«Transparency international». Հայաստանում կոռուպցիայի դեմ ոչ թե իրական, այլ իմիտացիոն պայքար կա

Օրվա լուր | | September 25, 2009 15:34
hogtanyan-kostanyan

Վարուժան Հոգտանյան, Ամալյա Կոստանյան

«Ռոյալ Արմենիա» սուրճի ներկրմամբ զբաղվող ընկերության և «Գալա»  հեռուստաընկերությունների հետ կապված պատմությունն է ներկայացված սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում հրապարակված «Կոռուպցիան և մասնավոր հատվածը. 2009թվականի կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային զեկույց»-ի՝ Հայաստանին վերաբերող բաժնում:

«Transparency international» հակակոռուպցիոն կազմակերպության Հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Վարուժան Հոգտանյանն ասում է, որ ամեն տարի զեկույցի համար ընտրվում է որևէ թեմա, որի վերաբերյալ էլ լայնածավալ ուսումնասիրություններ են իրականացվում:

Այս տարի 45 երկրներ «Կոռուպցիան և մասնավոր հատվածը» թեմայով զեկույց են ներկայացրել. նախկին ԽՍՀՄ երկրներից միայն Հայաստանը, Ռուսաստանը և Լիտվան են ընդգրկված:

Հայաստանի ազգային զեկույցում ներկայացված է 2007-ի հունիսի 1-ից մինչև 2008-ի մայիսի 31-ը  մասնավոր հատվածում տեղի ունեցած կոռուպցիոն երևույթները:

Հոգտանյանն ասում է, որ «Ռոյալ Արմենիա»-ի դեպքում ր կոնֆլիկտ կար ընկերության ղեկավարության և այն ժամանակվա մաքսային պետական կոմիտեի փոխնախագահ (ներկայիս Պետեկամուտների կոմիտեի նախագահ) Գագիկ Խաչատրյանի միջև. ընկերությունը հրաժարվել էր կաշառք տալ մաքսայինին, ինչի արդյունքում բանը հասել էր ընկերության տնօրենի ձերբակալմանը: Զեկույցում ընդգրկված 2-րդ դեպքը, ըստ Հոգտանյանի, քաղաքական կոռուպցիայի դասական օրինակ է. երբ  «Գալա»  հեռուստաընկերությունը հեռարձակեց Լևոն Տեր Պետրոսյանի 2007-ի սեպտեմբերի 23-ի ելույթը, դրանից հետո հեռուստաընկերության նկատմամբ ճնշումներ սկսվեցին հարկային մարմինների կողմից:

«Ստացվում է, որ ընկերությունը հանգիստ կարող է խախտումներ կատարել և չպատժվել, քանի դեռ ընդդիմադիր քաղաքական դիրքորոշում չի ցուցաբերել»,- ասում է Հոգտանյանը:

Կոռուպցիայի մակարդակով Հայաստանը, անցած տարվա «Կոռուպցիայի վերաբերյալ համաշխարհային զեկույցի» տվյալներով,  109-րդ հորիզոնականում է 180 երկրների շարքում: Այս տարվա ցուցանիշերը պարզ կդառնան միայն տարեվերջին:

Transparency international ընկերության նախագահ Ամալյա Կոստանյանն ասում է, որ Հայաստանում սխալ է իրականացվում պայքարը կոռուպցիայի դեմ. կաշառակերության համար երբեմն-երբեմն ձերբակալվում են դասախոսներ, բժիշկներ, ստորին օղակի պաշտոնյաներ: Ըստ նրա` կոռուպցիայի դեմ պայքարի ազգային ռազմավարությունում նշված չէ, որ պետք է պայքարել օլիգարխիկ համակարգի դեմ, ինչը կոռուպցիայի հիմնական աղբյուրն է:

Կոստանյանխ խոսքով՝ Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններից հետո դեռևս որևէ պաշտոնյա չի պատժվել, «յուրացված գումարն են վերադարձնում և շարունակում գործունեությունը»:

Ըստ Կոստանյանի` Հայաստանում կոռուպցիայի դեմ ոչ թե իրական պայքար կա, այլ միայն իմիտացիա:

Դիտվել է 1818 անգամ:
Print Friendly

Leave a Reply