Սերժ Սարգսյան. Հայկ Գևորգյանի դեպքի առնչությամբ կարծիքս չեմ հրապարակի մինչ դատարանի կողմից որոշում կայացնելը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | February 5, 2012 0:46
Նախագահ Սերժ Սարգսյանը մինչ Հայկ Գևորգյանի կալանավորման հարցով դատարանի որոշումը դեպքի առնչությամբ կարծիք չի հայտնի, սակայն հուսով է, որ որոշումն արագ կլինի: Այդ մասին այսօր` փետրվարի 4-ին, Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդին, նշել է հանրապետության ղեկավարը` ի պատասխան հանրապետական կանանց բարձրացրած խնդրի:
ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը դիմել է երկրի ղեկավարին. «Պարո´ն նախագահ, երեկ ստացանք լրագրող Հայկ Գեւորգյանի ձերբակալության մասին տեղեկատվությունը, ինչի մասին ոստիկանությունը նաեւ համապատասխան մանրամասներ է հրապարակել: Մինչ այս հանդիպումը մենք` մի խումբ կին հանրապետականներով քննարկում էինք տեղի ունեցածը և որոշեցինք մեր տեսակետը հայտնել` այս պարագայում լրագրողին անազատության մեջ պահելու դեմ: Խնդրում ենք, որպեսզի համապատասխան իրավապահ կառույցները հաշվի առնեն նաև մեր կարծիքը այս հարցում, եթե հնարավոր է»:
Ի պատասխան, նախագահը նշեց. «Պետական մարմինները ամենօրյա որոշակի գործառույթներ են իրականացնում, այդ թվում` իրավախախտումների դեմ պայքարը եւ դրանք կատարած ենթադրյալ անձանց հայտնաբերումը: Այս գործունեությունն իր մեջ կարող է օբյեկտիվորեն պարունակել անձի իրավունքների սահմանափակումներ: Որպեսզի այդ սահմանափակումները չլինեն չհիմնավորված գոյություն ունեն որոշակի վերահսկողական իրավական ընթացակարգեր, որոնց շրջանակներում մեկ մարմինը, տվյալ դեպքում` դատարանը, պետք է որոշի մյուսի` ոստիկանության գործողությունների հիմնավորվածությունը: Նման խնդիրները ցանկացած իրավական պետությունում պետք է լուծվեն հենց այս ձեւաչափով: Ինչ վերաբերում է կոնկրետ Հայկ Գևորգյանի դեպքին, ապա ես կարծիքս չեմ հրապարակի մինչ դատարանի կողմից որոշում կայացնելը, որը հուսով եմ հնարավորինս արագ կլինի»:






Facebook
Tweet This
Email This Post
