Թուրքական մուլտերն ու հայկական սերիալային եթերը

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | February 8, 2012 14:00

Չորսամյա Արսենն ու երեքամյա Արմենը ողջ օրը  «Պեպե»   մուլտն են պահանջում: Խոսքը հայտնի մուլտի  Պեպե անունով հերոսուհու մասին չէ, այլ թուրքական  մանկական ալիքներից մեկով եթեր հեռարձակվող մուլտի:

«Ի՞նչ անեմ, երեխաներ են, ուզում են մուլտ դիտել, բա ինչո՞վ զբաղվեն, ես չեմ կարող անընդհատ նրանցով զբաղվել, ոչ էլ տեխնիկապես կարող եմ դա ապահովել: Ավելի լավ է` այսպես նստած հանգիստ դիտեն, քան թե միացնեմ հայկական ալիք, ու նույն այդ ժամին անորակ սերիալների կրկնություն դիտեն, որոնցում ծեծում են իրար, հետո էլ սովորեն,  իրար ծեծեն»,- արդարանում է  երեխաների մայրը` Նարեն: Մինչ մայրը պատմում է, թե ինչու չի ընդդիմանում, որ երեխաները թուրքական մուլտ դիտեն,  երեխաներից ավագը`  Արսենը, թուրքերեն հաշվել է փորձում. թուրքական նույն ալիքով վառ գույներով մուլտի հերոսը ցույց է տալիս թվի գրային ձևը, ապա ասում այն, «սպասում», որ երեխան ևս կրկնի: Արսենը նրա հետևից կրկնում է` բիր, իքի…:

Արսենն արդեն գիտի, որ թուրքերեն «չոճուխ» նշանակում է երեխա: Մուլտերում նաև շատ են ցուցադրել սազ երաժշտական գործիքը, թուրքական պարեր, թուրքական ազգային հագուստ:  Երեխան դրանք ընկալում է իբրև խաղ, սակայն  իրականում սովորում է, ընկալում,  յուրացնում տեսածը:

Արդյոք այդ հարցը ծնողը չպե՞տք է կարգավորի` երեխան թուրքական մուլտ դիտի, թե ոչ, չի՞ կարող է պարզապես թույլ չտալ, որ  նա դիտի այն:

Նարեն համամիտ չէ. «Բայց դե հո մենակ զուտ էդ բաները չեն սովորում: Էդ մուլտերի  շնորհիվ նրանք սովորում են նաև սիրել բնությունը, կենդանիներին,  սովորում են հարգել մեծերին, սովորում են ինչպես  մարզվել ու շատ այլ բաներ»,- ասում է նա:

Փոխարենը Նարեն ցանկանում է իմանալ` ինչ է սովորել այսքան ժամանակ իր չորսամյա տղան հայկական հեռուստասերիալներից:  «Ախպերս ա, իմ ախպերս, ջա՜ն, ջա՜ն», ինչ-որ նման երգ,  «Գլուխդ կջարդեմ»,  «Ո՜նց եմ քեզնից զզվու՜մ….», «Պրի՜վե՜տ», «Վախ, հորս արև, արա՜»,-   որդու` հայկական հեռուստաալիքների բառապաշարից յուրացրած արտահայտություններն է հիշում նա:

Իսկ  մի՞թե տեղին չէ Նարեի հարցադրումը, չէ՞ որ մանուկներին կրթելը բացառապես և միայն ընտանիքի, ծնողի  գործը չէ, չէ՞ որ դա պետական կարևորության հարց է, և հայկականության  նկատմամբ սիրո, հայկական մշակույթի մասին  պետք է հենց իրենք` պետության գլուխ կանգնած անձինք մտածեն:

Մինչդեռ մեր եթերում երեխաները տեղ չունեն. նրանց հատկացրած  հաղորդումներն ու մուլտերը ամենաքիչ դիտելիության ժամերին են,  բացակայում է նրանց համար նախատեսված հատուկ քաղաքականությունը: Այսինքն` հեռուստաընկերությունների ղեկավարներին երեխաներին զբաղեցնելու, դաստիարակելու, կրթելու միտքը բնավ չի հետաքրքրում:

Հասկանալի է իհարկե, որ հեռուստաընկերությունների ղեկավարությունը լրջագույնս մտահոգված է իրենց ռեյտինգով, սակայն արդյունքում բաց է մնում մի շատ ավելի կարևոր ոլորտ` լուսավորական-կրթական ոլորտը: Ի՞նչ է, հեռուստատեսության հիմնական գործառույթը  բացառապես բիզնե՞սն է, և մենք ինչո՞ւ ենք նպաստում, ինչո՞ւ ենք վճարում, որ մեր երեխաներին ընդհանրապես ուշադրությունից դուրս թողնեն, ինչո՞ւ ենք վճարում, որ  նրանք մարդատյացություն սովորեն:

Բիզնես նպատակներ հետապնդող հեռուստաընկերությունները, թերևս, ինչ-որ իմաստով կարող են արդարացում գտնել, սակայն լուսավորական գործառույթը գոնե Հանրային առաջին հեռուստաընկերությունից պետք է ակնկալենք, քանի որ այն գոյատևում է նաև մեր հարկերի հաշվին,և մենք վճարում ենք, որ որակյալ եթեր ունենանք:

Սակայն այստեղ օրական երեքից չորս անգամ ցուցադրում են սերիալներ, դրանց կրկնությունը, ապա անհասկանալի երաժշտական հաղորդումներ, որոնց մեծ մասը, ի դեպ, գրեթե չի տարբերվում  թուրքական ալիքներով հնչող երաժշտությունից:

Իսկ թե ինչ  են սովորում երեխաներն այս սերիալներից, այս հաղորդումներից, վերն արդեն անդրադարձանք:

Եթե հիշում եք, նախկինում հայկական եթերում կար մանկական մի հեռուստաալիք` «Հայրենիքը», սակայն  այն երկար «չձգեց», ըստ էության` չբերեց այնքան գումար, որքան անհրաժեշտ էր:

Իսկ ո՞վ է ասել, որ մանկական ալիքն անպայման պետք է շահույթ բերի, ի վերջո, այն անհրաժեշտ է որպես պետական ռազմավարություն, որպես գաղափարների սերմանում: Նման ալիքի պահանջարկը կա, ինչո՞ւ առաջարկը չկա, թե՞ հայտնի թեզը, թե ինչ ուզում են, այն էլ մատուցում ենք, այնքան էլ իրական չէ:

Իհարկե, կան հեռուստաալիքներ, որոնք վարում են մանկական հաղորդումների որոշակի քաղաքականություն. «Շողակաթը», երբեմն «Ա ԹիՎի”-ն, «Ար»-ը…. Սակայն այս հեռուստաալիքները եթեր են հեռարձակվում միայն Երևանում, իսկ Հայաստանը միայն Երևանը չէ:

Հայկական եթերի հակամանկականության մասին  էր վկայում  նաև հեռուստաընկերությունների ամանորյա ծրագրային քաղաքականությունը: Եթերում չերևաց հատուկ երեխաների համար պատրաստած հաղորդում, մուլտերի քանակն էլ անհամեմատ զիջում էր նախորդ տարիների քանակին, մինչդեռ  Ամանորն առաջին հերթին երեխաների համար է,  թե չէ մեծահասակներով Ձմեռ պապին դիմավորում-ճանապարհում ենք,  այդ տեսարանը եթեր հեռարձակում, վերջում էլ ասում, թե` «Ամանորը մանուկների տոնն է»:

Այս ամենը գալիս է փաստելու, որ  չնայած նրան, որ հայերս հայտնի ենք մեր երեխապաշտությամբ, այնուամենայնիվ, բավականաչափ ուշադրություն չենք դարձնում մեր երեխաների  աշխարհայացքի ձևավորմանը, նրանց` որպես անհատի կայացմանը:  Հակառակ դեպքում նրանք մեր եթերում մեծահասակներին հավասար տեղն ու դերը կունենային:

Այս պարագայում, այո, ծնողին, որը թույլ է տալիս, որ իր երեխաները թուրքական մուլտեր դիտեն, դժվար է մեղադրել. հայկական եթերի հակամանկականության դեպքում  անցանկալի թուրքական ալիքը դառնում է չարյաց փոքրագույնը:

Չէ՞ որ, եթե դնում ենք նժարների վրա հայկական ու թուրքական եթերների լավ ու վատ կողմերը, ստանում ենք հետևյալ պատկերը. փաստորեն թուրքական մանկական ալիքից երեխան սովորում է հաշվել, սովորում է սիրել  բնությունը, կենդանիներին, սովորում է նկարել, մարմնամարզություն անել, երթևեկության կանոնները և այլն, մինչդեռ հայկական եթերից հիմնականում սովորելու ոչինչ չունի:

Սա էլ նշանակում է, որ հիմա իրոք, ժամանակն է եկել, որ հայկական եթերում մանուկներին պատշաճ ուշադրություն դարձվի:

 

Մարիամ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

 

Դիտվել է 1527 անգամ:
Print Friendly

Leave a Reply