Քաղաքական խմորումներն ընթացքի մեջ են, բայց խորհրդարանական ընտրությունների օրը դեռ հայտնի չէ

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | February 1, 2012 13:36

Խորհրդարանական ընտրություններին դեռ երեք ամիս կա, բայց քաղաքական ուժերն արդեն վաղուց ակտիվացել են ու փորձում են հստակեցնել, թե  ինչ ակնկալիքներ կարող են ունենալ առաջիկա ընտրություններից:

Ընտրություններից մի քանի ամիս առաջ «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն համատեղ առաջարկով հանդես եկան, ըստ որի` առաջիկա խորհրդարանական ընտրությունները պետք է 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգով իրականացվեն: Հետագայում առաջարկին հավանություն տվեց նաև ԲՀԿ-ն: Երեք կուսակցությունների առաջարկով ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվելու է 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի մասին խորհրդարանական լսումներ հրավիրելու հարցը:

Առաջարկին կողմ քաղաքական ուժերը նշում են, որ նոր ընտրակարգը հնարավորինս արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու երաշխիք կլինի: ՀՀԿ-ն, սակայն, դեմ է` այդ առաջարկը համարելով նախընտրական ուշացած հնարք: «Որևէ մեկի համար նշանակություն չունի, թե ընտրություններն ինչ ընտրակարգով կանցնեն, իսկ սոցիալ-տնտեսական խնդիրները, որ մտահոգում են ժողովրդին, մտահոգում են նաև  իշխանությանը»,- մեկնաբանելով կուսակցության դիրքորոշումը` ասել է ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Մինչ կորոշվի, թե առաջիկա ընտրություններն ինչ ընտրակարգով են իրականացվելու, քաղաքական ուժերը հերթով հանրայնացնում են իրենց որոշումները ընտրություններին մասնակցելու-չմասնակցելու մասին:

Այսպես, Ազգային ինքնորոշում միավորումը իր ողջ ներուժով մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: Իսկ թե ինչ ձևաչափով, դեռևս հստակ չէ:  «Մեզ համար ցանկալի տարբերակը խորհրդարանում 51 տոկոս ունենալն է, դա հնարավոր է միայն դաշինքի ձևով»,- ասել է  Պարույր Հայրիկյանը` հավելելով, որ ԱԻՄ-ը հայտարարել է` առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստ է մասնակցել դաշինքով, սակայն առաջարկն առայժմ պատշաճ արձագանքի չի արժանացել:

Ընտրություններին մեծամասնական ընտրակարգով է մասնակցելու Մարքսիստական կուսակցությունը: Դավիթ Հակոբյանը, բացառելով կուսակցական դաշինքով հանդես գալը,  հայտարարեց, որ առաջադրվելու է 41-րդ ընտրատարածքում:

Առաջիկա ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել նաև ՍԻՄ-ը: Կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, սակայն, հայտարարել է, որ մասնակցության ձևաչափը պարզ կդառնա փետրվարի վերջին` կուսակցության համագումարի ժամանակ:

ՀԱՍԿ-ի նախագահ Մովսես Շահվերդյանն էլ հայտարարել է, թե ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեն, սակայն ոչ ինքնանպատակ: «Մեզ համար ցանկալի կլիներ, որ ընտրություններին մասնակցեինք ԲՀԿ-ի հետ միասին՝ ինչ-որ ձևաչափով»,- ասել է Շահվերդյանը` հավելելով, որ ԲՀԿ-ի հետ քննարկումներ դեռ չեն եղել:

Ընտրություններին մասնակցելու է նաև ՀԱԿ-ը, որը, սակայն, դեռ վերջնական ընտրացուցակները չի կազմել:  Կոնգրեսում ընդգրկված 18 կուսակցությունների դաշինքը դեռևս վերջնական համաձայնության չի եկել ընտրացուցակների հարցում:

«18 կուսակցությունների դաշինքն աննախադեպ բան է։ Բարդ է ցուցակի շուրջ համաձայնության գալը։ Մենք արել ենք գլխավորը՝ կուսակցությունները որոշել են ստեղծել դաշինք՝ առանց ցուցակը քննարկելու։ Նշանակում է, որ ավելի բարձր են դնում սկզբունքները, քան քաղաքական առևտուրը»,- ասել է ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը:

Խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժերը, սակայն, դեռևս հստակ հայտարարություններով հանդես չեն եկել: Այն, որ այս ուժերը մասնակցելու են ընտրություններին, կասկածի տեղիք չի տալիս: Մնում է ընտրացուցակները հստակեցնելու հարցը:

Իսկ մինչ այդ, մամուլում ակտիվ լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ ընտրացուցակներում հնարավորինս չեն ընդգրկվելու գործարարներ, փոխարենը լինելու են երիտասարդներ, թարմ դեմքեր:

Նախընտրական խմորումները կավարտվեն, և հստակություն կլինի փետրվարի վերջին- մարտի սկզբին, երբ արդեն  հայտնի կլինի, թե որ քաղաքական ուժը ինչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին:

Նշենք, որ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին ՀՀ նախագահի հրամանագիրը դեռևս չի եղել, ուստի ընտրությունների ո՛չ օրը, ո՛չ էլ քարոզարշավի մեկնարկի ժամկետները դեռ  պարզ չեն:

 

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply