Իսրայելի վարչապետ. «ՄԱԿ-ում Իրանի նախագահի ելույթը լսողները պատվախնդրություն չունեն»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 25, 2009 14:55

netanyahuԴիտորդները «սուր» գնահատականն են տվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանում Իսրայելի վարչապետի ելույթին: Բենիամին Նեթանյահուն պախարակել է Իրանի նախագահի նախօրեին արտասանած ելույթը և ողջունել է այն երկրների ներկայացուցիչներին, ովքեր Մահմուդ Ահմեդինեժադի ելույթի ընթացքում լքեցին նիստերի դահլիճը:

«Իրանի նախագահը հակասեմիտական ելույթ ունեցավ: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Հոլոքոսթը կեղծիք է. Միթե Գերմանիայի իրար հաջորդած կառավարությունները, որոնք պահում էին Ողջակիզման փաստերը, սուտ էին խոսում»,- հայտարարել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետը նաև ամոթանք է տվել Իրանի նախագահի ելույթը լսողներին. «Միթե չեք ամաչում, միթե պատվախնդրություն չունեք որ լսում եք մի մարդու ելույթը, ով Ողջակիզումից 6 տասնամյակ անց կասկածի տակ է դնում 6 միլիոն մարդկանց սպանությունը, սպառնում է Իսրայել պետությունը ջնջել աշխարհի քարտեզից: Սա խայտառակություն է ՄԱԿ-ի համար»,- պնդել է Նեթանյահուն` ավելացնելով, որ պատմությունն ապացուցել է, որ հրեաների վրա հարձակվողը շատ զոհեր կտա:

Իսրայելի վարչապետը համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ-ի գլխավոր մարտահրավերը Իրանի բռնատիրական վարչակարգին արգելելն է տիրապետել միջուկային զենքին:

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply