H1-ին` մի´ սպանեք լրագրողի մորը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 3, 2012 21:56

Երբ իր  բնակարանի մոտքին գնդակահարվեց Ռուսաստանի հանրային հեռուստաընկերության առաջին գլխավոր տնօրեն , «час пик»  հաղորդման հեղինակ Վլադ Լիստեւը, նրա  հիշատակին լրագրող Տիգրան Նաղդալյանը «կրակեց» իր հրչակավոր խոսքը. «Մի կրակեք լրագրողի վրա» : Դա 1995թ. մարտի 1-էր եւ Տիգրանը չէր էլ կարող պատկերացնել, որ ընդհամենը մի քանի տարի հետո նույն ճակատագրին  է արժանանալու ինքը: Տիգրանին  եւս վիճակված էր լինել առաջինը եւ գնդակահարվել:  Նրան դիմահար կրակոցով սպանեցին ծնողների բնակարանի առջեւ: Պատվեր էր: Քիլլերը երկար հետեւել էր եւ օգտագործել հարմար առիթը: 2002թ. դեկտեմբերի 28-ն էր: Տիգրանը աշխատում  էր իր հեղինակային` «Օրակարգ» հաղորդման տարեվերջյան  թողարկման վրա: Չավարտեց: «Օրակարգը» եթեր հեռարձակվեց անավարտ վիճակում եւ արդեն նրա հիշատակին: Այդ ժամանակ Տիգրանը Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահն էր…առաջին նախագահը, ինչպես Վլադ Լիստեւը:

Ամեն տարի Վլադ Լիստեւի  սպանության օրը Մոսկվայում հավաքվում են լրագրողներ, հիշում են ավագ գործընկերոջը, հարգում նրա հիշատակը:  Տիգրանին էլ են հիշում, մտերիմները կամ ավելի ճիշտ նրանց մի մասը: 2011-ի դեկտեմբերի 28-ին  նրան քչերը հիշեցին կամ ավելի ճիշտ, չհիշեցին: Մեզ մոտ հիշելը արդեն դարձել է` ըստ շահի, որովհետեւ ի տարբերություն Ռուսաստանի կամ այլ երկրների, այստեղ  պրոֆեսիոնալիզմը վաղուց դիրքերը զիջել է մարտնչող միջակությանը: Իսկ ինչպես կարող է միջակությունը հիշել, հարգել, բարձրաձայնել: Հենց այդ մարտնչող միջակությունն էլ այսօր դարձել է մեր կյանքի, ապրելաձեւի թելադրողն ու որոշիչը: Չէի գրի այս մասին եթե նախօրեին Հանրայինի «Առաջին լրատվականով», որտեղ ի դեպ դեռ աշխատում են Տիգրանի գործընկերներից ոմանք, չտեսնեի  Վազգեն Սարգսյանի ընտանիքին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այցի լուսաբանումը:

Անուրանալի է Վազգեն Սարգսյանի ներդրումը հայկական բանակի կազմավորման գործում: Ոչ ոք դրան չի կասկածում: Եւ շատ բնական ու մարդկային էր բանակի կազմավորման 20-ամյակի առիթով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյաի  այցը նրա ծնողներին: Անբնական էր այցի լուսաբանման այն տարբերակը, որ հեռարձակվեց Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական»  ծրագրով: Հայաստանում գործող ցանկացած հեռուստաընկերությամբ  այցի լուսաբանումը  այդ ձեւաչափով կարելի էր հանդուրժել, դիմանալ, չնյարդայնանալ, նույնիսկ չհիշել լրագրողական համերաշխության մասին , բայց Հանրային հեռուստաընկերության դեպքում, չես կարող չասել «տղերք, ձեր արածը բարոյական չի»:  Բարոյական չի, որովհետեւ այն մարդուն ում դուք ջանասիրաբար ցուցադրում էիք Սեյրան Օհանյանի հետ գրկախառնված, Տիգրան Նաղդալյանի սպանության եթե ոչ բուն պատվիրատուն, գոնե հստակ`  ֆինանսավորողն էր: Իսկ գաղտնիք չէ, որ ֆինանսավորումը կատարել է Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմենը, ով ի դեպ իշխանությունների բարեհաճությամբ ամբողջովին չկրեց պատիժը եւ ազատվեց ժամկետից շուտ:

Տիգրան Նաղդալյանը իր ծնողներին  ժառանգություն չթողեց: Նրա թողածը իր շիրիմն է եւ իր մոր` տիկին Մարգոյի պատկերացմամբ` Հ1-ը: Եւ ամեն օր, ամեն ժամ Տիգրանի մայրը իր տղայի կարոտն առնում է Հ1, հատկապես լրատվական ծրագիրը նայելով: Եւ որքան էլ դառն է իրականությունը, որքան էլ Հ1 կոչվածը տարբեր է Տիգրանի պատկերացրած հեռուստաընկերությունից, միեւնույն է, ուզեք թե չուզեք,  Հ1-ը Տիգրանի մոր համար տղայից մնացած միակ ժառանգությունն է: Դուք, գոնե մի պահ պատկերացրել եք թե ինչ զգացում ապրեց Տիգրանի մայրը, երբ  ձեր եթերում տեսավ հրճվանք ապրող այդ  դեմքն ու նրան գրկախառնվող պաշտոնյային:  Մտածել ե±ք, թե արդեն վերջնականապես զրկված եք մտածելու ունակությունից: Բարոյականությունը մեռնում է, երբ թագավորում են անուղեղները: Դուք, որ տարբեր առիթներով ՙվաստակավորներ՚  եք եւ  հանրությանը հայտնի տիտղոսակիրներ, մտածել ե՞ք, արդյոք, ի՞նչ արժեք ունեն ձեր կոչումները: Ձեզանից ոմանք դասավանդում են տարբեր ԲՈՒՀ-երում: Արդյո±ք գիտեք այն հարցի  պատասխանը , որ կհնչեցնի ձեր ուսանողը ձեր իսկ աչքերի մեջ նայելով «Ի՞նչու եք «սպանում» ձեր գործընկերոջ մորը»: Հաստատ կհնչի այս հարցը, որովհետեւ, չի լինում այնպես, երբ ուսանողության մեջ բոլորը սովորում են ստորաքարշ դառնալու համար:

Հարություն Հարությունյան

Yerkir.am

Դիտվել է 1477 անգամ:
Print Friendly

Leave a Reply