Փաստահավաք խումբն այլևս չկա. «Ներկա իշխանությունները չցանկացան վատություն անել նախորդ իշխանություններին»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 10, 2009 17:09

larisa-alaverdyan«Մարտի 1-ի դեպքերի փաստահավաք խումբը, չնայած ոչ հրապարակային գործունեությանը, վայելում էր հասարակության վստահությունը, ինչը տարածվում էր նաև իշխանությունների վրա: Խմբի գործունեության դադարեցումով հասարակության մեջ նորից անվստահություն կառաջանա»,- այսօր ասաց Ժառանգություն խմբակցության քարտուղար, պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:

Ալավերդյանը դրական է գնահատում փաստահավաք խմբի 7 ամիսների գործունեությունը: Իսկ լուրերը, թե խմբի անդամները չեն կարողացել համատեղ աշխատել, և այդ պատճառով է խումբը լուծարվում, նա անհիմն է համարում• «Խմբի անդամները միասնական կարծիքով հանդես գալու պարտավորություն չունեին, յուրաքանչյուրը կարող էր ունենալ իր հիմնավորված կարծիքը: Անգամ խմբի ղեկավարն ավելի շատ համակարգող էր, ոչ թե ղեկավար: Անհամերաշխության պատճառ չկար»:

Ալավերդյանը նշում է, որ խմբի առաջին միջանկյալ զեկույցը դուր չի եկել այն պետական մարմիններին, որոնց հանդեպ անվստահություն էր հայտնվել, ինչն էլ խմբի գործունեության դադարեցման հնարավոր հիմք է:

Խումբը, ըստ Ալավերդյանի, պետք է գործեր մինչև աշխատանքների հանձնումը, որպեսզի ըստ այդմ էլ որոշվեր` արդյունավետ է աշխատել, թե ոչ: Իրողությունը, սակայն, փաստում է, որ «ներկա իշխանությունները պարզապես չցանկացան վատություն անել նախորդ իշխանություններին»:

Ալավերդյանն ասում է` առաջիկայում պետք է խմբի հավաքած փաստաթղթերի գոնե մի մասը հրապարակվի, քանի որ կա հասարակական պահանջարկ. «Փաստահավաք խմբի անդամները նախևառաջ պատասխանատվություն են կրում հասարակության առաջ, և փաստերի հրապարակումը չպետք է դիտարկվի որպես գաղտնիքի բացահայտում»:

Փաստահավաք խումբը ստեղծվել էր Նախագահի հրամանագրով` 2008-ի հոկտեմբերի 23-ին: Խումբն ուներ 5 անդամ` 2-ը իշխանական կոալիցիայի, 1-ը ՀԱԿ-ի, 1-ը Ժառանգության և 1-ը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներ էին: Խմբի գործունեությունը դադարեցվել է նախագահի հունիսի 6-ի հրամանագրով:

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply