«Եվրատեսիլի» մեր մասնակցի անունը հայտնի կդառնա մինչ մարտի 18-ը
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | February 2, 2012 16:35
«Հաշվի առնելով «Եվրատեսիլ 2012»-ի առանձնահատկությունը` Հանրային հեռուստաընկերությունը որոշում է ընդունել մրցույթն անցկացնել ներքին ընտրությամբ: Ընտրությունը կկատարի ՀՀ hանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձևավորված հատուկ հանձնախումբը, որում կընդգրկվեն երաժիշտներ, հեռուստատեսության մասնագետներ և երաժշտական պրոդյուսերներ».- այս բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը:
Հաղորդագրության մեջ նշված է. «Եվրատեսիլ 2012»-ի Հայաստանի մասնակիցն ու ներկայացվող երգը հայտնի կդառնան մինչև ս. թ. մարտի 18-ը:
Հանրային հեռուստաընկերությունն այս տարի առաջին անգամ կմասնակցի նաև մայիսին Վիեննայում կայանալիք Պատանի երաժիշտների «Եվրատեսիլ-12» մրցույթին, որին մասնակցելու են նաև Ավստրիան, Բելառուսը, Բոսնիա-Հերցեգովինան, Խորվաթիան, Չեխիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան և Ուկրաինան:
Դասական ժանրում հանդես եկող 15-20 տարեկան երաժիշտների ամենամյա այս մրցույթը Եվրոպական հեռարձակողների միության ամենամյա խոշոր նախագծերից է: Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը հայտնի կդառնա մինչև մարտի 15-ը:






Facebook
Tweet This
Email This Post
