Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | February 4, 2012 13:40

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն ամեն տարի նշվում է փետրվարի 4-ին: Այդ օրը հայտարարվել է «Ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարի միջազգային միության կողմից»:

Միության կայքում աշխարհի քարտեզ է ստեղծվել, որտեղ ցանկացած կազմակերպություն կամ նախաձեռնող խումբ կարող է տեղեկատվություն տեղադրել այն միջոցառումների մասին, որոնք անցկացնելու է 2012թ. այդ օրը: Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նպատակը ուռուցքաբանության, որպես մեր օրերի ամենածանր հիվանդություններից մեկի, վերաբերյալ տեղեկացվածությունը մեծացնելը, դրա հայտնաբերման եւ բուժման վրա ուշադրություն գրավելն է:

Երկար ժամանակ «ուռուցքաբանական պաթոլոգիան» ընդունվել է որպես դատավճիռ, բայց այսօր ուռուցքաբանական գիտության զարգացվածության մակարդակը թույլ է տալիս պնդել. Քաղցկեղը դատավճիռ չէ, այն բուժելի հիվանդություն է:
Ուռուցքաբանության կենտրոնի տվյալներով` 2011թ. Հայաստանում 100 հազար մարդու հաշվարկով քաղցկեղով հիվանդացության թիվը կազմել է 270, մահացությանը` 170: Ուռուցքաբանական հիվանդություններից մահացության ցուցանիշների ամենամյա աճը հանրապետությունում կազմում է 2-3%:

Ուռուցքաբանական կենտրոնում դիսպանսերային բուժման մեջ է գտնվում շուրջ 31 հազար հիվանդ, որոնցից ավելի քան 15 հազարը դուրս են գրվել եւ կարող են ապրել հինգ եւ ավելի տարի:

Հայաստանի Համաշխարհային բանկի հետ համատեղ 2012թ. ծրագրվում է ստեղծել Մանկական ուռուցքաբանության, հեմատոլոգիայի եւ օնկոհեմատոլոգիայի մասնագիտացված կենտրոն, որպեսզի այդ հիվանդությամբ տառապող երեխաները կարողանան իրենց հայրենիքում ժամանակակից եւ ճիշտ ախտորոշում եւ բուժում ստանալ, անհրաժեշտության դեպքում` ողնուղեղի փոխպատվաստում:

 

Դիտվել է 3744 անգամ:
Print Friendly

Leave a Reply