանում կազմակերպել էր երկօրյա սեմինար-քննարկում` լրագրողների,  ՏՄՊՊՀ-ի և GIZ-ի  ներկայացուցիչների մասնակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը, ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը, GIZ-ի հայաստանյան խմբի ղեկավար  Իրինա Քաուշը, ինչպես նաև Համբուրգի երկրամասային դատարանի նախագահող դատավոր Մարկուս Շնայդերը, ով վարում էր սեմինարը:

Իր խոսքում Հանս-Յոխեն Շմիդթը կարևորեց Հայաստանում մրցակցային միջավայրի զարգացումը` նշելով, որ այս հարցում առանձնակի է Հանձնաժողովի դերը: Դեսպանը Գերմանիայի օրինակով նշեց, թե ինչպես  երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրում ոչնչացան մենաշնորհային կառույցները` նախադրյալներ ստեղծելով փոքր և միջին բիզնեսի զարգացման համար:  Գերմանիայի կառավարության անունից Հանս-Յոխեն Շմիդտը ասաց, որ Գերմանիան կշարունակի աջակցել Հայաստանին` իրավական եւ տնտեսական բարեփոխումների իրականացման գործում` անկախ Եվրամիության Թվինինգ եւ այլ դոնորների ծրագրերից:

Շնորհակալություն հայտնելով դեսպանին ինչպես միջոցառմանը մասնակցելու, այնպես էլ ակտիվ համագործակցության և աջակցության համար, ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը կարևորեց նման ծրագրերի իրականացումը`նշելով, որ Հանձնաժողովի համար կարևորագույն բարեփոխումներն իրականացվել են միջազգային կառույցների, այդ թվում նաև GIZ-ի աջակցությամբ: Խոսքը վերաբերում է հատկապես  նախորդ տարի կատարված օրենսդրական փոփոխոււթյուններին, ինչպես նաև  Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը: Ա. Շաբոյանը ընդգծեց, որ Հանձնաժողովը մեծ ուշադրություն է դարձնում գերմանական փորձին և ՏՄՊՊՀ  օրենսդրությունն այս առումով ևս նմանվել է գերմանական օրենսդրությանը: Ա. Շաբոյանը  կարևորեց նաև լրատվամիջոցների դերը` նշելով, որ Հանձնաժողովի նախորդ տարվա արդյունավետ գործունեությանը պայմանավորված էր նաև լրատվամիջոցների հետ ակտիվ աշխատանքով:

Գերմանիայի միջազգային  համագործակցության ընկերության  հայաստանյան  խմբի  ղեկավար տիկին Իրինա Քաուշը նշեց, որ շուրջ  մեկ  տարի է, ինչ  ղեկավարում է Հայաստանում իրականացվող մասնավոր տնտեսության  խթանման  ծրագիրը ու թեև  մրցակցության ոլորտը իր համար  նոր ուղղություն էր, սակայն  համագործակցության սկզբից  ի վեր հանձինս ՀՀ ՏՄՊՊՀ-ի տեսնում է հուսալի  գործընկերոջ: Տիկին Քաուշը նշեց, որ  գերմանացի  փորձագետների  ներկայությունը  կօգնի Հայաստանում  ներդնել միջազգային  փորձը:

Համբուրգի երկրամասային դատարանի նախագահող դատավոր Մարկուս Շնայդերը, կոնկրետ օրինակներով սեմինարի մասնակիցներին ներկայացրեց անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորումները, դրանց բացահայտումը և կանխարգելող միջոցառումները: Քննարկվեցին Գերմանիայում մեծ հնչեղություն ստացած անբարեխիղճ մրցակցության գործեր, որոնց շուրջ մասնակիցների միջև ծավալվեց ակտիվ քննարկում:

Նշենք նաև, որ վերոնշյալ սեմինարը կազմակերպվել էր  Հանձնաժողովի և գերմանական միջազգային համագործակցության ընկերության միջև 2011 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:

 

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply