Երջանկությունը փողի մեջ չէ` վստահեցնում է աշխարհի ամենահաջողակ տղամարդը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | February 5, 2012 15:00

Տարեց խորվաթը` թոշակառու Ֆրանո Սելակը, որ աշխարհի ամենահաջողակ մարդն է համարվում, որոշել է վիճակախաղում շահած իր գումարը բաժանել բարեկամներին ու հարազատներին:

2003 թ. հունիսի 1-ին նա 1 միլիոն դոլարին համարժեք գումար էր շահել վիճակախաղով և մեծ շուքով նշել իր 5-րդ հարսանիքը` ամուսնանալով իրենից 20 տարի փոքր կնոջ հետ: Այն ժամանակ նա հայտարարեց. «Այժմ ես պետք է վայելեմ իմ կյանքը: Ես ինձ նոր ծնվածի պես եմ զգում: Գիտեմ, որ Աստված այս տարիների ընթացքում ինձ միշտ հետևել է»:

Այժմ Սելակը  հասկացել է, որ «փողով հնարավոր չէ երջանկություն գտնել», և վերադարձել է իր համեստ կենսակերպին: Նա վաճառել է մասնավոր կղզում գտնվող շքեղ առանձնատունը, դրամը բաժանել իր ընտանիքի անդամներին ու բարեկամներին և վերադարձել երկրի կենտրոնում` Զագրեբից հարավ տեղակայված Պետրինյայում գտնվող իր համեստ տունը: Շահած գումարի մնացած մասը նա ծախսել էր վիրահատության վրա. փոխել էր կոնքազդրային հոդը, որպեսզի իր ամուսնական կյանքն ավելի հաճելի դարձնի: Խորվաթիայի կաթոլիկ բնակիչը Կույս Մարիամի պատվին նաև եկեղեցի է կառուցում, որպեսզի Աստվածամորն իր երախտագիտությունը հայտնի հաջողության համար: «Իմ տարիքում այն ամենը, ինչ ինձ պետք է, իմ կինն է` Կատարինան: Փողը ոչինչ էլ չէր փոխելու»,- վստահեցնում է 81-ամյա թոշակառուն:

– Երբեք չէի մտածի, որ ես կենդանի կմնամ մահվան հետ այսքան հանդիպումներից հետո: Ես դեռ առաջին անգամ մտածեցի, որ բախտս չի բերի… Միշտ կարծում էի, որ հաջողակ չեմ, քանի որ այնպիսի իրավիճակներում էի հայտնվում, որ փրկությունը հրաշքի պես մի բան էր թվում: Բայց այսքանից հետո հասկացել եմ, որ չպետք է մարդկանց ասել այն, ինչին նրանք չեն ուզում հավատալ»,- այսպես է բացատրում Սելակը այն յոթ վտանգավոր իրավիճակները,  որոնց մեջ հայտնվել է և անվտանգ հաղթահարել դրանք:

Ֆրանո Սելակի 7 աղետները

Գնացք և սառցաջուր

Խորվաթի բախտն իսկապես բերեց 1962 թ., երբ գնացքը, որով նա ուղևորվում էր Սարաևոյից Դուբրովնիկ, գծերից դուրս եկավ և գետն ընկավ:

Այն ժամանակ 17 մարդ խեղդվեց, իսկ Ֆրանո Սելակը հազիվ փրկվեց: Նա կարողացավ լողալով ափ դուրս գալ` խիստ ցրտահարված, ձեռքը կոտրված, վնասվածքներ ստացած ու շոկային վիճակում:

Ինքնաթիռ և դեզ

Մեկ տարի անց նա ընկավ DC-8 ինքնաթիռից Զագրեբի և Ռիեկի միջև. թռիչքի ժամանակ պատահաբար բացվել էր ինքնաթիռի դուռը: Այս աղետի ժամանակ 19 մարդ զոհվեց: Սելակը «վայրէջք կատարեց» դեզի վրա և միայն քերծվածքներ ու կապտուկներ «վաստակեց»:

Ավտոբուս և գետ

1966 թ., երբ նա Սպլիթ քաղաք էր գնում, ավտոբուսը ճանապարհից դուրս եկավ ու գետն ընկավ: Չորս մարդ զոհվեց: Սելակը լողալով ափ հասավ: Այս անգամ էլ վնասվածքներ ու քերծվածքներ ստացավ և առավել խոր շոկային վիճակում հայտնվեց:

Վառվող ավտոմեքենա

Չորրորդ աղետը խորվաթի  կյանքում տեղի ունեցավ 1970-ին: Ավտոմեքենան, որով ընթանում էր, հանկարծ հրդեհվեց: Սելակը հասցրեց դուրս գալ ավտոմեքենայից բենզաբաքի պայթելուց մի քանի վայրկյան առաջ: Այդ դեպքից հետո արդեն նրա ընկերը հաջողակ խորվաթին սկսեց «բախտավոր» անվանել: «Նա այն ժամանակ ինձ ասաց. «Դու աշխարհի ամենաանհաջողակ մարդն ես»,-

«Նյու Յորք թայմսին» պատմել է Սելակը:

Մազեր և փչացած պոմպ

Երեք տարի հետո Ֆրանո Սելակը հանկարծ կորցրեց գլխի գրեթե ողջ մազերը: Վատ աշխատող վառելիքի պոմպը բենզինն արտանետեց ավտոմեքենայի շիկացած շարժիչի վրա ու բոցավառվեց:

Ճանապարհատրանսպորտային պատահար

1995 թ. Ֆրանո Սելակը վեցերորդ անգամ աղետի ենթարկվեց: Զագրեբի փողոցներից մեկում ավտոբուսը պատահաբար վրաերթի ենթարկեց նրան: Բախտավոր խորվաթը այս անգամ «թեթև վախով պրծավ», նա փոքրիկ քերծվածքներ էր ստացել և անխուսափելի շոկ:

ՄԱԿի բեռնատարը և լեռնային կիրճը

Հաջորդ տարի Սելակն իր ավտոմեքենայով ընթանում էր լեռնային ճանապարհով, երբ հանկարծ, անցնելով շրջադարձը, տեսավ ՄԱԿ-ի` ուղիղ իր վրա սլացող բեռնատարը: Նրա «Skoda»-ն բախվեց ճանապարհային պատնեշին, կոտրեց այն և կախվեց կիրճի եզրին: Սելակը վերջին պահին հասցրեց դուրս թռչել ավտոմեքենայից: Փոքրիկ թռիչքից հետո նա վայրէջք կատարեց ծառի վրա, որտեղից էլ կարողացավ հետևել դեպի կիրճ գահավիժող իր ավտոմեքենայի ընթացքին, որը պայթեց 90 մ խորության վրա:

Ֆրանկո Սելակը չորս անգամ անհաջող ամուսնություն է ունեցել: Վիճակախաղում շահելուց հետո նա փիլիսոփայորեն նկատել է. «Ես կարծում եմ, որ իմ ամուսնությունները ևս աղետ են եղել»: Ըստ երևույթին, հինգերորդ ամուսնությունը, որը կնքվեց շահումից հետո, կարելի է հաջողակ անվանել:

Իսկ մեզ մնում է միայն լավ մտածել` արժե՞ ընդհանրապես նման գնով ամենահաջողակ մարդը լինել…

 

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է 1202 անգամ:
Print Friendly

Leave a Reply