Ծավալվելու է նախընտրական պայթյունավտանգ քարոզարշավ
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 2, 2012 13:47
Այն բոլոր գործընթացները, որ տեղի են ունենում Հայաստանի ներքաղաքական դաշտում, նախընտրական քարոզարշավի սրընթաց զարգացումներն են: Այս համոզմանն է “Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, ով այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց հայաստանյան ներքաղաքական զարգացումները սեփական դիտակետից:
“Մեզ բոլորիս հասկանալի է, որ այն, ինչ տեղի է ունենում, նախընտրական քարոզարշավի ծավալում է: Բազմիցս նշվել է, որ կլինի այդ քարոզարշավի պայթյունավտանգ ծավալում, հենց դա էլ տեղի է ունենում: Ես կասեի, որ ինչպես և պետք է լիներ, այդ պայքարի պայթյունային ծավալումն ընթանում է երեք հիմնական ուղղություններով: Առաջին ուղղությունը ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև տարաձայնություններն են`մրցավազքը, որ ընթանում է այդ ուժերի միջև: Երկրորդ ուղղությունը, որ մեզ համար այնքան էլ ակնառու չէ, ընդդիմության ներսում առկա խորքային անհամաձայնությունն է: Եվ երրորդը կոալիցիայի ներսում առկա տարաձայնություններն են: Այսինքն` երկու հակադիր կողմերն էլ միաձույլ չեն, և երկուսում էլ` և’ ընդդիմության մեջ, և’ կոալիցիայում, առաջանում են պրոբլեմներ, բնականաբար, որովհետև առջևում խորհրդարանական ընտրություններ են, որի ժամանակ ինչ-որ ձևով տեղերի բաժանում կլինի”,- պարզաբանեց քաղաքագետը:
Նրա համոզմամբ` իշխանական կոալիցիան դեռ շատ անգամ ստիպված կլինի լուծել իր ներսում առկա կոնֆլիկտները, փորձել գտնել այդ լուծման ուղիները և շատ անգամ կհայտնվի ճգնաժամերում` այդ ուղիների փնտրտուքի ընթացքում: Այս ամենը ցույց են տալիս, որ պայքար է ընթանում, մրցակցություն է ընթանում: Այսինքն` իրար մեջ նրանք մրցակցում են, բայց, միևնույն ժամանակ, այդ մրցակցության մեջ իրար չեն կոտորելու:
“Այսինքն` ինչ-որ ձևով պետք է պայմանավորվեն, հանգեն ինչ-որ փոխադարձ ընդունելի տարբերակների: Քաղաքականության այդ տեսակի մեջ միշտ էլ այդպես է լինում: Դրա համար էլ մենք ականատեսն ենք մկանների ցուցադրման, ինչ-որ սպառնալից հայտարարությունների: Միևնույն ժամանակ մենք ականատես ենք լինում նաև հաշտվողական հայտարարությունների: Եվ դա հենց այն պատճառով է, որ պայքար է ընթանում: Եթե պայքար չլիներ, եթե ամեն ինչ լավ ու հիանալի լիներ, ամեն ինչ պայմանավորված լիներ և բոլոր խաղադրույքները կատարված լինեին, ապա մենք ոչ մի հայտարարություն և այլն չէինք տեսնի: Դա ցուցիչն է, որ փաստում է մրցակցության մասին”,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:






Facebook
Tweet This
Email This Post
