Փոխվել է դոպինգի ստուգումների կարգը

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | February 7, 2012 7:00

Հայաստանի հակադոպինգային ծառայության մասնագետները վերջին տարիներին ակնհայտորեն մեծացրել են իրենց աշխատանքի ծավալը, ավելի շատ են փորձաքննություններ անցկացնում, նաև օտարերկրացի մարզիկների, և հավակնում են դառնալ տարածաշրջանի, նաև ԱՊՀ երկրների հիմնական ստուգումներ կատարողները: Այդ մասին խնդրեցինք ավելի մանրամասն տեղեկացնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հակադոպինգային ծառայության ղեկավար, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանին:

– Վերջերս աշխատանքային այցով մեկնել էի Բուդապեշտ: Առաջին հերթին նպատակ կար ծանոթանալ Հունգարիայի  հակադոպինգային ծառայության աշխատանքի փորձին: Այն առաջավոր է, հայտնի է աշխարհում: Այդ կենտրոնն ուշագրավ է  այն բանով, որ ավելի շատ ստուգում է օտարերկրացի, քան հունգարացի մարզիկների: Բացի այդ, պայմանավորվեցինք, որ հունգարացիներն աջակցեն, որպեսզի Հայաստանի հակադոպինգային ծառայությունը միջազգային հավաստագիր ստանա: Դա իրավունք կտա ստուգելու ավելի շատ թվով արտասահմանցի մարզիկների:

ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներն առաջարկել են, որ հակադոպինգային աշխատանքների համապատասխան ծրագիր ներկայացնենք: Նրանք պատրաստ են ֆինանսավորել, որ այն իրականացվի: Փաստորեն, հավաստագրի առկայությունը բոլոր ճանապարհները կբացի մեր առջև, որպեսզի մեծացնենք աշխատանքների ծավալը: Մինչև ապրիլ  նախագիծ կկազմվի և կներկայացվի ՅՈւՆԵՍԿՕ-ին: Իսկ հունիսից կոնկրետ աշխատանքներ կկատարենք, որպեսզի մինչև տարեվերջ ստանանք միջազգային հավաստագիրը:

– Ներկայումս հակադոպինգային մեր կենտրոնն ի՞նչ կարգավիճակ ունի:

– Այն համագործակցում է ՄՕԿ-ի հակադոպինգային «Վադա» կազմակերպության հետ և փորձաքննություններ է կատարում: Մասնավորապես, վերջերս մեր մասնագետներն Ադլերում Ռուսաստանի հավաքականի չորս ըմբիշների են ստուգել:

– Իսկ Հունգարական կենտրոնն ինչո՞վ է զբաղվում:

– Այն 28 աշխատող ունի: Այդուհանդերձ, բարձր մակարդակով փորձանմուշներ են հավաքվում, լաբորատորիա տեղափոխում, մշակում ստացված արդյունքները: Հունգարացի ամեն  դոպինգի սպա  4-5 լեզվի է տիրապետում և տարեկան 1000-ից ավելի ստուգում է կատարում: Մենք ունենք դոպինգի 7 սպա և ծրագրում ենք, որ առաջին հերթին նախկին ԽՍՀՄ-ի ներկայացուցիչների շրջանում ստուգումներ անցկացնենք:

– Իսկ ԽՍՀՄի որևէ երկրի դոպինգի կենտրոն չունի՞ միջազգային հավաստագիր:

– Ռուսաստանի ներկայացուցիչները ստացել կամ այդ փուլում են: Բայց երկրորդը մենք պետք է լինենք:

– Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում օրերս ավարտված պատանեկան ձմեռային օլիմպիական խաղերի օրերին կազմակերպվել է սեմինար, որին մասնակցել են 5 երկրների ներկայացուցիչներ, և այդ խմբում է եղել 35-ամյա Կարեն Ստեփանյանը: Ինչո՞վ էր պայմանավորված նրա ներկայությունը և մասնակիցների սահմանափակումը:

– ՄՕԿ-ի հովանու ներքո անցկացվող միջոցառումների ժամանակ «ՎԱԴԱ»-ն ուսուցողական խմբեր է կազմում: Հատուկ ծրագրեր կան, որոնց օգնությամբ մարզիչներին, մարզիկներին սովորեցնում են: Այս տարի հավաքվել էին Կորեայի, Ճապոնիայի Հարավաֆրիկյան Հանրապետության, Ավստրիայի, Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի մասնագետների աշխատանքը բարձր է գնահատվում:

– 2011-ին Հայաստանի երկու ծանրորդ բռնվել է արգելված դեղամիջոցներ օգտագործելու հանցանքում: Դա մեր հակադոպինգային ծառայության թերացումը չէ՞:

– Դա համարվում է ամեն մարզական ֆեդերացիայի խնդիրը, բայց ոչ հակադոպինգային ծառայության: Պարզաբանեմ. գտնում են, որ մարզական ֆեդերացիաները պետք է ավելի շատ պատվերներ տան հակադոպինգային ծառայություններին, որպեսզի ստուգումներ իրականացնեն և դա էլ կարող է օգնել անցանկալի միջադեպերից խուսափելուն: Կարգ է սահմանված, որ ամեն մարզական կազմակերպություն իր իսկ նախաձեռնությամբ կարող է տարեկան առնվազն երկու անգամ ստուգման ենթարկել մարզիկներին:

– Այս տարի ի՞նչ է նախատեսվում անել:

– Տարին օլիմպիական է, և 3 անգամ պետք է ստուգվեն օլիմպիական խաղերի մեր մասնակիցները: Այդպիսի նոր կարգ է սահմանվել: Ի դեպ, փոխվել են նաև փորձանմուշների սրվակները, քարտերի լրացման ձևերը: Այնպես որ մեր օլիմպիական մարզիկներին պետք է ծանոթացնենք նաև ստուգման նոր կարգին: Առաջին երեք օրերին անխտիր ստուգվելու են բոլոր մասնակիցները: Մրցումներից հետո ստուգվելու են 1-6-րդ տեղերը գրավողները: Մեզի և արյան փորձանմուշներ են վերցվելու: Ընտրովի ստուգումներ չեն կատարվելու:

– Հույս կա՞ , որ առաջիկա օլիմպիական խաղերին Հայաստանից դոպինգի մասնագետ կսպասարկի:

– Ոչ, սակայն հետագայում չպետք է դա բացառել: Չմոռանաք, որ մենք 3 տարի է,  ինչ լրջորեն աշխատում ենք այդ ուղղությամբ:

 

 

Դիտվել է 834 անգամ:
Print Friendly

Leave a Reply