Լևոն Արոնյանը`Բաքվում խաղալու ցանկություն չունի

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ | | February 2, 2012 21:39

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, Շախմատի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Լևոն Արոնյանը հայտարարությամբ դիմել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին և Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահական խորհրդի անդամներին: Նամակը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը.

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի անդամներին

Հարգելի պարոն նախագահ, նախագահական խորհրդի հարգելի անդամներ

Լրատվամիջոցներից տեղեկացա, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցումների անցկացման հայտ են ներկայացրել Ադրբեջանի եւ Բուլղարիայի շախմատային ֆեդերացիաները:

Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ Ադրբեջանում տիրող ընդհանուր մթնոլորտը և մեր երկրների միջև գոյություն ունեցող մշտական լարվածությունը անհնար են դարձնում իմ մասնակցությունն Ադրբեջանում անցկացվող որևէ բարձրակարգ մրցաշարի:
Այնպիսի պատասխանատու և կարևոր միջոցառում, ինչպիսին աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարն է, նրա մասնակիցներից պահանջում է հոգեկան անդորր և ուժերի արտակարգ կենտրոնացում: Ոչ շախմատային ոչ մի հանգամանք չպետք է գրոսմայստերին խանգարի ցուցադրելու այն ամենը, ինչին նա ընդունակ է: Խիստ անհրաժեշտ է բարոյահոգեբանական բարենպաստ մթնոլորտ, որը, ցավոք, այս պահին Ադրբեջանում չկա ազգությամբ հայ որևէ անձնավորության համար: Բոլոր մասնակիցները պետք է գտնվեն հավասար պայմաններում, ինչը անհնար է հավակնորդների մրցաշարը Բաքվում անցկացնելու դեպքում: Անվտանգության երաշխիքներն ու ցանկացած տեսակի լրացուցիչ աջակցությունը չեն կարող օգնել իրավիճակին:
Հաշվի առնելով վերոհիշյալը, տեղեկացնում եմ ձեզ, որ ես հաճույքով կմասնակցեմ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին աշխարհի ցանկացած այլ երկրում, բայց իմ մասնակցությունը Ադրբեջանում անցկացվող հավակնորդների մրցաշարին բացառվում է:
Հուսով եմ, որ դուք հաշվի կառնեք այս նկատառումները` մրցավայրի հարցը նախագահական խորհրդի նիստում քննարկելիս:

Կանխավ շնորհակալությամբ և խորին հարգանքներով` գրոսմայստեր Լևոն Արոնյան

Դիտվել է 850 անգամ:
Print Friendly

Leave a Reply