Ի՞նչ խնդիրներ են իրականացնում դատական կարգադրիչները

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | February 10, 2012 7:00

ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ բաժինը նվիրված է դատական կարգադրիչներին: Ի՞նչ գործառույթներ, խնդիրներ են իրականացնում նրանք ըստ օրենսգրքի: 196-րդ հոդվածի համաձայն` «Դատական կարգադրիչների ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որը ստեղծվում և գործում է Դատական դեպարտամենտի կազմում: Դատական կարգադրիչների ծառայության առաձնահատկությունները, կազմակերպման կարգն ու պայմանները սահմանվում են ՀՀ դատական օրենսգրքով և այլ իրավական ակտերով»:

Դատական կարգադրիչի իրավունքներն ու պարտականությունները, ատեստավորման, փորձաշրջանի նշանակման, ծառայության և հանգստի ժամանակի, արձակուրդի, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքով նախատեսված դեպքերում դատական կարգադրիչների ծառայության հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքով, այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատական կարգադրիչների ծառայության նկատմամբ և չեն հակասում դատական օրենսգրքին:

Դատական կարգադրիչներն ունեն իրենց ծառայության հետ կապված խնդիրները, որոնք պետք է ապահովեն օրենքներին համապատասխան.

1) դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների, դատական ծառայողների և այլ անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից,

2) տեղում անմիջական կատարման ենթակա դատարանի կարգադրությունների կատարումը,

3) Դատական դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում հասարակական կարգի պահպանումը և անվտանգության ապահովումը, գույքի, ինչպես նաև շենքի և դրա սպասարկման տարածքի պահպանությունը:

Դատական կարգադրիչների ծառայությունն իր խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության և պետական այլ մարմինների հետ՝ տեղեկատվություն փոխանակելով, համատեղ գործողություններ կազմակերպելով և իրականացնելով, ինչպես նաև ծառայությունն իրականացնելիս միմյանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելով:

Դատական կարգադրիչներն իրենց գործունեությունն իրականացնում են օրինականության, անձի իրավունքների և ազատությունների, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և թափանցիկության սկզբունքների խստիվ պահպանմամբ:

Դատական կարգադրիչի կողմից մարդուն խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը կամ նրա նկատմամբ բռնություն կիրառելն արգելվում է և առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

Դատական կարգադրիչները մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում պարտավոր են նրան անմիջապես ներկայացնել սահմանափակման հիմքերը և բացատրել նրա իրավունքները և պարտականությունները, իսկ արգելանքի վերցնելու դեպքում անհապաղ ապահովել նրա հանձնումը ոստիկանություն:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Դիտվել է 1613 անգամ:
Print Friendly

Leave a Reply