«Գոնե խղճի խայթ կզգա՞ք, որ անմեղին դատեցիք, թե՞ կասեք` տեղի է ունեցել անփութություն…»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | February 6, 2012 15:00

«Տղայիս 15 տարի առաջ բանակ ուղարկեցի ու մինչև հիմա չեմ կարում տուն բերեմ»,-ասում է ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի մայրը:

1997 թ. 19-ամյա Արթուր Մկրտչյանը  դատապարտվեց մահվան 5 զինծառայողի սպանության մեղադրանքով: 2003-ին նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:

Ս.թ. հունվարի 26-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախաձեռնած քննարկման ընթացքում` նվիրված ցմահ դատապարտյալների խնդիրներին, որպես կասկածելի դատական քննություն անցած գործ` նշվեց  Արթուր Մկրտչյանի գործը, և ցուցադրվեց «Ինտերնյուսի» կողմից նրա մասին նկարահանված ֆիլմը: Մկրտչյանի գործում չկան համոզիչ փաստեր 5 զինվոր ընկերներին սպանելու վերաբերյալ։ Գործի հիմքում ընկած է դատապարտյալի ինքնախոստովանական ցուցմունքը, որը, սակայն, նա տվել է հորն ու եղբորն իր աչքի առջև խոշտանգելու և այլ վնասներ հասցնելու սպառնալիքների տակ: Գործի հիմքում նաև մի վկայի ցուցմունք է, որը մի քանի անգամ փոփոխվել է:

Արդեն 16 տարի է` Արթուր Մկրտչանն ու նրա հարազատները պայքարում են գործը վերանայելու և ճշմարտությունը բացահայտելու համար, բայց ապարդյուն: Մկրտչյանի մայրն, անգամ ինքնահրկիզման փորձ է արել:

2011 թ. դեկտեմբերի 6-ին ցմահ դատապարտյալն անժամկետ հացադուլ էր հայտարարել` բաց նամակ հղելով ՀՀ նախագահին, որում խնդրում էր աջակցել իր գործի վերանայմանը: Արթուրը դուրս է եկել 22-օրյա հացադուլից ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամների հետ հանդիպումից հետո: Հայրն ասում է, որ որդին իր գործը վերանայելու համար պատրաստ է կրկին հացադուլ հայտարարել, սակայն բժիշկները խստիվ արգելում են, քանի որ նրա առողջական վիճակը դա թույլ չի տալիս:

Ցմահ դատապարտյալների խնդիրների շուրջ զրույցում Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանն առանձնացրեց նախ 2003 թ. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը, որով ներում շնորհվեց մահապարտներին, բայց միաժամանակ նոր պատիժ սահմանվեց` ցմահ ազատազրկում: Ըստ փաստաբանի` դա հակասում է ոչ միայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, այլև ՀՀ սահմանադրությանը: «Մենք ունենք շատ մեծ իրավական սխալ հենց նախագահի հրամանագրում,- նշեց նա,- այնտեղ հստակ ամրագրված է, որ պատիժ կարող է սահմանել միայն ու միայն դատարանը, իսկ այս մարդիկ հիմա կրում են ցմահ ազատազրկման պատիժ, որը սահմանված չէ դատարանի կողմից: Այո, նախագահը ներում շնորհելու իրավունք ունի, բայց պատիժ սահմանելու` ոչ: Բացի այդ, նախկին քրեական օրենսգրքով (մինչև 2003-ը) իրավունք չկար ներում շնորհելու դեպքում մահվան դատապարտվածին ցմահ դատապարտել. նրան պետք է առնվազն 15-20 տարի տային, ոչ ավելի: Փաստորեն, նոր օրենսգիրքը ավելի խիստ դրույթ է պարունակում, քան նախկինը: Մի բան էլ. մահապատժի դատապարտված անձին ներում շնորհելու հասկացություն ներկա օրենսգիրքը չի էլ նախատեսում»:

Մի քանի ամիս առաջ փաստաբաններ Ռոբերտ Ռևազյանն ու Վահե Գրիգորյանը ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի գործով բողոքարկել են նախագահի 2003 թ. հրամանագիրը, որպեսզի պատիժը մասնակի անվավեր ճանաչվի: Հայաստանյան դատական ատյաններից առանձնապես մեծ ակնկալիքներ չունեն, սակայն հույս ունեն, որ եվրոպական դատարանը գործը պատշաճ գնահատականի կարժանացնի: «Թեև մեր երկրին պատիվ կբերեր, որ մեր դատարաններն այդքան կամք դրսևորեին` ընդունելու իրենց սխալները,- ասաց փաստաբանը,- բայց որպես կանոն` զարգացած, կայացած արդարադատություն ունեցող երկրներում են ընդունում, որ կարող են դատական սխալներ թույլ տալ և գործերը վերանայել, իսկ այնպիսի երկրներում, որտեղ այդ ինստիտուտը կայացած չէ, շատ ցավով են ընդունում դա, կարծես թերարժեքության բարդույթ ունեն»:

Հայաստանում կա 104 ցմահ դատապարտյալ: Այս թիվն, ըստ «Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության» անդամ Զարուհի Մուրադյանի, բավականին մեծ է  2,5 միլիոն բնակչության պարագայում: Այս թվի առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգը Հայաստան կատարած իր վերջին այցի ժամանակ, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Ազգային ժողովում դատաիրավական բարեփոխումների փաթեթի լսումների ժամանակ:

Եթե համեմատելու լինենք Հայաստանի բնակչության չափ բնակչություն ունեցող այլ երկրների հետ, այս թվով Հայաստանը ոչ թե առաջատար է, այլ գերառաջատար: Օրինակ, Էստոնիայում ցմահ ազատազրկվածները 6-ն են, Սլովակիայում` 4-ը, 2 մլն. բնակչություն ունեցող Սլովենիայում` 6-ը, 16.5 մլն բնակչություն ունեցող Նիդեռլանդներում` 120-ը, 38 մլն բնակչություն ունեցող Լեհաստանում` 200-ը և այլն:

2011 թ. մայիսին ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն մտցվեց, որով որոշակի հանցագործության դեպքում նախկին առավելագույն 15 տարի ազատազրկման պատժի շեմը բարձրացավ 20-ի: «Դատախազությունը դա հիմնավորեց նրանով (ի դեպ, ես էլ եմ համամիտ դրա հետ), որ հաճախ դատարանները, 15 տարին համարելով մեղմ պատիժ, ցմահ էին տալիս` միաժամանակ հասկանալով, որ ցմահը խիստ պատիժ է տվյալ դեպքում: Այսինքն` ստեղծվեց այլընտրանքային տարբերակ,- ասաց Ռևազյանը:

Ըստ փաստաբանի` դրանով նաև միտում կար ցմահ դատապարտյալների թիվը նվազեցնելու, քանի որ ընդունում էին, որ մեզ մոտ այդ թիվը շատ մեծ է: Օրենքը փոփոխվեց, բայց նախկին գործերի վերանայում տեղի չունեցավ: Մինչդեռ, ըստ Ռևազյանի, եթե նախկին գործերը վերանայվեն, հնարավոր է, որ դրանց մի մասը համապատասխանի ոչ թե ցմահ դատապարտման պատժի, այլ 20 տարի ազատազրկման: «90-ից ավելի ցմահ դատապարտյալներ դիմել են, որպեսզի իրենց գործերը վերանայվեն, բայց բոլորին մերժել են,- ասաց փաստաբանը,- դատարաններն ասում են, որ օրենքի փոփոխությունը ոչ թե մեղմացնող պետք է դիտել, այլ խստացնող: Մինչդեռ այդ 5 տարվա ժամկետը ցմահի հաշվին է բարձրացել»:

Ռևազյանը կարծում է, որ գործերը չվերանայելու պատճառը որոշակի բարդություններից խուսափելն է. պետք է գործն ավելի խորքային ուսումնասիրեն, լուրջ հետազոտություններ անեն. «Դատարանների մերժման հիմնավորումները գրեթե նույնն են, միայն անուններն են տարբեր, այսինքն` իրենցից լրացուցիչ ջանքեր չի պահանջվում,- նկատեց փաստաբանը,- բացի այդ, որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարեցին, որ դա խստացնող օրենք է, կարծում եմ` դա ևս ճնշում է դատարանների վրա»:

Ցմահ դատապարտյալների մյուս խնդիրն էլ գործերի ծայրահեղ տարբեր լինելն ու պատժի մեջ տարբերակում կիրառելն է: Ցմահ դատապարտյալների մեջ կան, օրինակ, մինչև 8 անձանց սպանության մեղադրանքով դատապարտվածներ և բազմակի դատվածություններ ունեցողներ, բայց կան նաև անձինք, ովքեր դատապարտվել են սոսկ հանցագործությանը օժանդակելու համար:

Մյուս խնդիրն էլ տարիքային տարբերությունն է: Հունվարի 26-ին կլոր սեղանի շուրջ ցմահ դատապարտյալների խնդիրները քննարկելու ժամանակ շատ հարցերի շուրջ հակադիր տեսակետներ ունեցողներն անգամ մի հարցում համակարծիք էին` ցմահ դատապարտման պատժի շեմը պետք է սահմանվի 21 տարեկանից, մինչդեռ Հայաստանում այդ թիվը 18-ն է: Հատկանշական է, որ  100 ցմահ դատապարտյալներից 15-ը դատապարտվել են զինծառայության ընթացքում տեղի ունեցած հանցագործությունների մեղադրանքով` 18-20 տարեկանում:

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը կարծում է, որ զինված ուժերում կատարված դեպքերը պետք է առանձին հարթության մեջ քննվեն: «Այնտեղ իրավիճակն այլ է, հանցագործության կատարման հնարավորությունը մեծ է, յուրաքանչյուրը կարող է դրա մեջ հայտնվել` անկախ իր կամքից,- նշեց նա,- և ընդհանրապես, 18-19 տարեկանը դեռ կարող է փոխվել, շտկվել, նրան չպետք է այդ հնարավորությունից զրկել»:

Նշենք, որ դեռևս 1980 թ. Կարակասում ՄԱԿ-ի 6-րդ կոնգրեսի ժամանակ արձանագրվել է, որ ցմահ դատապարտումը հակասում է պատժի նշանակությանը, եթե չեն կիրառվում մարդուն հասարակություն վերադարձնելուն ուղղված գործուն քայլեր: Մինչդեռ մեզ մոտ անգամ խնդրահարույց գործերը չեն վերանայվում: Տեղին է հիշել ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանի` զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին ուղղված նամակը, որում նա գրել է. «Վաղ թե ուշ իրականությունը ջրի երես է դուրս գալու… Բայց դուք գոնե խղճի խայթ կզգա՞ք, որ անմեղին դատեցիք, թե՞ կասեք` տեղի է ունեցել անփութություն…»:

 

Դիտվել է 1258 անգամ:
Print Friendly

Leave a Reply