«Ասեցի` սա գենոցիդ է, ի՞նչ եք մտածում, ասեցին` մի խառնվեք իրար, լուրջ բան չկա»

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 9, 2012 12:00

Արցախի հանրակացարան. 22-23 տարի շարունակ այստեղ են ուղեկցում բոլոր նրանց, ովքեր մարդասիրական, բարեգործական նպատակներով Հայաստան են ժամանում արտերկրից, բոլոր նրանց, ովքեր ցանկանում են պատկերացում կազմել ամենավատ պայմաններում գտնվող հայ փախստականների մասին` աղքատության, ցավի, կորստի, կարոտի ու տառապանքի ամենացայտուն դրսևորումներով: Այստեղ չկան կենցաղային ամենատարրական պայմաններ, և մարդիկ ապրում են այն հույսով, որ մի օր հրաժեշտ են տալու բանտախցեր հիշեցնող այս կացարաններին:

Արդեն 60-նն անց տիկին Նինան բացեց դուռը և ուրախությամբ ներս ընդունեց երիտասարդ կամավորներին, որոնց վաղուց հարազատի պես է վերաբերվում: Հայկական կարմիր խաչի կամավորներ Արփինեն ու Լիան զարմացան` սենյակում չտեսնելով տիկին Նինայի մորը` 88-ամյա Նորա տատին: Դուստրը պատմեց, որ նրա առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են հիվանդանոց: Ափսոս, այնքան բան ուներ նա մեզ պատմելու` Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցը, որին պատերազմից մնացել էին երկրորդ կարգի հաշմանդամությունն ու պատերազմական օրերի լավ ու վատ հուշերը: Կամավորները պատմեցին, որ Նորա տատը պատերազմի տարիներին հետախույզ-հրետանավոր է եղել և բազմաթիվ շքանշանների է արժանացել: Ասում են նաև, որ նա մինչև Բեռլին է հասել:

12 քառակուսիմետրանոց, գնացքի վագոն հիշեցնող սենյակում պատին փակցված կտորի վրա կախված էր Նորա տատի լուսանկարը կամավորներից մեկի հետ: Արդեն պարզ է, որ լուսանկարը նրանց համար շատ թանկ է: «Սա մեր կամավորներից էր` Մանուշակը, մամայի թոռնիկն է…»,- ասում է տիկին Նինան:

1990 թվական. տիկին Նինան ու մայրը ադրբեջանցի հրոսակներից մազապուրծ` հասնում են Հայաստան: «90 թվի դեկտեմբերի 16-ն էր: Ես աշխատում էի Ադրբեջանի ԿաԳէԲէ-ում` որպես ինսպեկտոր,- պատմում է տիկին Նինան,- մեկ էլ էն լսենք, որ թուրքերը մեր տան դուռն ուզում են կոտրել, ներս մտնել: Ես դուրս թռա բալկոն, մենք ութերորդ հարկում էինք ապրում, և բալկոնից բալկոն անցնելով` փախա, գնացի ռայկոմ»:

Հասնելով շրջկոմ` նա աղմուկ է բարձրացնում, պատմում, որ իրենց տան վրա հարձակվել են: Նա պահանջում է, որ ոստիկանական խումբ ուղարկեն իրենց բնակարան: Բարեբախտաբար, ոստիկանները հասնում են այն ժամանակ, երբ դեռ կատաղած խուժանը չէր հասցրել վնասել մորը:

Դրանից հետո տիկին Նինային հաճախ են զանգահարում և սպառնում, որ կսպանեն: Հունվարի կեսերին երկրորդ անգամ են նրանց դուռը կոտրում: Տիկին Նինան կրկին հասցնում է հարևանների պատշգամբներով փախչել: Հիշում է, որ երբ մայրն ուզում էր թաքնվել  դիմացի հարևանի պատշգամբում, վերջինս դուրս է գալիս և ձեռքով անում, որ հեռանա: «Ախր հարևաններն էլ էին վախենում օգնել, որովհետև նրանց էլ էին սպառնում սպանել,- ասում է տիկին Նինան,- բայց մենք այդ հարևանին շատ լավություն էինք արել, և մայրս խնդրեց. «Դու ներս գնա, իբր ինձ չես տեսել»: Էդպես հարևանը վարագույրը փակեց, ներս գնաց, իսկ մայրս կուչ եկավ նրա բալկոնում»:

Տիկին Նինան նորից գնում է շրջկոմ, ասում, որ կրկին հարձակվել են իրենց տան վրա և հարցնում, թե նախորդ հարձակման համար իր դիմումին ի՞նչ ընթացք է տրվել: «Ասեցի` սա գենոցիդ է, ի՞նչ եք մտածում, ասեցին` մի խառնվեք իրար, լուրջ բան չկա: Հասկացա, որ ոչինչ չեն անելու»:

Այդ ընթացքում հրոսակախումբը նրանց բնակարանը թալանում, ավերում ու հեռանում է: «Պատմում են, որ ամբողջ տունը դանակներով կտրտել էին, իսկ հետները մի երկաթե ձող են բերած եղել` ծառի ճյուղերի պես կողքերը սրած, որ դրանով մեզ սպանեն: Հետո մեզ պատմեցին, որ նման երկաթե գործիքներ շատերն են տեսել, անգամ ասում էին, որ դրանք կանանց արգանդն են մտցրել…»:

