Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանշանակիրը` ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վիճարկման առաջամարտիկ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | February 2, 2012 11:44

Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը վիճարկվում է Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդում` մի քանի տասնյակ սենատորների եւ ստորին պալատի անդամների դիմումի համաձայն:

Նրանցից առանձնանում է մեկը` Քրիստիան Փոնսլեն, ով 1998-2008թթ. Սենատի նախագահն էր:

Բանն այն է, որ Քրիստիան Փոնսլեն պարգեւատրված է Հայաստանի Հանրապետության բարձրագույն պետական պարգեւներից մեկով` Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով: Այդ պարգեւը նրան 2003թ. հուլիսի 15-ին Փարիզում շնորհել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ բարեկամության ամրապնդման, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խորացմանն ուղղված ջանքերի համար։
Թվում էր, որ նման բարձր պարգեւի արժանացած քաղաքական գործիչը կարող էր առնվազն չեզոք դիրք բռնել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի հարցում եւ չդառնալ դրա վիճարկման առաջամարտիկներից մեկը:

Բայց Քրիստիան Փոնսլեն առաջին անգամ չէ, որ երկիմաստ դիրքորոշում է ցուցաբերում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ: 1999թ. հուլիսին այցելելով Երեւան, նա ասել էր, որ «անցնող դարում շատ արհավիրքներ եղան` նաեւ Հայոց Ցեղասպանությունը, սակայն սա նաեւ հայոց պետականության վերածննդի դար է»: Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ Սենատը չի քննարկում Հայոց Ցեղասպանությունը ճանաչող օրենքը, որն ընդունվել էր Ազգային Ժողովի կողմից, Փոնսլեն ասել էր, որ այս խնդիրը «վաղ թե ուշ ստանալու է իր լուծումը», նշելով, որ երբ «Սենատը ստացավ օրենքը, սկսվեցին Կոսովոյի դեպքերը եւ Ֆրանսիան աննպատակահարմար գտավ քննարկել այն, երբ Բալկաններում պատերազմ է մոլեգնում»:  Միաժամանակ նա հիշեցրել էր, որ դեռ 1982 թվականին Ֆրանսիայի կառավարությանն առաջարկել էր ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

2000թ. փետրվարին Քրիստիան Փոնսլեի ղեկավարած Սենատը կրկին հրաժարվեց քննարկել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող օրենքը, ինչը Հայաստանում դժգոհության մեծ ալիք բարձրացրեց: Նույն թվականի մայիսին Շարլ Ազնավուրը հայտարարեց, որ մերժել է Քրիստիան Փոնսլեի հրավերը` ելույթ ունենալ հուլիսի 14-ին հանդիսավոր ընդունելությանը:

«Եթե ես երգեի Սենատում հուլիսի 14-ին, դա կնշանակեր, որ հրաժարվում եմ իմ ծագումից: Սենատն այդ որոշումը կայացրել է Թուրքիայի սպառնալիքների պատճառով: Բայց միթե՞ Ֆրանսիան այն երկիրն է, որին կարելի է սպառնալ», – ասել էր Ազնավուրը:

Մնում է փաստել, որ Ազնավուրի հարցն արդիական է նաեւ այսօր:

 

Mediamax.am

 

Դիտվել է 756 անգամ:
Print Friendly

Leave a Reply