«Հայկական օրինագիծը» դեռ շատ ջուր կառնի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | February 2, 2012 13:53

Հունվարի 23-ից հետո, երբ Ֆրանսիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին (այսպես կոչված «հայկական օրինագծին»), որը մինչ այդ արդեն ընդունվել էր Ազգային ժողովում (ստորին պալատում),  Անկարան  դա գնահատեց որպես միջամտություն իր ներքին գործերին և խոստացավ պատասխան միջոցներ ձեռնարկել Փարիզի դեմ: Նիկոլա Սարկոզին նամակ ուղարկեց Թուրքիայի վարչապետ Էրդողանին, որում հավաստում էր, որ օրենքը «բնավ ուղղված չէ Թուրքիայի դեմ»:

Օրինագիծն ընդունելուց անմիջապես հետո հայտնի էր արդեն, որ դրա դեմ հանդես եկած և քվեարկած պատգամավորները պատրաստվում են անհրաժեշտ թվով (60) ստորագրություններ հավաքել Սահմանադրական խորհուրդ դիմելու համար, որպեսզի վիճարկեն տվյալ օրինագծի համապատասխանությունը սահմանադրությանը:

Այս իրարանցմանը կարող էր վերջ դրվել, եթե Նիկոլա Սարկոզին օգտվեր իր լիազորություններից և ստորագրեր ընդունված օրինագիծը, քանի որ նա իրավունք ունի ստորագրել հրամանագիրը 15 օրվա ընթացքում:

Բայց  հունվարի 31-ին արդեն հայտնի դարձավ, որ նա չի կարող վերջակետ դնել այս հարցին, քանի որ  Սենատի 76 անդամ և Ազգային ժողովի 65 անդամ դիմել են Սահմանադրական խորհուրդ` վիճարկելով Սենատի հունվարի 23-ին ընդունած օրինագծի սահմանադրականությունը: Սահմանադրական խորհուրդը  կարող է իր եզրակացությունը հայտնել մեկ ամսվա ընթացքում: Մինչ Սահմանադրական խորհրդի  որոշումը Սարկոզին չի կարող ստորագրել օրենքը:

Դժվար է ասել, թե ինչու Սարկոզին նախընտրեց հապաղել և սպասել իրեն վերապահված ժամկետի ավարտը, բայց ակնհայտ է, որ նա չհապաղեց ցրել դրա պատճառով առաջացած կասկածները, թե  գուցե ընկրկում է Թուրքիայի խիստ կտրուկ ու ջղագրգիռ արձագանքի պատճառով: Նա հայտարարեց, որ եթե օրերս Ֆրանսիայի Սենատի ընդունած օրինագիծը Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչի և տապալի դրա ընդունումը, ապա նույն ճակատագիրն է սպասում նաև հրեաների ցեղասպանության` Հոլոքոստի մասին համանման օրենքին:

Անշուշտ, սա լուրջ խնդրի առջև է դնելու այն քաղաքական գործիչներին, որոնք «հայկական օրինագիծը» խոսքի ազատության դաշտ տեղափոխելու ձախավեր փորձեր են անում: Եվրոպացիները պետք է հստակ պատասխան տան, թե ինչու է Հոլոքոստի մերժումը դատապարտելի, իսկ Հայոց ցեղասպանության մերժումը` խոսքի ազատության դրսևորում:

Ինչպես երևում է, այս խմորը դեռ շատ ջուր կառնի:

 

Դիտվել է 784 անգամ:
Print Friendly

Leave a Reply