Ընդդիմադիր հռետորաբանությունը լավ վաճառվող ապրանք է

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 2, 2012 15:47

Օրերս ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի` «Բարգավաճ Հայաստան» Կուսակցությանը «ՕԵԿ-ի սինդրոմով» բնորոշելը քաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի համար անհասկանալի է: Այսօր կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով լրագրողների հարցերին, նա պարզաբանեց` ԲՀԿ-ի որոշակի ընդդիմադիր կեցվածքը քաղաքական գործընթացների սահմաններում է, և դա նորմալ քաղաքական երևույթ է: Իսկ ընտրություններից առաջ այդպիսի կեցվածք ընդունելը ամբողջ աշխարհում տարածված երևույթ է, որը ոչ մի կերպ չի առնչվում ՕԵԿ-ի հետ:

«Դա ոչ մի սինդրոմ էլ չէ, դա քաղաքականություն է, որտեղ կուսակցությունները դիրքավորվում են և ներկայացնում են իրենց: Եվ ընտրություններից առաջ նրանք ներկայանում են ավելի կտրուկ, քան խաղաղ ժամանակ: Դա նորմալ ռազմավարություն է: Դա ամբողջ աշխարհում ընդունված մոտեցում է, որ կուսակցությունը պետք է քվեներ կորզի, այդ թվում հավաքագրի քվեներ նաև ընդդիմադիր տրամադրություններով ընտրողների: Եվ այս հռետորոբանությունը նա օգտագործում է: Այդ հռետորաբանությունն օգտագործում է և’ Բարգավաճ Հայաստանը, և’ օգտագործում է, բայց ավելի սուր, նույն  նաև  ՀԱԿ-ը: Դա նորմալ ռազմավարություն է, և այստեղ ոչ մի զարմանալու բան էլ չկա: Եվ թե ինչո՞ւ է այդ երևույթը բնորոշվում որպես հատկապես ՕԵԿ սինդրոմ, ես չեմ հասկանում: Այո’, ԲՀԿ-ն այժմ իրեն դիրքավորում է  որպես ընդդիմադիր կուսակցություն: Եվ նա իրոք հակակշիռ  է ՀՀԿ-ին»,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա համոզմամբ` Հայաստանում գոյություն ունի ռադիկալ քաղաքական մշակույթի բավականին լուրջ ավանդույթներ` սկսած 1995 թվականից, այդ իսկ պատճառով էլ շատերը սովորել են ընդդիմություն անվանել միայն այն ուժերին, որոնք կացինները ձեռքներին կանգնած են և ասում են, որ ամեն ինչ բացարձակապես սխալ է, և ամեն ինչ պետք է փոխել: Ընդդիմությունը լինում է նաև այնպես, որ ուժերը կանգնում են հակառակ դիրքերում, իրար մեղադրում են սխալ քաղաքականություն վարելու մեջ, նրանք իրար հետ հակադրության մեջ են մտնում, բանավիճում են իրար հետ:

«Մեր ազգը ընդդիմադիր հռետորաբանությունը կլանում է բավականին լավ, և այդ իսկ պատճառով կուսակցություններն այդ հռետորոբանությունը օգտագործում են: Ուշադրություն դարձրեք, որ այսօրվա դրությամբ ընդդիմադիր հռետոնաբանություն չի օգտագործում միմիայն այն միակ կուսակցությունը, որն այդ անել չի կարող` Հանրապետականը: Մնացած բոլորը, որոնք ինչ-որ կերպ կարող են այդ ընդդիմադիր հռետորաբանութփյունն օգտագործել, նույնիսկ կոալիցիայի անդամները, անպայման այդ անում են: Որովհետև դա մի ապրանք է, որ վաճառվում է: Դա օրինաչափություն է. եթե ես քաղաքական դաշտում եմ հանդես գալիս, ես պետք է իրականացնեմ մարքեթինգ, պետք է զբաղվեմ ընտրողների ձայները գրավելով: Դա յուրաքանչյուր ժողովրդավարական քաղաքականության բնորոշ հատկանիշներից է»,- ասաց քաղաքագետը:

Նա նշեց նաև, որ այդպես չի արվում ավտորիտար, տոտալիտար ռեժիմների դեպքում, ինչպես, օրինակ, Հյուսիսային Կորեայում կամ Թուրքմենստանում է:

 

Դիտվել է 812 անգամ:
Print Friendly

Leave a Reply