Սևանի ափին խմելու ջրին կարոտ են մնացել
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | February 6, 2012 7:00
Երբ ջուր է գալիս, մարտունեցի տիկին Գայանը շտապում է տանը եղած բոլոր ամանները ջրով լցնել ու շարել խոհանոցում, լոգարանում, միջանցքում ու հնարավոր ամեն տեղ: Մինչ մեկը ամաններն է ջրով լցնում, տան մյուս անդամներն էլ, իրարից առաջ անցնելով, շտապում են լոգասենյակ` հոսող ջրով լողանալու հաճույքը վայելելու համար: Նման ուրախություն, սակայն, ունենում են 4-5 օրը մեկ, այն էլ 2-3 ժամով:
«Իսկական ողբերգություն է, եթե հանկարծ ջրերը տալիս են ու ես դպրոցում եմ լինում: Ստիպված սպասում եմ հաջորդ անգամվան, որ լողանամ»,- ասում է ընտանիքի անդամներից 17-ամյա Աշխենը: Հայկանուշ տատն էլ դժգոհում է, թե հավաքած ջուրը միշտ չէ, որ հերիքում է կովին: Կենդանին օրական առնվազն 2 դույլ ջուր է խմում, ու 4-րդ, 5-րդ օրերին սովորաբար տատիկի հավաքած ջուրը սպառվում է: Ստիպված հարևանի ջրհորից է ջուր բերում. «Ծովի մոտ ենք, բայց ջրին կարոտ ենք»:
Նման իրավիճակում են Մարտունի քաղաքի կենտրոնական հատվածից դեպի սարեր ընկած, այսպես կոչված վերին թաղերի բոլոր բնակիչները, և իրենց իսկ խոսքով` արդեն տարիներ շարունակ:
Ասպատուրյանների 7 հոգանոց ընտանիքում ջրի պաշարի հարցը լուծելն ավելի բարդ է: «Ինչքա՞ն հավաքես, որ յոթ հոգուն 4-5 օր հերիքի»,- ասում է ընտանիքի մայրը` տիկին Ռոզան: Պատմում է, որ անգամ լվացքաջրերը չի թափում, որ կոյուղու համար օգտագործեն: Ջուր չլինելու պատճառով չի կարողանում օգտագործել նաև ավտոմատ լվացքի մեքենան. «Առել, դրել ու նայում ենք վրեն, բայց չենք կարողանում օգտագործել»:
Տիկին Ռոզան անհամբեր սպասում է գարնանը. հորդառատ անձրևների ժամանակ ջուրը 2-3 օրը մեկ, երբեմն էլ ամեն օր են մի քանի ժամով ունենում: «Բայց էդ ժամանակ էլ ջուրը խմելու պիտանի չէ, պղտոր ջուր է, որ ամանների տակը նստվածք է տալիս: Պատահում է անգամ, որ ջրի հետ ճիճուներ են գալիս,- ասում է Ռիկին Ռոզան` հավելելով, թե անձամբ ոչ ոքի չի դիմել:- Կարող ա՞ իրենք չգիտեն: Որ ասի, ի՞նչ է փոխվելու»:
Մարզերին ջրամատակարարում ապահովող Հայջրմուղկոյուղի ընկերության Մարտունու ենթատեղամասի տնօրեն Գնել Կարապետյանն «Անկախի» հետ զրույցում, սակայն, հավաստիացրեց, թե քաղաքն ապահովված է ամենօրյա ջրամատակարարմամբ: Նրա խոսքով` քաղաքը սնուցվում է երկու ջրագծից: Ցածրադիր վայրերը` քաղաքի զգալի մասը, ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ: Իսկ բարձրադիր թաղամասերը, որոնք ջուր են ստանում սարերից սնուցվող Կոփոյվար ջրագծից, ըստ Կարապետյանի, ամեն օր ջուր ունենում են, բայց 4-18 ժամով միայն:
Կարապետյանը հերքում է նաև այն հնարավորությունը, թե գարնանը ծորակից պղտոր ու խմելուն ոչ պիտանի ջուր է գալիս. «Հնարավոր չէ, ամեն օր 12 կետից անալիզներ ենք անում: Եթե նման բան կա, թող շշի մեջ լցնեն, բերեն հիմնարկ»:
«Անկախի» դիտարկմանը, թե բազմաթիվ բնակիչներից է բողոք ստացվել, որ ջուր մի քանի օրը մեկ են ստանում, թերթի թղթակիցն էլ ականատես է դարձել, թե ինչպես են բնակիչները Նոր տարվա առաջին օրերին զանգահարել ընկերություն ու խնդրել բացառության կարգով շուտ ջուր տալ, Կարապետյանը նշում է, թե ավելի վատ ջրամատակարարում ունեցող բնակավայրեր էլ կան. «97 տոկոս ջրի կորուստ ունենք, մինչև ջրագծերը չփոխենք, խնդիրը չի լուծվի»:
Հարցի առնչությամբ «Անկախը» փորձեց պարզաբանումներ ստանալ նաև Հայջրմուղկոյուղի ընկերության կենտրոնական գրասենյակից: Ընկերության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հասմիկ Հարությունյանը նշեց, որ խնդիրը ժամանակավոր է. առաջիկայում նախատեսվում է տեղում երկու ներդրումային ծրագիր իրականացնել` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 1 մլն եվրո արժողությամբ և Ասիական բանկի 7 մլն դոլար արժողությամբ ծրագրերը, որոնց շնորհիվ կփոխվի ջրագծերի ներքին ցանցը:
Կարապետյանն էլ նշում է, թե բարեկարգված ներքին ցանցն էլ չի օգնի, եթե բնակիչների մտածելակերպը չփոխվի. «Քանի ծորակը անխնա բաց են թողնում, խնդիրը չի լուծվի»:
Հասմիկ Հարությունյանը նշեց նաև, որ ընկերությունում գործում է 171 համարով 12-ժամյա թեժ գիծը, որին կարելի է զանգահարել բոլոր բջջային օպերատորներից: Ջրամատակարարման հետ կապված խնդիրների, մատուցվող ծառայության որակի մասին հնարավոր է ահազանգել թեժ գծին բոլոր աշխատանքային օրերին:






Facebook
Tweet This
Email This Post
