ԵՊՀ-ն միջազգային հավատարմագրման գործընթաց է սկսել

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | February 6, 2012 10:41

Երեւանի պետական համալսարանն արդեն սկսել է ինստիտուցիոնալ մակարդակով միջազգային հավատարմագրման գործընթացներ իրականացնելը:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, հավատարմագրման աշխատանքները մեկնարկել են հունվարից, եւ սպասվում է, որ հաջորդ տարվա սկզբին արդեն ինչ-որ տեղաշարժեր կլինեն:

«Այս տարվա ընթացքում պետք է լավ պատրաստվենք, քանի որ գործընթացը բավականին դժվար է եւ ավելի խնամքով մոտեցում է պահանջում: Չնայած դրան` մինչեւ 2013 թվականի վերջն այդ գործընթացները հիմնականում պետք է եթե ոչ ավարտած, ապա գոնե կեսից ավելին արված լինեն»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե որ մասնագիտություններն առաջին հերթին կհավատարմագրվեն` Սիմոնյանը հավաստիացրեց, որ սկզբում կփորձեն ամբողջ համալսարանի մակարդակով հավատարմագրումն անցնել, իսկ հետո կհավատարմագրվեն մի քանի ֆակուլտետներ` արդեն ըստ պատրաստվածության աստիճանի:

«Մենք կանենք այնպես, որ լինի մեկ կամ մի քանի մասնագիտություն հումանիտար թեւից, նույնքան էլ` բնագիտական թեւից, որպեսզի հավասարակշռությունը պահպանվի»,- ասաց նա:

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply