ՀՀԿ ներկայացուցիչ. «Երբեք չկարծեք, որ Թուրքիան ընդունելու է Ցեղասպանության փաստը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 25, 2009 15:11

ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանի խոսքով՝ ՀՀԿ-ն էլ հայ-թուրքական  նախաստորագրված փաստաթղթերի հետ կապված մտահոգություններ ունի, սակայն արձանագրություններն ընդհանուր առմամբ դրական է գնահատում: «Բոլորս ենք ներկայացրել այս արձանագրությունները և բոլորս էլ պատասխանատու ենք այս արձանագրությունների համար»,- այսօրվա ասուլիսում ասաց նա:

Մելիքյանը կարծում է, որ Թուրքիան առանց այս փաստաթղթերի էլ ժխտում է Ցեղասպանության փաստը: «Երբեք չկարծեք, որ Թուրքիան ընդունելու է Ցեղասպանության փաստը՝ նույնիսկ այս արձանագրությունները ստորագրել կամ չստորագրելուց հետո, նույնիսկ պատմաբանների ենթահանձնաժողովի կազմում քննարկումներ իրականացնելուց հետո»,- ասաց Հանրապետական պատգամավորը՝ավելացնելով, որ եթե թուրքերը Ցեղասպանությունը ժխտող փաստեր ունենային, ապա վաղուց հրապարակած կլինեին դրանք:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խորհուրդ տվեց գոնե հաշվի առնել իրենց` թուրքերի հետ շփվելու հարյուրամյա փորձը: «Այս փաստաթղթերով ամեն ինչ արվել է, որ հայ ժողովուրդը զրկվի իր իրավունքները պահանջելու հնարավորությունից: « «Ազգերի ինքնորոշում»-ը «տարածքային ամբողջականության սկզբունքով փոխարինելը ևս շատ վտանգավոր է»,- ասաց նա:

ՀՀԿ-ական պատգամավորը պնդեց, որ արձանագրություններում նախապայմաններ չկան, իսկ որոշ ուժեր պարզապես փորձում են վարկաբեկել ու արժեզրկել դրանք, ինչին դաշնակցականը պատասխանեց . «Կարող եք փիղ նկարել ու տակը չգրել, որ դա փիղ է, բոլորն էլ կհասկանան»:

Անդրադառնալով Հանրապետության հրապարակում ՀՅԴ կազմակերպած  նստացույցին` Մինասյանը նշեց,  որ օրական 3000-3500 քաղաքացի է միանում ստորագրահավաքին:

Մինասյանի համոզմամբ՝ իրենք պահանջում են արտգործնախարարի հրաժարականը, որ դրանով հնարավորություն տան նախագահին փոխելու քաղաքական կուրսը, ինչպես դա տեղի ունեցավ Թուրքիայում, երբ արտգործնախարար նշանակվեց  Ահմեդ Դավութօղլին: Իսկ նախագահի հրաժարականը չեն պահանջում, «քանի որ աչք չունեն նրա պաշտոնի վրա, ինչպես ՀԱԿ-ը»:

«Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կիսում է Սերժ Սարգսյանի կարծիքը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ, սակայն դա օգտագործում է նախագահի հրաժարականը պահանջելու նպատակով»,- ասաց Մինասյանը՝ ավելացնելով, որ Տեր-Պետրոսյանն ինքը նախագահ դառնալուն պես կստորագրի նման փաստաթղթի տակ, իսկ իրենք ձեռնարկելու են բոլոր օրենքով նախատեսված միջոցները` այս արձանագրությունների վտանգները կանխելու համար:

ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, ի պատասխան Մինասյանի մեկնաբանության, «Անկախ»-ին ասաց, որ «իրենք իրենց դիրքորոշման մասին  բազմիցս բարձրաձայնել են, ու եթե ոմանք չեն հասկանում կամ ցույց են տալիս իբր չեն հասկանում, դա մեր մեղավորությունը չի»:

Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply