Հայաստանի արյունատար անոթներում արյուն չկա
Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | Գևորգ Ավչյան | փետրվարի 7, 2012 13:00
Հայաստանի տնտեսությունն այսօր մեծապես կախված է ցամաքային բեռնափոխադրումներից: Այդ բեռնափոխադրումներում առանցքային և գերակշիռ դեր ունեն ավտոմոբիլային փոխադրումները: Սակայն այս ոլորտը մի շարք խնդիրներ և կարգավորումների կարիք ունի: Հատկապես հրատապ է համապատասխան տրանսպորտային միջոցների պարկի համալրումն ու թարմացումը:
«Մենք ունենք տրանսպորտային առաքողների մի մեծ բանակ, որոնք սպասարկում են հանրապետությունը: Մենք ունենք նաև բեռնափոխադրողներ` սեփականատերեր, որոնք տրանսպորտային միջոցներ ունեն: Դրանց քանակը չափազանց փոքր է: Որովհետև դա բավական լուրջ ծախսեր պահանջող մի համակարգ է, որտեղ ամեն մի բեռնատար մեքենան այսօր 70-100 հազար ԱՄՆ դոլար արժողություն ունի: Եվ բնական է, որ անհատները չեն կարող այդքան մեծ ծախսեր անել, այն էլ այն պայմաններում, երբ պետությունն այս մարդկանց արտոնություններ չի տալիս, որ նրանք գոնե ավելացված արժեքի հարկի այդ աննորմալ թվերը մուծեն: Բնագավառը զարգացման կարիք ունի, քանի որ այսօր ունենք ընդամենը մոտ 280 մեքենա, որոնք միջազգային բեռնափոխադրումներ կարող են կատարել, այսինքն` TIR համակարգում են գործում, իսկ Հայաստան ներկրվող և արտահանվող բեռների քանակն ապահովելու համար փաստացի մոտ 4 հազար մեքենա է պետք»,- նշեց Հայաստանի տրանսպորտային առաքողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը:
Իսկ պետությունն այդ քայլերն անելու նշաններ առայժմ ցույց չի տալիս: Բեռնատար ներմուծել ցանկացողները մինչ օրս էլ առանց որևէ արտոնության են ներկրում այնքան թանկ տրանսպորտային միջոցները:
«Հայաստանի Հանրապետությունն այսօր մեծապես կախված է ավտոմոբիլային փոխադրումներից: Թեև Հայստանում այսօր գործում են ընկերություններ, որոնք ճիգեր են գործադրում Հայաստանում հզոր ավտոտրանսպորտային փոխադրող ընկերություններ ձևավորելու համար, պետք է փաստել, որ այս առումով շատ չնչին է պետական աջակցությունը, եթե չասենք` բացակայում է: Կարծում եմ` պետք է որոշակի քայլեր անել, որպեսզի ավելի մրցունակ և ավելի հզոր ավտոտրանսպորտային ընկերություններ ունենանք»,- ասաց տնտեսագետ, ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը:
Եվ չմոռանանք ամենակարևորը. այս ոլորտը մեզ աշխատատեղեր ստեղծելու, Հայաստանի մարզերում համապատասխան բեռնվածությամբ աշխատուժ ապահովելու հնարավորություն է տալու: Խոսքը հատկապես սահմանամերձ մարզերի մասին է, որտեղ այդ գործը բավական լավ զարգացած էր մինչև վերջերս, սակայն ավտոպարկի հնության ու ոչ ժամանակակից լինելու պատճառով աշխատողներն աստիճանաբար դուրս են մղվում այս ոլորտից և համալրում գործազուրկների բանակը: Այս ոլորտը զարգացնելով` հնարավորություն կունենանք ստեղծելու լրացուցիչ աշխատատեղեր:
«Հայկական տրանսպորտային միջոցները հաստատ բավականացնում են Հայաստանի բեռնափոխադրումների պահանջվող ամբողջ ծավալն իրականացնելու համար: Այսօր ունենք մի քանի ընկերություններ, նույնիսկ` մի շատ խոշոր բեռնափոխադրող կազմակերպություն, որը անցյալ տարի մեծ քանակի տրանսպորտային միջոցներ է ներկրել: Խոսքը «Սպայկա» ընկերության մասին է, և դեռ ծրագրերում կա մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցներ ներկրել: Իսկ ինչ վերաբերում է օրենսդրական դաշտին, ապա այդ դաշտը հնարավորինս մոտեցնում ենք եվրոպական օրենսդրական դաշտին»,- հայտնեց տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մելքոնյանը:
Թե ինչքանով է եվրոպական օրենսդրական դաշտին մոտեցնելը բխում Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերից, կասեն մասնագետները, բայց տրանսպորտի և կապի նախարարությունը պետք է նաև կանոնակարգի տրանսպորտի ոլորտը: Այս ոլորտի կարևորությունը նշել են նաև բազմաթիվ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձինք, օրինակ` հյուսիս-հարավ երկաթգծի և ավտոմայրուղու շինարարության կարևորությունն ընդգծելու համար:
«Ըստ էության, ունենք տրանսպորտի նախարարություն, որտեղ չկա որևէ մասնագետ, որը կարողանար մի ռացիոնալ միտք արտահայտել, թե այս երկիրն իր գոյությունը պահպանելու համար իր արյունատար անոթը` տրանսպորտի ոլորտը, ինչպես պետք է կարգավորի: Այս ոլորտը պետք է կարգավորի տրանսպորտի նախարարությունը, որն իր այդ ֆունկցիայից բացարձակ մի կողմ է քաշվել: Այսինքն` տրանսպորտային առաքումը մեր երկրում կարծես մոռացված հասկացություն լինի, ավելի ճիշտ` չգիտակցված»,- ասաց Եղիշե Հովհաննիսյանը:
Այս բնորոշմանը, սակայն, համամիտ չէ տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը: Նրա համոզմամբ` ոլորտի պատասխանատու նախարարությունը հնարավոր ամեն բան անում է, որպեսզի ավտոտրանսպորտային տնտեսությունը զարգանա. «Իհարկե, ոչ միայն բեռնափոխադրումների, այլև ուղևորափոխադրումների բնագավառում ես կցանկանայի, որ ավտոմոբիլային փոխադրողների մասով բարելավվեր հարկային դաշտը, որ պետությունը կարողանար խրախուսման որոշ լծակներ կամ միջոցներ գտնել: Իհարկե, մենք այդ առումով սերտ համագործակցում ենք, աշխատում ենք կառավարության, ՊԵԿ-ի հետ և այլն: Եթե հնարավորությունը լինում է, եթե ռեալ է այդ խրախուսման միջոցառումը, եթե այդ ծրագիրը հնարավորություն տալու է երկարաժամկետ ծրագրերով ավելի արդյունավետ կազմակերպելու փոխադրումները, ապա իհարկե որոշակի միջոցառումներ ձեռնարկվում են»,- նշեց Դ. Մելքոնյանը:





Facebook
Tweet This