Ամերիկյան բանակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | February 9, 2012 7:00

Ամերիկայի Միացյալ Նահանգներ պետությունն առաջացել է 1776 թ., երբ Բրիտանական կայսրության 13 նահանգներ ապստամբեցին, մետրոպոլիայի դեմ պայքարի արդյունքում հաղթանակ տարան ու ծնվեց ԱՄՆ-ն: ԱՄՆ պետության ստեղծումը բացառիկ երևույթ էր համաշխարհային պատմության մեջ: Նախ, որպես այդպիսին, ամերիկյան պետությունը չուներ իր նախադեպը:  Բացի այդ, սա առաջին դեպքն էր պատմության մեջ, երբ փաստորեն ոչնչից ստեղծվեց պետություն: Ամերիկյան մայրցամաքում, ավելի ճիշտ` բրիտանական այս գաղութներում չկար միասնական ազգային բնակչություն, բնակիչների մեջ սոցիալական շերտավորում կար, բնիկները կազմում էին տեղի բնակչության չնչին տոկոսը…

Մի խոսքով, դասական պետության ստեղծման համար ոչ մի պայման չկար: Այսինքն` տեղի բնակիչները որևէ էթնիկ, կրոնական ընդհանրություններ չունեին: Սակայն ԱՄՆ պետությունն, այնուամենայնիվ, ստեղծվեց: Եվ ստեղծվեց տնտեսական ընդհանրությունների ու ընդհանուր շահերի հիման վրա:

Ամերիկյան պետության ստեղծման հետ կազմավորվեց նաև ամերիկյան բանակը: Այն թերևս միակ բանակն է, որ երբևէ պաշտպանական պատերազմ չի վարել: Կազմավորման առաջին իսկ փուլից այն ԱՄՆ արտաքին քաղաքական  ուղղության իրականացման միջոց էր:

Շատ չանցած` ամերիկացիներն անցան արտաքին նվաճումների. նվաճեցին Կարիբյան ավազանի կղզիները, ամերիկյան մայրցամաքում տասներեք նահանգներն ընդարձակվեցին դեպի արևմուտք:

Պետք է նշել, որ ԱՄՆ պատմության մեջ, չնչին բացառություններով, երբեք ժողովրդական զորակոչ չի անցկացվել, և բանակը միշտ արհեստավարժ է եղել: Սակայն դա ունի իր բացասական կողմերը: Նախ` բուն ամերիկյան ժողովուրդը կտրված է սեփական բանակից, և ամերիկացիները բանակն ընկալում են սոսկ որպես պետական կառույցներից մեկը:

Իր հերթին ամերիկյան բանակը դասական մարտի կանոններին չի տիրապետում և երբեք գործնականում չի օգտագործել, անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Այդ ժամանակամիջոցում ամերիկացիները եվրոպական մայրցամաք հանեցին էքսպեդիցիոն ուժեր, որոնք չգիտեին` ինչ է խրամատում կամ բլինդաժում պաշտպանվելը, մերձամարտը… Այդ պատճառով էլ Եվրոպայում և Աֆրիկա մայրցամաքում ամերիկացիները շատ անհաջողություններ  և մի քանի անգամ խոշոր կորուստներ ունեցան գերմանացիների և իտալացիների դեմ մարտերում:

Այդ հողի վրա անգամ շատ հակասություններ առաջացան Եվրոպայում ամերիկյան ուժերի հրամանատար Դուայտ Էյզենհաուերի (հետագայում` ԱՄՆ նախագահ) և անգլիական զորքերի հրամանատար Դուգլաս Մակարտուրի միջև:

Սակայն ամերիկյան բանակի` դասական մարտ վարելու անկարողությունը լրացվեց տեխնիկական հագեցվածությամբ ու զենք-զինամթերքի նորամուծություններով: Մասնավորապես, արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ատոմային զենքի ի հայտ գալը և դրա օգտագործումը Ճապոնիայի դեմ ամեն ինչ դրեց իր տեղը: Դա նաև կանխորոշեց ամերիկյան ռազմական արդյունաբերության հետագա ուղին: Պենտագոնը հասկացավ, որ կարելի է պատերազմ մղել մեծ հեռավորությունից` խնայելով մարդկային ու տեխնիկական ռեսուրսները: Միջուկային զենքը լուծում է նաև ոչ պակաս կարևոր այլ հարց. այն հնարավորություն է տալիս պակաս թվաքանակով զինուժով մրցակցել թշնամու հետ: Մի խոսքով, ծնվեց սպառազինության մրցավազքի դասական մոդելը:

Այս տարիներին ամերիկյան բանակը շատ ավելի ներկայացուցչական բնույթ ուներ: ՆԱՏՕ-ի դաշինքի երկրների կազմում ամերիկյան զինուժի և բազաների ներկայությունը շատ ավելի դիվանագիտական ճնշման միջոց էին, քան ռազմական ներկայացուցչություն: Իր հերթին, ԱՄՆ-ի թշնամի ԽՍՀՄ-ը որդեգրել էր գրեթե նման ներկայացուցչական քաղաքականություն: Ռուսական ռազմական բազաներն ու զինուժը տեղակայված էին Վարշավայի պայմանագրի երկրների տարածքում: Սակայն, ի տարբերություն ամերիկյան զինուժի, խորհրդային բանակն ավելի կենսունակ էր և ավելի պրակտիկ: Նախ` ԽՍՀՄ բանակը համալրում էին ոչ թե արհեստավարժները, այլ բնակչությունը, որ նախապես արդեն դպրոցական նստարանից գաղափարական և տեսական գիտելիքներ էր ստանում: Բացի այդ, ԽՍՀՄ զինված ուժերն ավելի փորձառու էին, շատ ավելի մարտունակ: Եվս մի հանգամանք. եթե ամերիկացի զինվորի համար բանակում ծառայելը սոսկ աշխատանք է, ուր ավելի հաճախ գնում են սոցիալական խնդիրներ ունեցող խմբերը, մանավանդ` ուսանողները, ապա խորհրդային բանակում ամուր էր գաղափարական և հայրենասիրական ոգին:

Այս ամենը լավ հասկանում էին Վաշինգտոնում, և սպառազինությունների մրցավազքի ողջ ընթացքում մի քանի անգամ (Արևելյան Եվրոպա, Կուբա, Աֆղանստան) ամերիկյան և խորհրդային զինված ուժերը «շփման եզրեր» ունեցան, բայց ամերիկացիները միշտ վերջին պահին խուսափեցին վճռական առճակատումից:

Պատմությունը ցույց է տալիս նաև, որ ամերիկյան բանակը կենսունակ է այն պատերազմներում, երբ հակառակորդը միայնակ է և մեկուսացած: Դա ամերիկացիների մարտավարությունն է. նախապես ընտրում են թիրախը, նրա դեմ  դաշինք ստեղծում, թիրախ դարձած երկիրը մեկուսացնում դիվանագիտական և տնտեսական միջոցներով և նրա վրա հարձակվում կոալիցիոն ուժերով: Այդպես է վարվել ԱՄՆ-ն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մղած բոլոր պատերազմներում:

Ամերիկյան բանակը մեկուսացած է հասարակությունից: Այնտեղ ամեն ինչ գաղտնիության շղարշով է պատած, այդ պատճառով էլ ամերիկյան հասարակությունն անտեղյակ է բանակից և չի ապրում իր երկրի ռազմական ուժերով: Բացի այդ, ամերիկյան հասարակությունը շատ զգայուն է մարդկային կորուստների նկատմամբ (իհարկե, երբ խոսքը վերաբերվում է ԱՄՆ քաղաքացիներին),  ուստի ամերիկյան բանակի կորուստների պարագայում մեծանում է հասարակության ճնշումը Պենտագոնի վրա: Դա հատկապես ցայտուն էր Վիետնամական պատերազմի տարիներին: Ահա ինչու մեր օրերում ամերիկյան բանակի կորուստները Իրաքում և Աֆղանստանում աշխատում են խնամքով կոծկել: Զոհերի մասին եղած պաշտոնական տվյալները, ինչ խոսք, շատ հեռու են իրականությունից: Դրա փոխարեն բավականին ուռճացվում են հակառակորդի կորուստները. նմանօրինակ քաղաքականություն վարեց Պենտագոնը Վիետնամի պատերազմի տարիներին, ապա կրկնեց Իրաքի պարագայում, որտեղ իբր, ըստ ԱՄՆ պաշտոնական տվյալների, Իրաքի բանակը տվել է շուրջ 150000 զոհ: Իսկ դա իրաքյան զինված ուժերի 1/3-ն է կազմում:

Առհասարակ, ամերիկյան բանակը սովոր չէ և չի կարող երկարատև դիրքային պատերազմ վարել: Ամերիկացիները սովոր են կայծակնային պատերազմի: Նախ` ավիացիայի և հեռահար հրթիռների միջոցով շարքից հանում են հակառակորդի կարևորագույն ռազմական օբյեկտները, ապա հետևում է հետևակի և մարտական տեխնիկայի ներխուժումը: Եթե հակառակորդ բանակը կարողանա դիմակայել ամերիկյան հարձակման առաջին թափին, ապա ներխուժումը կձախողվի:

Ավելին, ամերիկյան բանակի զինվորը որևէ աղերս չունի հանրահայտ ֆիլմերի զինվորի կերպարի հետ: Շատ դեպքերում նրանք անպատրաստ են բարոյապես, հոգեբանորեն, նաև` տարրական զինվորական գիտելիքներով: Ամերիկյան բանակի զինվորները զուտ նպատակային պատրաստվածություն ունեն: Ասենք` ճանապարհին փչացել է մեքենան կամ ուղղակի շարքից դուրս է եկել անիվը, դա վերանորոգելու համար հարկ կլինի հատուկ մասնագետ կանչել: Շատ դեպքերում մյուս զինվորները չեն կարողանա լուծել այլ տարրական խնդիրներ: Դրա փոխարեն կարգապահ են, և ամերիկացիների առավելությունը բացառապես բանակի տեխնիկական հագեցվածությունն է:

 

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Դիտվել է 1434 անգամ:
Print Friendly

Leave a Reply