Կարապետիչը Արարատում ընտրապայքարի է ելնում Աբրահամյանների ընտանիքի դեմ, քանի որ սիրում է դժվարություններ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 3, 2012 14:18

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը մեծամասնականով առաջադրելու է Արարատի մարզում, գիտակցելով հանդերձ, որ այդ ընտրատեղամասում իր թեկնածությունն է պատրաստվում առաջադրել նաեւ ԱԺ նախկին նախագահ, ԱԺ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբայր` Ջոնիկ Աբրահամյանը, ով նաեւ նախկին պատգամավոր է եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Տիգրան Կարապետյանը:

Պարոն Կարապետյան ինչո՞ւ հենց Արարատի մարզում որոշեցիք առաջադրել Ձեր թեկնածությունը:

Այդպես ավելի հարմար է մեզ: Այստեղ մեր կուսակցության դիրքերն են լավ: Ես մեծ ներդրում ունեմ Արարատի մարզում, նաեւ սա Երեւանի մոտակա մարզն է:

Ինչ ներդրումներ մասին է խոսքը:

Հոգեւոր, ջերմ: Շատ եմ եղել, շատ եմ շփվել յուրաքանչյուր գյուղի հետ: Դե այս առումով այստեղ ամեն ինչ հուսադրելի է:

Գաղտնիք չէ, որ Աբրահամյանների դիրքերն էլ են մարզում ամուր:

Դե ես սիրում եմ դժվարություններ:

Այսինքն` հասկանո՞ւմ եք, որ դժվար ճանապարհ եք ընտրել:

Անպայման:

Ցանկացած ընտրությունից հետո բարձրաձայնում եք հակաօրինական քայլերի, ընտրակեղծիքների մասին: Ունե՞ք միջոց, որ հակազդեք այդ ամենին:

Այո, այո, վստահելի, հզոր վստահված անձեր ունեմ եւ պայքարելու ենք: Կանգնելու ենք մինչեւ վերջ:

Ձեր առաջադրումն Արարատի մարզում Աբրահամյանների ընտանիքի հե՞տ էր պայմանավորված, թե` ոչ: Այդ ընտանիքի հետ ի՞նչ հարաբերություններ եք ունեցել:

Ընդհանրապես ոչ մի առնչություն չի եղել ու հիմա էլ չունեմ:

Ճի՞շտ եմ հասկանում, որ կային տեղեր որտեղից հեշտությամբ կարող էիք հաղթանակի հասնել, բայց ընտրեցիք Արարատի մարզը:

Այո միանշանակ ճիշտ եք հասկանում: Ես ինքնակամ ընտրեցի ավելի դժվար տարբերակը:

Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը

 

 

 

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply