Նստացույցի մասնակից դաշնակցականներն 30.000-ից ավել ստորագրություն են հավաքել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 25, 2009 15:59

Նստացույց ու ստորագրահավաք՝ ԱԳՆ-ի դիմաց

Այսօր 10-րդ օրն է, ինչ ՀՅԴ ներկայացուցիչները նստացույց են անում ու հայ-թուրքական արձանագրության դեմ ստորագրություն հավաքում Կառավարության և Արտաքին գործերի նախարարության շենքերի դիմաց:

Դաշնակցությունն առաջարկում է փոփոխություններ մտցնել օգոստոսի 30-ի երեկոյան հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունում:

«Մենք ընդամենը 3 բան ենք ուզում. ավելացնել առանց «նախապայմանների» բառն ու երկկողմ հարաբերությունները «զարգացնել» արտահայտության մեջ «զարգացնել» բառը փոխարինել «բարելավել»-ով,- ասում է նստացույցի մասնակից Իշխան Սաղաթելյանը,- Երկրորդ առաջակը վերաբերում է միջազգային իրավունքի տեսանկյունից ազգերի ինքնորոշման իրավունքի մասին կետը մտցնելուն և մերժում ենք պատմաբանների 7 ենթահանձնաժողովների ստեղծումը, քանի որ այդկերպ կասկածի տակ է դրվում Հայոց Ցեղասպանության փաստը»:


Ստորագրահավաքին մասնակցում են քաղաքացիներ` անկախ կուսակցական պատկանելությունից:

Նստացույցի երեկվա  պատասխանատու, ՀՅԴ անդամ Հայկ Մարտիրոսյանն ասաց, որ անցորդ քաղաքացիներին առաջարկների գրքույկները բաժանելուց ու մեկ-երկու խոսքով իրենց տեսակետը ներկայացնելուց հետո նրանց մոտ 80 տոկոսը ստորագրում է:

Ստորագրողը գրանցում է միայն իր անուն ազգանունը, հասցեն ու  ստորագրում: Սակայն առանց անձնագրի և այլ անձնական տվյալների ստորագրությունները  սովորաբար իրավական ուժ չեն ունենում:

«Մեզ համար կարևոր չէ  անձնագրի համար գրելը,-ասաց Հայկը,-կարևորը` քաղաքացիների տեսակետը ներկայացնելն է: Մենք գիտենք, որ Ազգային ժողովում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները մեծամասնություն են, դրա համար էլ փորձելու ենք այնպես անել, որ արձանագրության քվերակությունը փակ լինի, որպեսզի մյուս պատգամավորների հետ կարողանանք գաղափարական աշխատանք տանել»:

Դաշնակցությունը նստացույցը շարունակելու է մինչև հոկտեմբերի 14-ը, իսկ ստորագրությունները ներկայացվելու են իշխանության բարձրագույն մարմիններին: Այսօրվա դրությամբ կուսակցությունը հավաքել է 30.000-ից ավել ստորագրություն:

Դիտվել է 1051 անգամ:
Print Friendly

Leave a Reply