Օսկանյանը պետք է ԲՀԿ-ին և հակառակը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 2, 2012 16:19
Վարդան Օսկանյանի և ԲՀԿ-ի համագործակցությունը փոխշահավետ է երկու կողմերի համար էլ: “Հենարան” մամուլի ակումբում այսօր կայացած մամուլի ասուլիս ժամանակ “Կովկաս” ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը վերլուծեց այդ հնարավոր համագործակցության փոխշահավետության դրույթները:
“Օսկանյանի համար դա վերադարձ է քաղաքականություն, իսկ որոշ հայտարարություններից ու հարցազրույցներից դատելով, Օսկանյանը չի համապատասխանում թոշակառուի կարգավիճակին` նա ակնհայտորեն դեռ թոշակառու չէ և չի պատրաստվում պառկել բազմոցին կամ նարդի խաղալ: Հետևաբար կարելի է եզրակացնել, որ նա ցանկանում է վերադառնալ քաղաքականություն: Եթե այդպես է, ուրեմն դա վատ քայլ չէ այդ անելու համար: Մյուս կողմից Գագիկ Ծառուկյանի համար Օսկանյանի գալուստը կարող է հարց լուծել, նույնիսկ` երկուսը: Առաջին հարցը, դա իր քաղաքականությանը որոշակի հեղինակություն կփոխանցի` վերջիվերջո Օսկանյանը քաղաքական պատմություն ունեցող անձնավորություն է` այսպես ասած, ով Հայաստանում ակնառու է եղել վերջին մի քանի տարիներին: Այս առումով` որոշակի քանակությամբ քվեներ պարոն Օսկանյանը կբերի ԲՀԿ-ին: Դրանից բացի, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առջև հիմա մարտահրավեր կա, և նրանք դա հիանալի գիտակցում և աշխատում են այդ ուղղությամբ. Նրան պետք է դուրս գալ ՀՀԿ-ի կրտսեր գործընկերը լինելու իմիջից: Ակնհայտորեն ԲՀԿ-ին անհրաժեշտ է փոքր-ինչ փոփոխել իմիջը ավելի անկախ, ավելի ինքնուրույն կուսակցության իմիջի, որն իր նպատակներին հասնում է”,- պարզաբանեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Բայց քաղաքագետը չգիտի` թե այդ ուղղությամբ ինչպես են բանակցություններն ընթանում, ինչպիսին են կողմերի անձնական հարաբերությունները, ինչպիսի առաջարկություններ են իրար անում: Նրա հավաստմամբ` միշտ պրոբլեմ է, որ բացի քաղաքական հարաբերություններից, կան նաև միջանձնային հարաբերությունները, բայց քաղաքականապես պետք է ենթադրել, որ այս նախագիծը փոխշահավետ է:






Facebook
Tweet This
Email This Post
