ՏՄՊՊՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ դեսպան Ջ. Հեֆերնը բարձր գնահատեց Հանձնաժողովի գործունեությունը
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | February 2, 2012 12:57ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովում տեղի է ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի և Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանի հանդիպումը:
Դեսպանը բարձր է գնահատել մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված Հանձնաժողովի գործունեությունը և ընդգծել, որ այն շատ կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ՀՀ-ում գործող ամերիկյան ընկերությունների և օտարերկրյա ներդրողների համար ընդհանրապես: Հանդիպման ընթացքում ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը դեսպանին ներկայացրեց 2011 թվականին կատարված աշխատանքները` նշելով, որ Հանձնաժողովի գործունեության տեսանկյունից նախորդ տարին եղել է բավականին արդյունավետ:
Ա. Շաբոյանը դեսպանին ներկայացրեց Հանձնաժողովի կայացրած որոշումների վիճակագրությունը` նշելով, որ նախորդ տարիների համեմատությամբ դրանց թիվը մի քանի անգամ ավելացել է: Ա. Շաբոյանը անդրադարձավ նաև նախորդ տարի կատարված օրենսդրական փոփոխություններին` ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս աշխատելու շատ ավելի արդյունավետ:Ջոն Հեֆերնը բարձր գնահատեց Հանձնաժողովի առաջընթացը և կարևորեց մրցակցային հավասար պայմանների ստեղծմանն ուղղված Հանձնաժողովի ջանքերը:
ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ Հանձնաժողովը մեծ ուշադրություն է դարձնում աշխատակիցների վերապատրաստման, ինչպես նաև միջազգային փորձագետների հետ համագործակցության խնդրին, քանի որ շատ հարցերի ուսումնասիրության ժամանակ միջազգային փորձն օգնում է կայացնել ճիշտ և հիմնավոր որոշումներ: Ա. Շաբոյանը դեսպանին տեղեկացրեց , որ Հանձնաժողովը մեծ աշխատանք է տանում նաև հասարակության տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ, որպեսզի վերջինները հստակ պատկերացում կազմեն Հանձնաժողովի գործունեության մասին և հարկ եղած դեպքում թեժ գծի միջոցով (010 54-40-04) իրենց հուզող խնդիրների մասին տեղեկացնեն Հանձնաժողովին:
Հանդիպման ավարտին դեսպանը շնորհակալություն հայտնեց մրցակցությանն առնչվող խնդիրների քննարկման համար և, կարևորելով ՏՄՊՊՀ աշխատանքը, նշեց, որ պատրաստակամ է հնարավորինս աջակցել Հանձնաժողովին` առաջիկա ծրագրերի իրագործման հարցում: Ա. Շաբոյանը ևս իր գոհունակությունը հայտնեց դեսպանին` տարբեր ծրագրերի միջոցով Հանձնաժողովին աջակցելու համար և պատրաստակաություն հայտնեց հետագայում ընդլայնել համագործակցությունը` ի նպաստ մեր երկրի մրցակցային միջավայրի բարելավման:






Facebook
Tweet This
Email This Post