Կնոջ պատմությունը սարսափելի էր, փորձեցինք շեղել նրան այդ ահավոր հիշողություններից ու հարցուփորձ անել ներկայի մասին: «Ի՞նչ ասեմ, ոչ մի լավ բան չկա, միակ լուսավոր բանը էս երեխեքն են, որ ամեն անգամ գալիս ու ջերմություն են բերում իրենց հետ,- ասաց տիկին Նինան,- գալիս են ջահել երեխեք, հարցուփորձ են անում, հետաքրքվում են, թե էդ ինչ պատմություններ են եղել, որովհետև ամեն ինչ չէ, որ գրվում է ու ասվում: Իսկ ես ամեն ինչ պատմում եմ, որովհետև ուզում եմ, որ նրանք իմանան ճշմարտությունը»:

Լիա Խաչատրյանը Հայկական կարմիր խաչ ընկերության երիտասարդական բաժնի աշխատակիցներից է: Կարմիր խաչի հետ համագործակցությունը սկսել է 1999 թ., երբ ընդամենը 14 տարեկան էր: «Հիմա 28 տարեկան եմ: Փաստորեն, իմ կյանքի ուղիղ կեսը Կարմիր խաչի հետ եմ անցկացրել»,- ասում է նա:

Լիան պատմում է, որ հենց սկզբից` որպես կամավոր, շփվել է այս հանրակացարանի փախստական տարեցների հետ: «Այն ժամանակ ես ամենափոքր կամավորն էի,- պատմում է նա,- առաջին տպավորությունն ահավոր էր` հանրակացարանի տհաճ հոտը, մռայլությունը, ցուրտ ու մութ միջանցքներն ու սենյակները, տարրական պայմաններից զուրկ կենցաղը: Բայց շատ արագ հասկացա, որ այդ մարդիկ առաջին հերթին ունեն զրուցակցի կարիք, որը պատրաստ է լսել նրանց պատմությունը թեկուզ տասն անգամ»:

Արփինեն սովորում է Ռուս-հայկական սլավոնական համալսարանի գովազդի բաժնում: 2009 թ. համալսարանի պատին փակցված հայտարարության հետքերով եկել է Կարմիր խաչ և ընդգրկվել կամավորական աշխատանքներում: «Որքան էլ ինձ նախապատրաստեցին, ներկայացրին, թե ուր պետք է գնամ և ինչ պետք է անեմ, միևնույն է, առաջին անգամ շոկ ապրեցի` այցելելով այստեղ,- ասում է նա,- բայց հետո ինձ շատ դուր եկավ այս աշխատանքը, քանի որ այդ մարդիկ այնքան հետաքրքիր պատմություններ ունեին, և ես այնքան բան ունեի նրանցից սովորելու»:

Հռիփսիմեն` որպես կամավոր, Կարմիր Խաչի հետ սկսել է համագործակցել 2001-ին: Սոցիալ-հոգեբանական ծրագրի շրջանակներում աշխատել է Աբովյան քաղաքի փախստականաբնակ հանրակացարաններում: Ասում է, որ ծրագրում ընդգրկված 90 տարեցների անուն-ազգանուններն ու հասցեներն անգիր հիշում էր և մինչև օրս էլ շատերի հետ կապը պահում է: «Շատ էինք մտերմանում մեր տատիկ-պապիկների հետ,-ասում է նա,- նրանք էլ իրենց հերթին մեզ հարազատ թոռան պես էին վերաբերվում: Ունեի տատիկ, որ ամեն տարի իմ ծննդյան օրը հիշում էր, զանգահարում և անպայման կեքս էր թխում` պարտադրելով, որ գնամ-վերցնեմ: Նա դրանից շատ լավ էր իրեն զգում, ուստի մերժել չէի կարող»:

Կամավորությունը քաղաքացիական հասարակության կարևոր գործոններից է: Զարգացած երկրներում վաղուց է տարածված անգամ տարեցների կամավորությունը, սակայն Հայաստանում հակառակն է. կամավորները հիմնականում երիտասարդներն են: Հայկական կարմիր խաչ ընկերությունը կամավորների քանակով Հայաստանում առաջատար է. կազմակերպությունը գրանցված մոտ 3000 կամավոր ունի: Կազմակերպության կամավորական գործունեությանն են միանում նաև բազմաթիվ արտասահմանցիներ, Հայաստանում սովորող օտարերկրյա ուսանողներ: Այս պահին Կարմիր խաչում երկու կամավոր կա Մեծ Բրիտանիայից, Բրիտանական Կարմիր խաչի հետ համագործակցության շրջանակներում:

Էմմին ու էլիսան անցյալ տարվա սեպտեմբերից Հայաստանում են: Ասում են, որ շատ են հավանում Երևանը: Էմմին խոստովանում է, որ Երևանն այսպիսի ժամանակակից քաղաք չէր պատկերացնում: Երկուսն էլ վստահեցնում են, որ վերադառնալով Անգլիա` անպայման շարունակելու են Հայաստանի հետ կապը:

 

Դիտվել է 1311 անգամ:
Print Friendly

Leave a Reply