Ասեղնաբուժություն. անցյալն ու ներկան

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | February 8, 2012 7:00

Չինաստանում  ասեղնաբուժության (ակուպունկտուրա) մասին առաջին վկայությունները թվագրվում են մ.թ. III դարով: Գրառումներն այնքան մանրամասն ու լիարժեք են, որ ոչ մի կասկած չի մնում` ակուպունկտուրան գոյություն ունեցել է  դրա մասին առաջին գրառումներից շատ ավելի վաղ: Հնագիտական վերջին բացահայտումներրը հուշում են, որ ասեղնաբուժությունը կարող էր կիրառվել ավելի քան 5000 տարի առաջ. հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է քարե ասեղ, որը մոտ 5000 տարեկան է:

Արևմուտքում առաջին հիշատակումներն արվել են  1671-ին, ֆրանսիական բժշկական ամսագրում: Ասեղնաբուժության նկատմամբ հետաքրքրությունն աճել է XIX դարում, երբ Ֆրանսիան, Անգլիան ու եվրոպական  մյուս կայսրությունները օկուպացրել էին Չինաստանն ու Հարավարևելյան Ասիան: XIX վերջին առաջին ասեղնաբույժները հայտնվեցին ԱՄՆ արևելյան հատվածի քաղաքներում, քանի որ Չինաստանից, Կորեայից, Ճապոնիայից ու Վիետնամից ու ասիական այլ երկրներից բազմաթիվ ներգաղթողների մեջ քիչ չէին ասեղնաբույժները:

Յուրաքանչյուր տարածաշրջանում ասեղնաբուժությունն իր տեսական  ու կլինիկական առանձնահատկություններն ունի, սակայն շատ ընդհանրություններ կան:

1957-ին Չինաստանում օրենք ընդունվեց, որով բոլոր բժիշկները պարտավորվում էին գործնականում հմտանալ չինական բժշկության հիմք հանդիսացող  ասեղնաբուժության  ու բուսաբուժության մեջ: Այն ժամանակ Չինաստանում շատ էին եվրոպացի բժիշկները, որոնց բուժման հիմքը դեղամիջոցներն են: Չինաստանի ղեկավար Մաո Ցզե Դունը հասկացավ, որ իր երկիրը չի կարող միլիարդավոր մարդկանց ապահովել արևմտյան դեղամիջոցներով: Ուստի շեշտը դրվեց բազմամյա, ավանդական բժշկության վրա, ու սկսեցին ավանդական բժշկությունը հղկել` նորովի մատուցելու համար: Համակարգը մաքրվեց կրոնական կամ միստիկ երանգներից, ինչը  հնարավորություն տվեց, որ չինական  բժշկությունն արժանավոր տեղ զբաղեցնի ազգային ու համաշխարհային բժշկության մեջ:

Ժամանակակից ամերիկյան ասեղնաբուժությունն «արտահանվել է» Չինաստանից ընդհանուր «չինական ավանդական բժշկություն» անվան տակ: Երբ Մաո Ցզե Դունը միավորեց Չինաստանն իր իշխանության ներքո, նա երկրում հինգ համալսարան հիմնեց, որոնցում չինական ավանդական բժշկությանը փորձեցին գիտականություն հաղորդել:

Այդպիսով, Չինաստանում դասական ասեղնաբուժությունը մի քանի քաղաքական ցնցում ապրեց: Հին ավանդական բժշկության համաձայն` առավել հմուտ էր համարվում այն բժիշկը, որը կարողանում էր  հիվանդի հոգեկան ու ֆիզիկական վիճակի խոր ուսումնասիրությամբ հիվանդությունն ախտորոշել նախնական շրջանում: Ի դեպ, ասեղնաբուժությունը լայն տարածում է ստացել ԱՄՆ-ում 1972-ից հետո, երբ  նախագահ Նիքսոնն ու պետքարտուղար Քիսինջերն այցելեցին Չինաստան, ու երկու երկրների միջև քաղաքական փոխհարաբերություններ  ստեղծվեցին: Ամերիկյան պատվիրակության կազմում լրագրող Ջեյմս Ռեսթոնն էր, որը շատ է գրել Չինաստանից ստացած  իր տպավորությունների մասին: Երբ նրա կույր աղիքը բորբոքվեց, չինացի բժիշկները շտապ  վիրահատություն կատարեցին` ցավազրկման նպատակով   կիրառելով ակուպունկտուրա: Ռեսթոնի ռեպորտաժները հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն արևմտյան բժիշկների, այլև ընթերցողների շրջանում:

Հիմա էլ ցավազրկման նպատակով կիրառվող ասեղնաբուժությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Վերջին քառորդ դարի արևմտյան բժշկական գրականության մեջ բազմաթիվ հոդվածներ կան դրա մասին: Այն   ավելի ու ավելի լայն տարածում է գտնում հիվանդանոցներում ու վերականգնողական կենտրոններում:

Ասեղնաբուժությունն ընդամենը չինական բժշկության մի մասն է, որը ներառում է բուսաբուժություն, ցիգուն (օրգանիզմի ինքնակարգավորման արվեստը),  դույ-նա մերսում: Ակուպունկտուրան առաջացել է ցի շարժման ու «կենսական օդի»  էմպիրիկ հետազոտությունների ու դիտարկումների հիման վրա: Ասեղնաբուժության արդյունավետությունը հիմնվում է ցի-ի կարգավորման վրա, որը հոսում է ողջ իրանով 14 հիմնական  բաշխիչ անոթ-միջօրեականներով: Դրանցից 12-ը կապված են որոշակի օրգանների հետ, ինչպիսիք թոքերն են, սիրտը, ստամոքսը ևն: Մարդու մարմնում գոյություն ունի նաև լրացուցիչ 8 անոթ:

Հազարամյա փորձեր ու նույնքան էլ սխալներ են պահանջվել ու կատարվել, որպեսզի չինացիները կազմեն անոթների քարտեզագրությունը: Յուրաքանչյուր միջօրեական ունի իր էներգետիկ հանգույցները, ուր էներգիան հեշտությամբ է հասնում  և առավել չափով է կուտակվում: Յուրաքանչյուր ակուպունկտուրային կետ ունի իր որոշակի կարգավորող գործառույթը:

Երբ ցին ու արյունը կանգ են առնում, և դրանց հոսքն անոթներ խանգարվում է, դա արտահայտվում է ցավով, հիվանդությամբ ու օրգանների  թերֆունկցիայով: Ակուպունկտուրային ասեղները  կամաց մտցվում են  համապատասխան (ակուպունկտուրային) կետեր` կարգավորելու էներգիայի հոսքը օրգանիզմի բոլոր անոթներում: Բարելավելով ցիի շրջանառությունը խցանված միջօրեականներով` կարելի է վերականգնել օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը:

Հիվանդությունների արևմտյան դասակարգման համաձայն` ասեղնաբուժությամբ կարելի է ապաքինվել 2 հազար հիվանդությունից: Ապացուցված է, որ ասեղնաբուժությամբ կարելի է արագացնել  թթվածնի հոսքը արյան մեջ` նպաստելով  ապաքինման արագացմանը: Բացի այդ, կարելի է նաև հորմոնալ համակարգը խթանել` նպաստելով բջիջների վերականգնմանը:

Ասեղնաբուժության ցավազրկող  ազդեցությունը պայմանավորված է օրգանիզմի սեփական ցավազրկող ու հանգստացնող միջոցների (ինչպիսիք են սերոտոնինը, էնդորֆինը, մելատոնինը) խթանմամբ: Չինական ավանդական մեթոդաբանության համաձայն` մարդու օրգանիզմի վրա հաշվվում են ավելի քան 1000 ակտիվ կետեր: Ճիշտ ազդելով դրանց վրա` մասնագետը կարող է գործի դնել կամ հակառակը` դադարեցնել գրեթե բոլոր  գործընթացները:

Առողջապահության միջազգային կազմակերպությունը կազմել է այն հիվանդությունների ցուցակը, որոնք խորհուրդ է տրվում բուժել ասեղնաբուժությամբ: Նման հիվանդություններից են շնչուղիների բորբոքումը, աչքի լորձաթաղանթի բորբոքումը, կատարակտը, բերանի լորձաթաղանթի ու կոկորդի բորբոքումները: Եվրոպայի բժիշկների կարծիքով` ասեղնաբուժությամբ լավ արդյունքներ են ստացվում արթրիտների, պոլիարթրիտների դեպքում: Այս մեթոդն արդյունավետ է ռադիկուլիտի, մարսողական տրակտի զանազան խանգարումների ու նյարդաբանական բնույթի ծանր հիվանդությունների դեպքում:

Ասեղնաբուժությունը չի բացառում այլ դեղամիջոցների օգտագործումը, այն ընդամենը ուժգնացնում է բուժման արդյունավետությունը: Այն իրականացվում է հատուկ ասեղներով:  Դրանք սովորականից շատ ավելի երկար են ու այնքան նուրբ, որ առնվազն 8 նման ասեղներ կարելի է  տեղավորել սովորական բժշկական ասեղի անցքի մեջ, ինչի շնորհիվ օրգանիզմ մտցնելիս գրեթե ցավ չեն առաջացնում: Ասեղները բժշկական պողպատից են պատրաստվում, որոնք պրոցեդուրայից առաջ ախտահանվում են: Բացի այդ, դրանք ընդամենը մեկ անգամ են օգտագործվում, հետևաբար դրանց միջոցով վարակվելու վտանգ չկա: Ասեղները կարծես ոլորելով մարմնի մեջ են մտցնում. երբեմն ներթափանցման խորությունը կարող է 8 սմ-ի հասնել: Երբեմն ասեղի ծակած տեղում արյան կաթիլ է հայտնվում, վախենալու առիթ չկա, դա նորմալ է: Հնարավոր է, որ սեանսի ժամանակ թեթևակի գլխապտույտ ունենաք, որը շուտ անցնում է: Կայուն արդյունք ստանալու համար հարկավոր է առնվազն 10 անգամ այցելել ասեղնաբույժին:

Ժամանակակից բժիշկները կատարելագործել են ասեղնաբուժությունը` կիրառելով ցածր հաճախության հոսանք: Հոսանքը հաղորդվում է ասեղի միջոցով: Այդ կատարելագործման շնորհիվ կարելի է էլ ավելի արդյունավետ ներազդել կենսաբանական ակտիվ գոտիների վրա: Ցանկացած սեանս ուժեղ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա,  ուստի ցանկալի է բուժման ընթացքում հետաձգել նյարդային լարվածություն պահանջող զբաղմունքը:

Ասեղնաբուժությունը գրեթե անվնաս մեթոդ է , որը չի կիրառվում միայն հղիության ու որոշ մաշկային հիվանդությունների դեպքում: Այն հակում չի առաջացնում ու  կողմնակի ազդեցությունից էլ զերծ է: Սակայն սրա բացասական կողմերից է այն, որ  կարող եք հայտնվել ինքնուս բժշկի մոտ: Ուստի բուժման նպատակով կլինիկան ընտրելիս առաջնորդվեք ծանոթ բժիշկների խորհուրդներով: Մի վստահեք գեղեցիկ գովազդներին:

 

Դիտվել է 2688 անգամ:
Print Friendly

Leave a Reply