Հայաստան՚ հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմինը հիմնանորոգում է Գյումրիի ՙԵրեխաների տուն՚ մանկատունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | February 3, 2012 12:33


Գյումրիի ՙԵրեխաների տուն՚ մանկատան հիմնանորոգումը ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամն իրականացնում է Հեռախոսամարաթոն 2011-ի շրջանակներում գերմանահայ համայնքի նվիրաբերած միջոցներով:

Մանկատան շենքը կառուցվել է 1924թ.-ին եւ մինչեւ 1972թ. գործել որպես գիշերօթիկ մանկապարտեզ: 1946 եւ 1993թթ.-ին կառուցվել է երկու մասնաշենք եւս: Հիմնադրամը նախաձեռնել է երեք մասնաշենքերից երկուսի վերանորոգումը /ընդհանուրը` 900քմ մակերես տարածք/: Ծրագրի շրջանակներում կբարեկարգվեն ննջարանները, մարմնամարզության դահլիճը, ճաշարանը, խոհանոցը, սանհանգույցները, կտեղադրվեն օդափոխության եւ հակահրդեհային համակարգեր: Տարածքն առավելագույնս կհամապատասխանեցվի հաստատության կարիքներին:

Մանկատանը խնամք է ստանում մտավոր եւ ֆիզիկական շեղումներ ունեցող մինչեւ 6 տարեկան ավելի քան 120 երեխա: 6 տարեկանը լրանալուց հետո մանկատան սաները տեղափոխվում են դեռահասների համար նախատեսված մանկատներ, այդ թվում` Խարբերդի մասնագիտացված եւ Երեւանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատներ: Երեխաներին տեղաբաշխելիս հաշվի են առնվում երեխաների մտավոր եւ ֆիզիկական վիճակը, ինչպես նաեւ նրանց վիճակի բարելավման հնարավորությունները: Օրինակ, տեսողական խնդիրներ ունեցող երեխաներն էլ տեղափոխվում են ապրելու եւ ուսանելու Երեւանի` տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 գիշերօթիկ դպրոցում: Իսկ այն երեխաները, որոնց վիճակը զգալիորեն բարելավվում է անհրաժեշտ բժշկական միջամտությունից հետո, ծնողների ցանկությամբ երբեմն վերադառնում են ընտանիք:

ՙԽնդիրներն օրեցօր ավելանում էին: Կոյուղագծերն ու ջրագծերը քայքայվել էին: Դրանց մաշվածության պատճառով սանհանգույցներն ավելի ու ավելի հաճախ էին անօգտագործելի դառնում, իսկ պատերը խոնավությունից քայքայվել էին: Շենքի օդափոխության համակարգը վաղուց արդեն չէր գործում, մի բան, որ անընդունելի է առողջական ամենատարբեր խնդիրներ ունեցող երեխաների համար՚,- պատմում է մանկատան տնօրեն Ռուզաննա Ավագյանը: ՙՇենքային բարեկարգ պայմաններում հույս ունենք նաեւ լիարժեք վերականգնողական թերապիա անցկացնել մեր սաների համար՚,- ավելացնում է տիկին Ավագյանը:

ՙՄեր ցանկությունն է, որ հայ մանուկները լինեն առողջ ու ապրեն լիարժեք կյանքով: Իսկ եթե կան երեխաներ, որոնք խնդիրներ ունեն, պետք է անենք հնարավորը, որ նրանց կյանքը լինի հնարավորինս լուսավոր ու իմաստալից՚,- ասում է Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանը:

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամ

 

Դիտվել է 639 անգամ:
Print Friendly

Leave a Reply