«Բենզինի գործ». Ցուցմունքներն սկսեցին շրջվել Մարգար Օհանյանի դեմ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | February 2, 2012 18:31

Եթե մինչ այժմ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ոչ մի ցուցմունք չէր հնչել, ապա այսօր իրավիճակը կտրուկ փոխվեց: Հիշեցնենք, որ նախորդ նիստերում հարցաքննված 8 վկաները ցուցմունք էին տվել ամբաստանյալ 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի դեմ:

Այսպես, այսօր հերթական դատական նիստում հարցաքննված վկա Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը իր ցուցմունքում հայտարարեց, որ նախկին պետ Մարգար Օհանյանը տեղյակ է եղել, որ իր աշխատողները բենզինը պակաս են ստանում: Նա նաև նշեց, որ ինքը երբևէ չի փորձել հետաքրքրվել, թե ինչն է բենզինի պակասորդի պատճառը:

Հիշեցնենք, որ Արսեն Արշակյանը Երևանի ճանապարհային ոստիկանության պետն էր և ապրիլին էր ազատվել զբաղեցրած պաշտոնից, և քիչ ժամանակ անց, սեպտեմբերին, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով նշանակվել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի պաշտոնում:

Բացի այդ, այսօր դատարանում դատավոր Մխիթար Պիպոյանը կարդաց նախորդ դատական նիստի վկա Եղիշե Ենգիբարյանի դիմումը: Նա իր դիմումի մեջ նշել էր, որ նախորդ դատական նիստի ժամանակ «կաշկանդված և խառը լինելու պատճառով» տվել է ցուցմունքներ, որոնք հակասում են իր նախաքննական ցուցմունքին:

Ամբաստանյալ Մարգար Օհանյանը հայտարարեց, որ գերազանց է հիշում, որ վկան անկաշկանդ էր: «Ինձ պարզ է, որ վկայի վրա ճնշում է եղել դիմում գրելու համար: Ո՞ւմ կողմից, չեմ կարող ասել»,- հայտարարեց նախկին պաշտոնյան: Վերջինս հակադրվեց իր պաշտպանին, որը միջնորդեց վկային ևս մեկ անգամ հրավիրել դատարան պարզելու, թե ի վերջո դատարանում նրա տված վկայությո՞ւնն է ճիշտ, թե՞ նախաքննական ցուցմունքը:

«Պետք չէ նրան հրավիրել»,-ասաց Մարգար Օհանյանը և փակեց վկային դատարան հրավիրելու թեման: Նշենք նաև, որ դատական նիստի վերջում Մարգար Օհանյանն ասաց, որ իր ցուցմունքում կասի, թե «ինչու է Եղիշը փոխել իր ցուցմունքը»:

 

 

Դիտվել է 1605 անգամ:
Print Friendly

Leave a Reply