Ռոքը քայքայո՞ւմ է ուղեղը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | February 4, 2012 16:00

Մասնագետի, հոգեբանի և ունկնդիրների կարծիքները հակասական են

60-ականների վերջերին և 70-ականների սկզբներին ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, մեծ էր հետաքրքրությունը ռոք երաժշտության նկատմամբ: Բոլորն ապրում էին Էլվիս Փրեսլիի, «Բիթլզի», «Ռոլլինգ Սթոունզի», «Դիփ Փարփլի» և այլ խմբերի երաժշտությամբ: Վերջին շրջանում մեր երկրում կրկին աշխուժություն է ապրում ռոք երաժշտությունը, հատկապես` երիտասարդության շրջանում: Բայց կարծիք կա, որ ռոք երաժշտությունը վտանգավոր է լսել: Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Մարգարիտ Սարգսյանը «Անկախի» հետ զրույցում նշեց, որ ռոքը վնասակար արվեստ չէ:

– Ասեմ, որ ռոք երաժշտությունը բաժանված է մի քանի ճյուղերի, ասենք` Ֆրեդի Մերկուրիի, «Փինք Ֆլոյդի» երաժշտությունը դասականին հավասար է: Բնականաբար, ինչպես յուրաքանչյուր երաժշտություն, ռոքն էլ որոշ թերի կողմեր ունի: Ասում են` ռոք ստեղծողները Աստված չունեն: Դասական ռոք լսելը ոչ թե վնաս է, այլ՝ օգուտ: Ուղղակի հասարակությունը պետք է գիտակցի, թե որն է դասականը, քանի որ այսօր, ցավոք, միջին մակարդակն է իշխում, ինչը հանգեցնում է նրան, որ մարդու գիտակցության մեջ միջինը կարող է դառնալ բարձր: Ռոք երաժշտության գնահատման չափանիշն այսօր մեզանում, ցավոք, խախտվել է»,- ասում է Մարգարիտ Սարգսյանը:

Այլ կարծիքի է հոգեբանական գիտությունների թեկնածու Արամ Գյուրջյանը:

– Ռոքի հիմքում հիմնականում ընկած է ագրեսիան: Այն հաճախ հենց երիտասարդներին է գրավում, քանի որ նրանք նոր-նոր են ճանաչում աշխարհը, իսկ ռոքը շատ հեշտությամբ կարող է փոխել երիտասարդի բնավորությունը:

Հաճախ ռոքի ազդեցությամբ նրանք դառնում են ագրեսիվ, չշփվող, մեկուսացված, երբեմն էլ այն մղում է ինքնասպանության: Այս պարագայում ռոքը սովորական գործիք է, որի միջոցով մի խումբ մարդիկ փորձում են գաղափար ներարկել: Հարց է, թե ինչպիսին կլինի գաղափարը: Հենց դրանով էլ պայմանավորված է ռոքեր-ունկնդիր փոխհարաբերությունների կայացումը,- նշում է հոգեբան Արամ Գյուրջյանը:

Էդգար Վարդանյանը, որ Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներից է, հիմնականում լսում է 60-70-ականների ռոք, երբեմն էլ դասական երաժշտություն է ունկնդրում: Նա ասում է, որ ավելի լավ է լսել ռոք, քան, ասենք, ռաբիս:

– Ըստ իս, ռաբիսը անճաշակություն է: Տեքստերը հիմնականում նույն բաների մասին են, ինչը չի կարելի ասել 70-ականների հայտնի ռոք խմբերի մասին: Ես ոչ միայն լսում եմ ռոքը, այլև ապրում եմ դրանով,- վստահեցնում է Էդգար Վարդանյանը:

Մեր այն դիտարկմանն էլ, թե՝ ռոքում էլ տեքստերը հիմնականում հակաքրիստոնեական են, Էդգար Վարդանյանը նկատում է.

