Մեծ պահքն այս տարի սկսվում է փետրվարի 20-ից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 6, 2012 11:56

Գարնանամուտը առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը բժշկական տեսանկյունից  դրական ազդեցություն է թողնում մարդու օրգանիզմի վրա, ամրացնում է իմունային համակարգը եւ բարելավում է նյութափոխանակությունը, սակայն աշխարհի տարբեր անկյուններում ապրող քրիստոնյաներին  միայն այդ չէ, որ  միավորում է ընդհանուր գաղափարի եւ մեկ նպատակի շուրջ:

Մեծ պահքի իմաստը շատ ավելի խորն է, այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական տարբեր ախտերից ու մոլորություններից, մեղանչական մտքերից ու գործերից, մոլի սովորություններից հրաժարումն է` զղջման ու ապաշխարհանքի միջոցով: Այլ կերպ ասած պահքը մարդուն ավելի մոտ է դարձնում Աստծոն, դա փորձ է ինքնակատարելագործման, մարմինն  ու հոգին կոփելու ժամանակահատված :

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` հղում կատարելով Հայ Առաքելական Սբ Եկեղեցու պաշտոնական կայքը, այս տարի Մեծ պահքը կսկսվի  փետրվարի 20-ին և կավարտվի Սուրբ Հարություն/ Զատիկի տոնի նախօրեին` ապրիլի 8-ին : Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայ Առաքելական եկեղեցին սուրբգրքային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել դրանք, որով կազմվել է խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրազանցության ու անկման, աստվածորոնողության, ինչպես նաև աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը: Մեծ պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան ու կարևոր օրեր` Բուն Բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տտնեսի, Դատավորի,  Գալստյան եւ  Ծաղկազարդ:

Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ ու երջանիկ կյանք, այս իմաստն է ամփոփված  Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական, ճոխ կերակուրներ գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը:

Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարևորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Ժողովրդական ավանդույթի  համաձայն` Մեծ պահքի կիսվելու` Միջինքի օրը, բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Ըստ ավանդույթի նրան ում բաժին կհասնի մետաղադրամը հաջողություն է սպասում: Չորրորդ` Տնտեսի կիրակին ուսուցանում է նյութական հարստության տնօրինման դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Թվով վեցերորդ Գալստյան կիրակին ամփոփում է Քրիստոսի, ինչպես Ս.Գալստյան խորհուրդը, այնպես էլ երկրորդ գալստյան խոստումը:  Վերջին` Ծաղկազարդի կիրակին գարնան դիմավորումն է, խորհրդանշում է բնության պտղաբերությունը, Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, պատահական չէ որ այդ օրը մարդիկ ծաղկե պսակներ են գնում, երբեմն նաև ծառատունկեր կազմակերպում:  Մեծ պահքին անմիջապես հաջորդում է  Ավագ շաբաթը, որը ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարեւորագույն իրողությունները հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելիությունը, Մահը, Թաղումը և ի վերջո Հարությունը` Սուրբ Զատիկը, այդ պատճառով է քառասնօրյա պահքը տևում 48 օր:

Մեծ պահքի շրջանում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք (բացառությամբ մեղրի), որը ենթադրում է ՙհամեստ՚ սննունդ, զանազան ճոխ և համադամ  կերակուրներից և ոգելից խմիչքներից  ինքնազսպում:  Պահքի գլխավոր նպատակն է մարդկանց մեղքերից մաքրագործելը,  շատ կարևոր է պահեցողության ընթացքում նաև եկեղեցական պատարագների և ժամերգությունների մասնակցելը, աղոթելը, բարին արարելը և միմյանց ներելը:

 

Դիտվել է 1792 անգամ:
Print Friendly

Leave a Reply