«Նոյան Տապան» պատմամշակութային համալիր. դա «քյաբաբխանա» չի լինելու

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | February 2, 2012 19:35

Այսօր Հանրային խորհրդի Մշակույթի ենթահանձնաժողովում քննարկվեց «Նոյան Տապան» պատմամշակութային գիտակրթական համալիրի նախագիծը: 2011 թվականի փետրվար ամսին մի խումբ մտավորականների, գիտնականների և գործարարների աջակցությամբ ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը հանդես է եկել համալիրը կառուցելու առաջարկությամբ: Նախատեսվում է այն պատրաստել աստվածաշնչյան Նոյան տապանի իրական չափերով, բնական նյութերից և այնտեղ տեղադրել Նոյան Տապանի մարդկային ու կենդանական կազմի կրկնօրինակները, մարդկային կյանքին վերաբերող պատմական և հնադարյան մասունքներ, փաստաթղթեր, արխիվներ, ինչպես նաև աշխարհի բոլոր պետությունների դրոշներն ու զինանշանները, թանգարան, սրճարան, ընդունելությունների սրահ, ֆիլմերի ցուցադրման սրահ, հյուրանոց և այլն:

Նախաձեռնողներն առաջարկում են համալիրը կառուցել Երևանի «Հաղթանակ» զբոսայգու բարձունքում գտնվող անմշակ, չօգտագործվող տարածքում՝ Արարատ լեռան դիմաց: Նրանք համոզված են, որ համալիրն իր եզակիությամբ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը` դառնալով Արարատ լեռան դիտակետը:

Նախաձեռնող խմբի անդամ, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը նշեց, որ Նոյան տապանը պատկանում է մեզ` հայերիս, քանի որ Նոյ նահապետն իջել է  Արարատի վրա և նկատեց. «Ավելի ճիշտ կլիներ, եթե Նոյան տապանը կառուցվեր հենց Արարատ լեռան լանջերին, բայց քանի որ այսօր մենք այդ հնարավորությունը դեռ չունենք, կկառուցենք այն «Հաղթանակ» զբոսայգու բարձունքում»,-ասաց նա` նշելով, որ եթե մենք այսօր դա չանենք, թուրքերը դա էլ մեզանից կգողանան:

Նա նաև ասաց, որ «Նոյան տապանը» լինելու է մի վայր, ուր մտնելիս մարդիկ պետք է զգաստանան, ներքին հպարտություն զգան, իսկ հայերը պետք է ողջ աշխարհին ցույց տան, որ համաշխարհային ջրհեղեղից հետո Արարատ լեռից է սկսվել մարդկության երկրորդ կյանքը: «Մի խոսքով, «Նոյան տապանը»  «քյաբաբխանա» չի լինելու»,-վստահեցրեց նա:

Քննարկմանը մասնակցող որոշ մտավորականների հետաքրքրեց, թե ինչո՞ւ են նախագծի հեղինակներն այդ կառույցի համար ընտրել «Հաղթանակ» զբոսայգին` նկատելով, որ Երևանն առանց այն էլ շատ խիտ է կառույցների առումով, բացի այդ`  կա նաև կանաչ գոտիների պահպանման խնդիր: Սակայն նախաձեռնողները հակադրվեցին` նշելով, որ տապանի կառուցման համար նախատեսված տարածքը գտնվում է ժայռի վրա, ու այնտեղ այլ բան հնարավոր չէ կառուցել, իսկ այլ վայրում կառուցելու մասին մտածել են, սակայն դա նպատակահարմար չի եղել: Շինության ամբողջ ծավալը լինելու է 10 հազար քառակուսի մետր:

«Հաղթանակ» զբոսայգու սեփականատեր, նախաձեռնող խմբի անդամ Թորոս Ումրիկյանն ասաց, որ անելու է ամեն ինչ, որպեսզի նախագիծը կյանքի կոչվի: «Հակառակ դեպքում այդ տարածքն այլ նպատակների կծառայեցնեն»,-ասաց նա:

Ծրագրի համար մոտավորապես 20 միլիոն դոլար է անհրաժեշտ, և ինչպես նշեց Ումրիկյանը, հիմնական ներդրողներն ինքն ու «Արմարե» ընկերության նախագահ, նախագծի հեղինակ և իրականացնող Մարտուն Հարությունյանն են:

Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի կարծիքով, սակայն, այժմ նման կառույց ստեղծելու ժամանակը չէ. «Մեր հանրապետությունն այնքան խնդիրներ ունի` նորմալ թանգարանի շենք չկա, նորմալ համերգային սրահ չկա, մարդիկ վագոններում են ապրում, աղքատություն է,-ասաց նա,-իսկ մենք էլի ուզում ենք առաջինը լինել: Ինչում որ ուզեցել ենք առաջինը լինել, հաջողության չենք հասել»:

ՀՀ մշակույթի ենթահանձնաժողովի անդամները ձայների մեծամասնությամբ որոշեցին  հարցը քննարկել  Հանրային խորհրդի մեծ նիստում` նշելով, որ տեսականորեն դեմ չեն գաղափարին, սակայն կան հարցեր, որոնք լուրջ քննարկման կարիք ունեն:

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 1581 անգամ:
Print Friendly

Leave a Reply