– Ռոքում տեքստերն ինձ համար մեծ նշանակություն չունեն: Ես ընկալում եմ երաժշտությունը, այն ինձ դուր է գալիս: Երբեմն ինձ ցնորված են համարում, բայց ես սիրում եմ ռոք, ավելի ճիշտ` ծանր ռոք,- նշում է Էդգարը:- Ինչքան էլ տարօրինակ է, բայց ռոքն ու դասականն ինձ համար առաջին հորիզոնականում են: Ես կարող եմ երկու ժամ շարունակ «Բիթլզ» լսել, որից հետո, ասենք, Վիվալդիի ստեղծագործությունները:

– Ռոքը բացասական ազդեցություն է թողնում, դրական լիցքեր չի առաջացնում մարդու մեջ: Այն հանդարտություն ու ներդաշնակություն չի տալիս: Կան մարդիկ, ովքեր իսկապես սիրում են ռոքը, ճաշակի հարց է,- ասում է 35-ամյա Նորայր Ավետիսյանը:

Իսկ Լիլիթ Սիմոնյանը, որ ԵՊՀ-ի ուսանողուհիներից է, ասում է, որ ռոք լսում է հազվադեպ:

– Ռոք երբեմն-երբեմն եմ լսում: Այսպես ասած` հավեսի ու տրամադրության դեպքում: Ռոքի արքաները կուռք չեն ինձ համար, սիրում եմ Լեպս լսել, բայց մի քանի երգ: Ինձ գրավում է ոչ թե այն, որ նա ռուսական ռոքի աստղ է, այլ ավելի շատ սիրում եմ նրա ձայնը,- նշում է Լիլիթ Սիմոնյանը:

25-ամյա Հովհաննես Թովմասյանն էլ այն կարծիքին է, որ ռոքը  հաստատ բացասական լիցքեր է հողորդում:

– Ավելի լավ է լսեմ ռաբիս, քան ռոք: Եթե ռաբիսի դեպքում տխրում եմ, ապա ռոքի դեպքում գլուխս ինձ չի ենթարկվում: Կարծում եմ՝ ցնորվածներն են հիմնականում ռոքի սիրահարները, թմրամոլներն ու այլասերվածները,- նշում է Հովհաննեսը:

Ռոքի մասին խոսեցինք նաև Առաքելական եկեղեցու երիտասարդաց միության ատենապետ Արմեն դպիր Վարդանյանի հետ:  Նա նշեց.

– Ռոք երաժշտություն շատ քիչ եմ լսում: Հիմնականում ունկնդրում եմ ներքին ընկճվաճության դեպքում,- ասում է Արմենը:

Այն հարցին, թե՝ տեղյակ է, որ ռոք երգերի տեքստերը հիմնականում հակաքրիստոնեական են, փաստում է.

– Բնականաբար գիտեմ, բայց լսում եմ այնպիսի ռոք, որի տեքստերը հակաքրիստոնեական չեն: Ինձ ավելի գրավում է ռոքի մեղեդին:

Վահան Ներսիսյանն էլ, որ  Սլավոնական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողներից է, հիշեց, որ տարիներ առաջ մի ռոքերի հետ է ծանոթացել ու բավական հետաքրքիր զրույց ունեցել:

– Ռոքերը, որի հետ ծանոթացա, իրեն ազատ մարդ էր համարում: Այն հարցին, թե առանց օղերի, պատառոտված հագուստի, խենթությունների կարո՞ղ է ապրել, պատասխանեց` ոչ: Պարզ դարձավ, որ նրանք ավելի ընկճվող են, կոմպլեքսավորված… Ու այդ ամենը նրանք թաքցնում են իրենց հագուստներում»,-ավելացրեց Վահանը:

Ի դեպ, վերջերս Ճապոնիայում գիտափորձ են անցկացրել 25 հազար մարդու շրջանում: Պարզվել է` ռոք երաժշտությունը, ներազդելով ուլտրա և ինֆրաձայներով, որոնք մենք չենք լսում, բայց «լսում» են մեր օրգանները,կարող է քայքայել ուղեղը:

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

 

 

Դիտվել է 3265 անգամ:
Print Friendly

Leave a Reply